Բաժիններ՝

Սիրիահայ գործարարը բրենդային ժամացույցները վաճառում է անհավատալի ցածր գնով, սակայն գնորդները քիչ են

Սիրիահայ գործարար Վազգեն Դավուդյանը Սիրիայում իրադրությունը լարվելուց հետո հաստատվելէ Հայաստանումև, չնայած առկա դժվարություններին, միտք չունի հեռանալ այստեղից: Առևտրի ոլորտում անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող Դավուդյանը իր և իր երեխաների ապագան այլևս կապում է հայրենիքի հետ:

«Այստեղ անվտանգ է, ամեն ինչ լավ է, ուր որ երթաս, հայերեն կխոսան»,- 168.am-ի հետ զրույցում հիմնավորում է Դավուդյանը:

Գործարարն անմիջապես արտադրողներից իտալական բրենդային ժամացույցներ և զարդեր է ներկրում և վաճառում «Ռոսիա» ոսկու շուկայում: Մտադիր է «Բուլգարի» ընկերության ներկայացուցիչը դառնալ Հայաստանում: 1.5 տարի առաջ նա ՓՄՁ ԶԱԿ-ից սիրիահայերի համար նախատեսված 5 միլիոն դրամ վարկ է վերցրել, 4% տարեկան տոկոսադրույքով:

«Հիմա ամեն ամիս 95 հազար դրամ եմ վճարում: Պայմանները հարմար է, ոչինչ, դժգոհ չենք: Առևտուր կըլլա, կուտանք,- ասում է Դավուդյանն ու անմիջապես հիշում, որ Սիրիայում վարկը շատ ավելի մատչելի էր, թեև դրա անհրաժեշտությունը չի էլ ունեցել,- Սիրիայում վարկ չէինք վերցնում, որովհետև պետքություն չունեինք, բայց մեր մոտը 2.5%-ով կար»:

Ներկայումս Վ.Դավուդյանի բողոքը միայն առևտրի ծավալներից է. «Էլ մեր գիտցածը չէ: Առաջ «Ռոսիա» մոլը ահագին մարդ կուգար, բայց հիմա չի գար: Անցյալ տարի լավ էր, էս տարի պակսել է առևտուրը: Մտածած էինք, էս նոր մոլերը կազդին վրան, բայց չէ, ադիկա չազդի, պարզապես ժողովուրդ մնացած չէ երկրում: Լսած եմ, որ օրական 10-20 ավտոբուս մարդ դուրս կերթա Ռուսաստան: Էհ, որո՞ւն պիտի վաճառեմ, դուսի եկածի՞ն, ռուսի՞ն, ո՞ւմ պիտի վաճառենք»:

Առևտրի աշխուժության վրա չի ազդում նաև այն, որ բրենդային ապրանքը Դավուդյանը շատ մատչելի է բերում և, եթե այլ խանութներում նույն ժամացույցը վաճառվում է 15-20 հազար դոլարով, նույնը գործարարը վաճառում է 250-700 դոլարով: Գործարարը երաշխավորում է, որ իր ապրանքը կեղծ չէ, անձնական կապերը թույլ են տալիս ցածր ինքնարժեքով ապրանքը հասցնել Հայաստան, իսկ թե ինչպե՞ս է, որ նույն ապրանքը մյուսներն անհամեմատ թանկ են վաճառում, ասում է. «Դա իրենց գործն է: Ցանկացողները կարող են ստուգել և համոզվել, իմ ապրանքս հենց բրենդն է»:

Գործարարը մտադրվել է բանկերի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի ապառիկ գործարքներ կարողանա իրականացնել: «Իմ ապրանքը, շուկային նայելով, էժան է, բայց ժողովուրդը փող չունե, որ առնե, շատ կուզեն առնեն, բայց չեն կըրնար: Որ կրեդիտով տամ, լավ կըլլա, մարդիկ շատ կուզեն առնեն մանավանդ ժամացույցները, բայց միանգամից 600-700 դոլար չունեն, որ առնեն, վստահ եմ՝ կրեդիտով շատ կառնեն: Փորձած եմ, մի քանի հոգու ապրանք տված եմ պարտքով, բայց գնացին, չեկան,- ասում է Դավուդյանն ու ինքն իրեն հուսադրում,- Էհ, լավ կըլլա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս