
Օբաման ու Քեմերոնն անհրաժեշտ են համարում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայությունը

The Times թերթում երեկ հրապարակած համատեղ հոդվածում ԱՄՆ նաախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ են արտահայտվել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության ապահովմանը:
Հոդվածը հրապարակվել է այսօր Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից անմիջապես առաջ: Օբաման ու Քեմերոնը հայտարարել են, որ իրենք պետք է Ռուսաստանին ցույց տան, որ մշտապես պահպանելու են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որն առնչվում է հավաքական պաշտպանությանը:
Դրանում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի երկրների վրա կատարված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ: Օբաման ու Քեմերոնը կողմ են արտահայտվել արագ արձագանքման միջազգային ուժերի ստեղծմանն ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կոչ են արել մեծացնել պաշտպանական ծախսերը: