Հայաստանում բացահայտվել է նոր «Պոզեր և սմբակներ» ընկերություն

Չեն փոխվում հայ պաշտոնյաները, ոչ մի կերպ չեն փոխվում: Նրանց միակ երազանքն ու զբաղմունքը պետական բյուջեի գումարների անարդյունավետ օգտագործումն է: Անարդյունավետ՝ պետության համար, բայց խիստ արդյունավետ՝ սեփական անձի ու բարեկեցության համար: Սեպտեմբերի 2-ին ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2013թ. հաշվետվության որոշ մանրամասներ: Ինչպես և պետք էր սպասել, հաշվետվությունից պարզվում է, որ պաշտոնյաներն ինչ-որ կեղծ տեղեկանքներ են գրում, դրանցով մարդիկ նպաստներ են ստանում, կամ հիվանդներին գրանցում են որպես ամբուլատոր բուժում ստացող, իսկ նրանք այդ նույն ժամանակ իրենց տանն են, կառուցվում են անորակ գազատարներ կամ Համաշխարհային բանկից վերցված վարկով 700 հեկտար այգի տնկելու փոխարեն՝ տնկվում է ընդամենը 4-ը:

Ընդհանրապես պետական կառավարման գործունեությունը դարձել է իսկական սպառնալիք պետության համար: Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության՝ բազմաթիվ են դեպքերը, երբ որպես նպաստառու՝ անվճար բժշկական սպասարկում են ստացել մարդիկ, ովքեր Սոցիալական ապահովության տարածքային գրասենյակներից ստացել են կեղծ տեղեկանքներ, տեղեկանքը տրվել է նպաստառու չհանդիսացող անձի, ՍԾՏԳ-ի կողմից տրվել է իրականից բարձր անապահովության միավորի վերաբերյալ տեղեկանք, կամ տեղեկանքը տրվել է այլ անձի անունով:

Զաքարյանն ասում է, որ իրենք ընտրանքային ստուգում են անցկացրել և այդ ստուգման արդյունքում հայտնաբերել են 25 միլիոն դրամից ավելի խախտում:

Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել Առողջապահության նախարարության Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Այստեղ էլ պարզվել է, որ մարդկանց ձևակերպել են որպես հիվանդանոցում բուժում ստացող, մինչդեռ նրանք այդ բուժումը ստացել են տանը:

Օրինակ, մի դեպքում գրանցվել է, որ քաղաքացին հիվանդանոցում 151 օր է անցկացրել, մինչդեռ նա հայտարարել է, որ հիվանդանոցում է եղել միայն 7 օր: Եվ այս քաղաքացու ստացիոնար բուժման համար պետբյուջեն վճարել է 1 մլն 281 հազար դրամ: Կան դեպքեր, երբ հիվանդները նույնիսկ մեկ օր չեն անցկացրել հիվանդանոցում, մինչդեռ նրանց ամբուլատոր բուժման համար հարյուր-հազարավոր դրամներ են վճարվել բյուջեից:

Իշխան Զաքարյանը պատգամավորներին ցույց է տալիս լուսանկարներ, որտեղ երևում են ժանգոտված ու քայքայված գազատարներ: Դրանք «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից կառուցված գազատարներն են, որոնցով այդպես էլ գազամատակարարում չի իրականացվել, քանի որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դրանք չի ընդունել: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազմատակարարման համակարգի կառուցման համար ծախսվել է 613 միլիոն դրամից ավելի գումար, բայց այդ գյուղերն այդպես էլ գազ չեն ստացել և երբեք էլ գազ չեն ստանա, քանի որ, ինչպես հայտնի է՝ գազը խողովակներով անիմաստ է անցկացնել, այն ուղղակի օդ կբարձրանա:

Բայց Վերահսկիչ պալատը մի ավելի հետաքրքիր բացահայտում է կատարել. Նա, ըստ էության, հայտնաբերել է Օստապ Բենդերի հիմնած «Պոզեր և սմբակներ» ընկերության կրկնօրինակը Հայաստանում, միայն թե՝ «Հայկական միրգ» անվանումով: Միակ տարբերությունն այն է, որ եթե Օստապ Իբրահիմովիչը խիստ սահմանափակ ախորժակ ուներ և ցանկանում էր ունենալ ընդամենը 1 միլիոն ռուբլի, ապա այս գրասենյակի կողմից իրացված միջոցների քանակն անցնում է 13 միլիոն դոլարից, որ Համաշխարհային բանկից վերցված վարկային միջոցներ են:

«Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրությանը» շատ խոսուն անվանումով ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Հայկական միրգ» ԲԲ ընկերությունը, որը ամբողջովին պետական է: Այս ընկերության բյուջեն կազմել է 13,5 միլիոն դոլար, որով պետք է հիմնվեին 700 հա ծիրանի, դեղձի և ընկուզեղենի այգիներ: Թե ինչպես է իրականացվել ծրագիրը՝ պարզել է ՎՊ-ն:

2011թ. հունիսին ծրագրի ղեկավար խորհուրդը որոշել է ի սկզբանե նախատեսված 700 հա այգիների փոխարեն ստեղծել 306 հա, սակայն բյուջեն թողել են անփոփոխ: Սակայն, չբավարարվելով այս կրճատումով, 2012թ. այս թիվը ևս կրճատվել է և որոշվել է 2013թ. նախատեսված 148 հա-ի փոխարեն հիմնել 43,6, իսկ 2014թ. նախատեսված 158 հա-ի փոխարեն՝ 45 հա: Բայց ստուգման արդյունքում պարզվել է, որ իրականում հիմնվել է 4 հեկտարից մի փոքր ավելի այգի, այն էլ՝ առանց ոռոգման համակարգի և հակակարկտային ցանցապատման, որը նախատեսված է եղել ծրագրով: Ծրագրից հանվել է ծիրանի այգիներ հիմնելու գաղափարը, իսկ ընկուզենու այգիների հիմնումն ընդհանրապես տրագիկոմեդիա է:

Իտալիայից ձեռք է բերվել 10 հազար հատ ընկույզի պատվաստանյութ՝ 16,5 միլիոն դրամ արժեքով, իսկ Հայաստանում՝ 10 հազար ընկուզենու տնկի՝ այդ պատվաստանյութերով պատվաստվելու համար: Իտալիայից հատուկ հրավիրվել է պատվաստում իրականացնող փորձագետ, սակայն նրա գործունեությունը փորձանք է դարձել ընկուզենիների համար.10 հազար պատվաստանյութն էլ փչացել է, փչացել է նաև 3640 ընկույզի տնկին:

Բայց չնայած դրան՝ իտալացի փորձագետին վճարվել է 6,4 միլիոն դրամ աշխատավարձ: 2013թ. «Հայկական միրգ» ԲԲԸ-ն իրականացրել է 1 մլն 146 հազար դոլարի ծախս, որից 785 հազարը կազմել են ընկերության գրասենյակային ծախսերը:

Զավեշտն ավելի է մեծանում, երբ պարզվում է, որ այս ընկերությունը Հայաստանում ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ հիմնելու և ծրագրին աջակցելու համար պայմանագիր է կնքել Զիմբաբվեի գրանցում ունեցող «Մաքֆերսոն քոնսալթինգ գրուպ» ընկերության հետ`462 հազար դոլար արժեքով:

Զիմբաբվեում նշված ծառերից ոչ մեկը չի աճում, և այսօր Զիմբաբվեի գյուղատնտեսությունը համարվում է աշխարհի ամենահետամնացն ու քայքայվածը՝ այդ երկրում սպիտակ ֆերմերների նկատմամբ սկսված հետապնդումների պատճառով:

Ինչպես տեսնում եք՝ սա ֆանտաստիկայի ոլորտից չէ, այլ միանգամայն իրական ու պետական մի մարմնի կողմից բացահայտված ու փաստարկված: ՎՊ-ն առաջիկայում իր ստուգումների ամբողջ ցանկը կներկայացնի ԱԺ լիագումար նիստում:

Պատգամավորները գլուխները կտարուբերեն ու զարմացած կհարցնեն, թե ինչպե՞ս կարող էին այսպիսի բաներ կատարվել Հայաստանում: Իրոք որ զարմանալի է. բոլորը խոսում են երկրի հանդեպ մտահոգությունից, ազնվությունից ու գործի հանդեպ ունեցած նվիրվածությունից, բայց պարզվում է, որ ամենուրեք գողանում են ու վատնում:

Տեսանյութեր

Լրահոս