Ֆրանսիան հրաժարվել է Ռուսաստանին հատկացնել «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարությունը հրաժարվել է Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրներից առաջինը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմը:
Վերջինս ընդգծել է, որ ռազմանավի մատակարարման համար ներկայումս ստեղծված չեն անհրաժեշտ պայմաններ: Դա մասնավորապես կապված է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հետ, որից ելնելով էլ Ֆրանսիան հնարավոր չի համարում առաջին ռազմանավի մատակարարումը:
Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալ» տիպի ռազմանավերի մասին պայմանագիրը ստորագրել են 2011 թվականին: Այդ գործարքը դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքի հետ Ռուսաստանի առաջին ռազմական գործարքը: Այն գնահատվել է 1.2 միլիարդ եվրո:
«Միստրալ» տիպի առաջին նավ «Վլադիվոստոկը» պետք է Ռուսաստանին հատկացվեր 2014 թվականի հոկտեմբերին, իսկ երկրորդ նավ «Սևաստոպոլը» 2015 թվականին պետք է Ղրիմում համալրեր ՌԴ Սևծովյան նավատորմը: