
Ռուսաստանը պատժամիջոցներից շատ առաջ է դադարեցրել Ավստրալիայից ուրան ներկրելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2012 թվականից ուրան չի ներկրում Ավստրալիայից և այդ հարցով որևէ շփում չունի Կանբեռայի հետ: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ներկայացուցիչը:
Վերջինս այդ մասին հայտարարել է այն բանից հետո, ինչ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են ուրանի արտահանումը Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ:
«Ռոսատոմի» ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանին ավստրալական ուրանի (10 տոննայից քիչ ավելի) միակ մատակարարումն իրականացվել է 2012 թվականին, ինչն էլ պետական կորպորացիայի ձեռնարկություններից մեկում հարստացվել է մինչև էներգետիկ մակարդակի (մինչև 5 տոկոս):
Ռուսաստանին ուրանի մատակարարումները դադարեցնելուց բացի, Ավստրալիան արգելել է նաև մատակարարել սպառազինություն ու նավթագազային ոլորտի համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև արգելք է դրել ավստրալական կապիտալի շուկայում ռուսական պետբանկերի մուտքի վրա և Ղրիմում ներդրումներ անելու կամ նրա հետ առևտուր անելու վրա: