«Այս համակարգը կեղեքման համակարգ է, այն պետք է պարալիզացնել». «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները տեղեկացրին իրենց հաջորդ երթի մասին, որն այս անգամ սկսվելու է Երևանից և շարժվելու դեպի մարզեր:
Նախաձեռնության անդամներ Վարդան Հակոբյանը, Արմեն Եփրեմյանը և Արսեն Պետրոսյանը` ներկայացնելով երթի մանրամասները, ասացին, որ այն մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Ավանի «Ֆորդ» մեքենաների սրահի մոտակայքից.
«Մեր երթը կանցնի Կոտայքի մարզով, Աբովյան քաղաքով, Բյուրեղավանով, Չարենցավանով և կհասնի մինչև Սևան: Հետո մենք կունենանք հաճելի ժամանց Սևանի հանրային լողափում: Կարծում եմ` ամբողջ տարին պայքարելով թեժ օջախներում` մենք իրավունք ունենք մի փոքր հանգստանալու թե՛ պայքարողներով և թե՛ լրագրողներով: Այս անգամ երթն անցկացնում ենք նաև մարզերում, քանի որ իրազեկելու խնդիր ունենք, մենք ցանկանում ենք մարզերի բնակիչներին էլ իրազեկել գործընթացին և կոչ անել, որ չվճարեն հակասահմանադրական կարգով եկած այդ տուգանքները:
Մենք ունենք հեռախոսահամարներ` 095 95 62 30, 099 95 62 30, որոնց կարող եք զանգահարել, մեր իրավաբանները պատրաստ են բողոքարկել ձեր ակտերը և նույնիսկ եթե դուք վստահ եք, որ խախտում եք արել, ապա մեր իրավաբանները գտնում են այն կետերը, որոնց արդյունքում պարզվում է, որ դուք ծուղակի զոհ եք: Այնպես որ՝ սա ակցիա է, պետք է ողողել հանրային դատարանները բողոքարկման ակտերով, քանի որ այս համակարգը կեղեքման համակարգ է, այն պետք է պարալիզացնել»:
Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության առաջին երթը եղել է մայիսի 25-ին, նրանք այսկերպ պայքարում են ճանապարհներին տեղադրված արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի դեմ: Նրանց կոչն է` կարմիր գծերի տոտալ վերացում, համաներում և տուգանքների գործածման սառեցում` մինչև նոր օրինակարգ: Այժմ նրանք շեշտված ակնկալում են համաներում:
Վարդան Հակոբյանի խոսքով` երեկ Ավտոտեսչությունը հրապարակել էր տվյալներ, որոնցով փորձում էր արդարանալ, որ իր ներդրած մեխանիզմներն արդյունավետ են և ի շահ անվտանգ երթևեկության, բայց ծանոթանալով այդ տվյալներին` պարզվում է, որ այդ ներդրման արդյունքում 221 դեպքով ավելացել է վթարների թիվը և 346 մարդ ավելի է վիրավորվել, քան անցած տարի.
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետևանք ունեն այդ տեսախցիկներն ու արագաչափերը վթարների ավելացման և վիրավորների քանակի ավելացման գործում: Այս տվյալները ցույց են տալիս, որ մեքենայով շրջող ոստիկանը շատ ավելի մեծ դեր ունի որպես զսպման մեխանիզմ, քան այդ արագաչափերը, որոնք ընդամենը մեր գրպաններից գումարի կորզման մեխանիզմներ են»:
Արսեն Պետրոսյանի խոսքով` նորից շարունակում են ուժի մեջ մնալ իրենց ներկայացրած պայմանները. «Իհարկե, հուլիսի 26-ին նոր կանոնակարգով որոշ չափով մեղմվեցին տուգանքների չափերն ու պայմանները, բայց մենք դրանով բավարարված չենք: Մեր պայմաններից ամենաառաջնահերթն այս պահին համաներումն է այն տույժերի և տուգանքների, որոնք սահմանվել էին մինչև հուլիսի 26-ը: Այդ տուգանքներն այժմ գերազանցում են անգամ մարդկանց վարկերի և պարտքերի չափերը և դեռ շարունակում են գալ: Այդ մարդիկ այժմ շարունակում են երթևեկել քաղաքում, և ստացվում է այնպես, որ քաղաքացիներն արդեն արհամարհում են այդ տուգանքները, քանի որ տարիներով էլ որ աշխատեն, չեն կարողոնա մարել այդ գումարները»:
Արսեն Պետրոսյանն էլ ասաց, որ փոխարեն կարգավորեն անվտանգ և հարմարավետ երթևեկություն ապահովելու պայմանները ճանապարհներին, մտածում են՝ ինչպես անել, որ գումար կորզեն վարորդներից.
«Երևան քաղաքում երթևեկությունը մատչելի չէ վարորդների համար: Դա փաստ է. խաչմերուկներում բացակայում են նշանները, չկա լուսացույցները ճիշտ գործունեություն և այլն: Ստացվում է, որ խաչմերուկներում տեղադրված այդ տեսախցիկները որպես ծուղակ են ծառայում` մարդկանց տուգանելու համար»: Ըստ Վարդան Հակոբյանի` ամենախոցելի տեղը կարմիր գծերն են, և դրանք բացարձակապես հակասահմանադրական են.
«Առհասարակ, տուրքը որոշակի ձևակերպում ունի` տուրքը կատարվում է որոշակի ծառայության դիմաց, իսկ կարմիր գծերի պարագայում ոչ մի ծառայություն չկա, հետո էլ` Կառավարությունը 2009թ. սահմանել է, թե ինչ է նշանակում վճարովի կանգառ` այն ունի ապահով մուտք և առանձին ապահով ելք: Դա չի նշանակում, որ եթե դուք կարմիր գույնով ներկեցիք, դա արդեն կանգառ է: Այսինքն` նրանք ոչ մի օրենսդրական հիմք չունեն դատական կարգով մեզանից կորզելու այդ գումարները»:
Նախաձեռնության անդամների խոսքով` մարդիկ հետևում են իրենց կոչին, չեն վճարում, բերում են իրենց ակտերը բողոքարկելու և 80-ից ավելի հայտ արդեն դատարաններում է. «Այն ընթացքում, քանի դեռ չկա դատարանի որոշումը, այդ մարդիկ ազատվում են որոշակի տույժ-տուգանք կրելուց, այսինքն` նրանք չեն տուժում բողոքարկելու դեպքում: Եթե նույնիսկ նրանք ստիպված լինեն տուգանքները վճարել դատարանի որոշմամբ, ապա նրանք այդ գումարները կվճարեն դատարանի որոշումից հետո: Այսինքն` ոչ ոք չի տուժում, ընդամենը դատարանները ստիպված են լինելու այդ գործերը քննել, և ես համոզված եմ, որ այդ 80-ից մոտավորապես 70 հայտը բավարարվելու է»,- ասաց Վարդան Հակոբյանը: