
Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀՕՊ-ի զորքերի ու ավիացիայի պլանային վարժանքները մեկնարկել են Աշուլուկի, Կապուստին Յարի զորավարժարաններում ու Կասպից ծովում: Զորավարժություններում ներգրավված են նաև Կասպից ծովի ռազմանավերը:
Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Այդ վարժանքների ժամանակ մշակվելու են պայմանական հակառակորդի հրթիռային ու ավիացիոն հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ և ուսումնական կրակոցներ են կատարվելու C-400 «Տրիումֆ» նորագույն զենիթա-հրթիռային համալիրներից (ԶՀՀ):
Բացի այդ, ուսումնական նապատակներով կիրառվելու են նաև «Պանցիր-Ս1» ՀՕՊ-ի համակարգեր, «Բուկ-Մ1» ԶՀՀ, «Տոր-Մ1» համակարգեր և «Տունգուսկա» սարքեր: Զորավարժություններում ներգրավված են նաև մի շարք ինքնաթիռներ ու ուղղաթիռներ՝ «Սու-27», «Սու-24Մ», «Սու-25», «Մի-28Ն», «Մի-35», «Մի-8»:
Զորավարժությունները կտևեն մինչև շաբաթվա վերջ: Դրանք ղեկավարում է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը: