«Ս. Սարգսյանի հարցազրույցից երևաց՝ Հայաստանում հասկացել են, որ Եվրասիական տնտեսական միությունում առանձնապես մեծ հեռանկար չկա»
«Ես Հայաստանի զարգացման հեռանկարը Եվրասիականության տիրույթում չեմ տեսնում, դա ինձ համար համոզմունք է, և դրա համար ունեմ մի քանի պատճառ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ազատական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Թվարկելով այն պատճառները, թե ինչու չկան ԵՏՄ-ում Հայաստանի զարգացման համար հեռանկարներ՝ քաղաքագետն ասաց. «Նախ, զուտ տնտեսական առումով դա Հայաստանին ձեռնտու միություն չէ, էլ չեմ ասում այն մասին, որ առնվազն տարօրինակ է, որ մաս ենք կազմում միության, որի հետ չունենք ընդհանուր սահման»:
Ըստ Ս. Սուրենյանցի՝ քաղաքական առումով մենք միանում ենք բռնապետների ակումբի, որովհետև Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներ են երկրներ, որոնց նախագահները, մեղմ ասած, չեն փայլում դեմոկրատական իմիջով. «Ցավն այն է, որ նույնիսկ հակառակը, իրենք աչքի են ընկնում խիստ ավտորիտար կառավարմամբ: Ենթադրելի է, որ տնտեսության առումով ոչինչ չենք ստանալու, կլինի վատթարացում, ծառայությունների թանկացում, էլ չեմ ասում, որ մեր կապող օղակը Մաքսային միության սահմանի հետ Վրաստանն է, որը փաստորեն մաքսային այլ զոնայում է: Ժամանակի ընթացքում այս բոլորն առաջացնելու են խնդիրներ»:
Քաղաքագետի համար ամենասարսափելին այն է, որ Մաքսային միության անդամագրվելուց հետո հնարավոր է «երկրում սովետիզացիայի ռեստավրացիան»՝ որպես քաղաքական մշակույթ. «Մարդու իրավունքների սահմանափակումներ, ազատությունների սահմանափակումներ, պատահական չէ, որ Ռուսաստանի դեսպանն արդեն հուշումներ է անում»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ 2 պատճառ կա, որի համար Հայաստանն այդ որոշումը կայացրեց. «Առաջինը՝ տարածաշրջանային միլիտարիզացիայի մակարդակն է: Այսինքն՝ ակտիվ սպառազինությունների մրցավազք է գնում՝ Ղարաբաղի խնդրի կարգավորված չլինելու համատեքստում, և կա անվտանգության խնդիր: Երկրորդ պատճառը՝ սեփական իշխանությունը պահպանելու խնդիրն էր: Այսինքն՝ ռեալ վտանգ կար անցած տարի (մանավանդ ամռանը՝ թեժ ակտիվացումներ էր քաղաքում), որ մոսկովյան ինչ-որ շրջանակներ ապրոբացիա են անում Եվրոասոցիացիայի ճանապարհով գնացող Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու ուղղությամբ»:
Ս. Սուրենյանցը նկատեց, որ արտաքին քաղաքականությունը շատ նուրբ թեմա է, և ինքը չի կարծում, որ Հայաստանն այսօր ի վիճակի է 180 աստիճանով քաղաքականություն փոխել. «Այնպես չի, որ ես հաշտվել եմ այն իրողության հետ, որ Հայաստանը մաս է կազմելու Եվրասիական տնտեսական միությանը, բայց մեկ քայլանոց գործողություններ չեմ պահանջի իշխանություններից, սա ռեալ ու իրատեսական չէ»:
Քաղաքագետը կարծում է նաև, որ ամենամեծ ողբերգությունն այն չէ, որ մենք մաս են կազմելու այդ միությանը, այլ այն է, որ մեզանից ոչինչ կախված չէ. «Նույն վարչապետը 3-4 անգամ ժամկետ է ասել վերջին 2-3 ամսվա ընթացքում, ու, որպես կանոն, բոլոր ժամկետները խախտվել են: Հիմա ասում են հոկտեմբերի 10: Որևէ երաշխիք չկա, դա, ցավոք սրտի, Հայաստանից կախված չէ, որովհետև պարզ չի՝ ինչպես կդասավորվեն՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Բելառուսի և Ղազախստանի հարաբերությունները: Մենք դարձել ենք իրենց հարաբերությունների պատանդը:
Այնպիսի իրավիճակ է Եվրասիական տնտեսական միությունում, որ մենք մեր սուբյեկտայնությունն ընդհանրապես կորցրել ենք: Եվ դա գալիս է Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արած հայտարարության ձևից, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ մեր նախագահին Տիզբոն են հրավիրել, և այնպիսի տպավորություն էր, որ վերջին պահին Պուտինի օգնականի գրած հայտարարությունը դրվեց նրա սեղանին և ընդամենը նա ընթերցում էր այդ հայտարարությունը»:
Ս. Սուրենյանցը շատ դրական է գնահատում նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. «Սա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ մեր երկրի նախագահը հասկանում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դրական է Քերրիի միջնորդությամբ նախագաների հանդիպումը, որովհետև սա հույս է տալիս ենթադրելու կամ պնդելու, որ Ռուսաստանի ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը փոխելու, դատապարվել են ձախողման: Սա հստակ ազդակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանվելու է, իսկ դա առավելապես բխում է Հայաստանի շահերից, որովհետև այդ խմբում բալանսը պահպանված է: Ըստ ամենայնի՝ Հայաստանում էլ հասկացել են, որ Եվրասիական տնտեսական միությունում առանձնապես մեծ հեռանկար չկա: Դա հասկանալի էր դեռևս «Բազե» ճամբարում Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից, որտեղ նա շատ իմիջայլոց էր խոսում Եվրասիական տնտեսական միության մասին»,- նշեց քաղաքագետը: