ԲՀԿ մամուլի խոսնակին զարմացնում է Քոչարյանի վերադարձի մասին հարցի ծագման անհրաժեշտությունը
Հնարավո՞ր է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը ինչ-որ պահի մտնի ոչ իշխանական չորս ուժերի («Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Դաշնակցություն)` Քառյակի օրակարգ: Այս հարցը կրկին դարձել է քննարկման առարկա հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում և մամուլում` հատկապես Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո:
Ելնելով Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից` վերլուծությունները գլխավորապես հիմնվում են այն փաստի վրա, որ քառյակի անդամներից ԲՀԿ-ն և Դաշնակցությունը ժամանակին մաս են կազմել Քոչարյանի իշխանությանը, ուստի չի բացառվում, որ այդ ուժերը դեմ չլինեն երկրորդ նախագահի վերադարձին:
Այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հարցադրմանը, ասաց, որ դա իր կոմպետենտության հարց չէ, որովհետև իրեն «զարմացնում է հարցի ծագման անհրաժեշտությունը»:
Մեր նկատառմանը, թե «հարցի ծագման» պատճառներից մեկը կարող էր լինել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը` օգոստոսի 31-ին, ԲՀԿ-ին հարող «Կենտրոն» հեռուստաալիքով երկրորդ նախագահի գործունեությունը գովաբանող «Քոչարյանական ժամանակներ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, Տիգրան Ուրիխանյանը հղում արեց այդ ֆիլմի վերաբերյալ իր մեկնաբանությանը:
Այդ մեկնաբանությունում ԲՀԿ մամուլի խոսնակը մասնավորապես ափսոսանք է հայտնել, որ «մեր հասարակության մեջ այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորված, որ ցանկացած նման դեպք հիվանդագին ռեակցիաներ է առաջացնում», և ավելացրել, որ ԲՀԿ-ն և «Կենտրոն» հեռուստաընկերությունը որևէ առնչություն չունեն ֆիլմի ստեղծման հետ:
Նշենք, որ Քոչարյանի հնարավոր վերադարձի հարցին անդրադարձել են նաև քառյակի մեջ ընդգրկված մյուս ուժերի ներկայացուցիչները: Մասնավորապես, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, որ «քառյակի հարաբերություններում, քառյակի ծրագրի մեջ, քառյակի օրակարգում «Ռոբերտ Քոչարյան» երևույթ գոյություն չունի»:
ԲՀԿ մամուլի խոսնակը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել այս հայտարարությունը` կրկնելով իր միտքը. «Ես որևէ նոր ասելիք չունեմ, բացի նրանից, որ հարցի ծագման անհրաժեշտությունը ինձ զարմացնում է, և ես չեմ պատրաստվում ներքաշվել ուղղորդվող խոսակցությունների մեջ, քննարկել դրանք կամ մեկնաբանել: Դրա մասին խոսել եմ հանգամանալից»: