Անահիտ Բախշյանին ձայնի հնարավորություն չտվեցին տնօրենների խորհրդակցության ժամանակ
Այսօր Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունից հետո, որի մասին արդեն հայտնել ենք, զրուցեցինք հանդիպմանը ներկա գտնված Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ:
Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը շատ կարևոր էին, բայց նույնը չի կարելի ասել հնչած պատասխանների վերաբերյալ.
«Տնօրենները իրավացիորեն բարձրաձայնեցին ուսուցիչների թափուր տեղի համար հարցը, որը թեև օրենքով ամրագրված է, բայց չափազանց ձևական բնույթ է կրում: Ասենք, մրցույթը հայտարարված է, բայց դասը պարապում է ժամանակավոր փոխարինողը, իսկ դրա համար նկատողություն է արվում՝ փոխանակ շնորհակալություն հայտնեն, որ դասերը պարապուրդի չեն վերածել:
Ինձ թվում է՝ օրենքում փոփոխություն պետք է արվի: Աշխատանքային օրենսգիրքը գործատուին տալիս է հնարավորություն երեք ամիս փորձաշրջանով աշխատողին ընդունել: Տնօրենն էլ կարող է ցանկացած մեկին երեք ամիս փորձաշրջանով ընդունել, և եթե բավարարվեն պահանջները, կընդունի, ոչ՝ ուրեմն ոչ: Մեր երկրում այդ թափուր տեղի համար մրցույթը չի գործում: Այս հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց, ավելին՝ մեր ԿԳ փոխնախարարը տնօրեններին ասաց, որ եթե անգամ տեսչությունը դա նկատում է, և դուք դրա համար տույժ եք ստանում, բանի տեղ մի դրեք: Ախր այսպիսի բան ինչպե՞ս կարելի է:
Շատ կարևոր և հրատապ հարց բարձրացվեց դասագրքերի վերաբերյալ: Դասագրքերի շրջանառու հիմնադրամը երբ ստեղծվեց 14 տարի առաջ, այն ժամանակ դա մի ձև էր, որ օգներ դպրոցին և ծնողին ձեռք բերել դասագրքեր և ծնողը 4 տարվա ընթացքում մուծում էր դասագրքի ինքնարժեքը:
Իսկ հիմա քանի որ դասագրքերի համար հավաքված գումարը չի բավարարում դասագրքի ինքնարժեքը ծածկելուն և այդ բիզնեսն այլևս շահութաբեր չէ, արդեն դասագրքերը ոչ թե 4 տարին մեկ, այլ 5 տարին մեկ անգամ են լույս տեսնում: Դե պատկերացրեք, թե 5 տարվա ընթացքում ինչ վիճակի է հասնում, և ծնողը չի ուզում այդ գիրքը երեխայի ձեռքը տա:
Դա առաջին հերթին հակահիգիենիկ է, և ստիպված սև շուկայից են գնում այդ դասագրքերը: Շատ ճիշտ առաջարկ արվեց, որ դասագրքերը վաճառեն խանութներում, թող մարդիկ գնան առնեն, իսկ պետությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար 120 մլն դրամ տարեկան գումար է հատկացնում դասագրքերին: Էլի թող հատկացնեն, բայց թող ամեն տարի հրատարակեն, մարդիկ էլ նորմալ վիճակում գնան գնեն այդ գրքերը: Այս հարցի պատասխանը ևս պարզապես չհնչեց փոխնախարարի կողմից:
Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը մի կարևոր հարցի մասին էլ խոսեց, որ տնօրեններն իրավացիորեն գրել էին, թե իրենք մի քանի տիրոջ ծառա են, և իրենց որպես գլխաքանակ ուղարկում, օգտագործում են տարբեր հավաքներին: Սրա համար Արամ Սուքիասյանն ինքն էլ ներողություն խնդրեց: Այո, իրավացի են տնօրենները, չի կարելի դպրոցի հետ այդպես վարվել, անթույլատրելի է զանգել դպրոցի տնօրենին և ասել՝ այսօր այսինչ տեղում այսքան մարդ պիտի բերես, և կարևոր չէ՝ դա ինչ միջոցառում է. գլխաքանակ որտեղ պետք է, այդտեղ հիշում են դպրոցին: Մեր տնօրենները հեռախոսները պետք է ցած դնեն և ասեն՝ չեմ գալու, ով ուզում է՝ զանգի: Եթե բոլորն այդպես անեն, վերնախավը ոչինչ չի կարողանա անել:
Հանդիպման ժամանակ բարձրացվեց նաև այն հարցը, որ հասարակության շրջանում ընկած է ուսուցիչների հեղինակությունը: Ես սրա հետ միանշանակ համաձայն եմ: Սրանում առաջին հերթին Կառավարությունն է մեղավոր: Կառավարությունն ուսուցչի աշխատանքն այնքան չնչին է գնահատում, որ ուսուցիչը վիրավորված մտնում է դասարան և կարող է նաև մոռանալ, թե ինչի համար է մտել. նրանց ներսում այնքա՜ն նեղվածություն և խռովվածություն կա: Այն շողոքորթ խոսքերը, որ այսօր լսեցինք ուսուցիչների և տնօրենների հասցեին, այդպես չէ իրականում: Ինչպես Կառավարությունն ինքն է հեղինակազրկված, այնպես հեղինակազրկված էլ պահում է ուսուցչին:
Ես ինքս լավատես մարդ եմ, բայց նաև իրատես: Որպես կրթության ոլորտի մարդ՝ ես չեմ տեսնում քայլ, որն այս ուսումնական տարում պիտի կրթության որակը բարձրացնի: Ես ուզում եմ հատուկ նշել, որ Մանուկ Մկրտչյանը, լինելով նաև Գիտելիքների և Թեստավորման կենտրոնի(ԳԹԿ) կառավարման խորհրդի նախագահը, որևէ նորություն չի մտցնում այդ ոլորտում: Ես անգամ այսօր առավոտյան բացել եմ ԳԹԿ-ի կայքը և այնտեղ ոչ մի նորություն կրկին չկար: 2013 թվականից այն կողմ ոչ մի նոր բան տեղադրված չէ, այսինքն՝ 2014 թ. ո՞ւր են գնացել, ո՞ր մարզերում, ո՞ր դպրոցներում են գիտելիքների ստուգում անում՝ չկա այնտեղ:
Իսկ երբ Գիտելիքների և թեստավորման կենտրոնը ստեղծվեց, ես շատ մեծ հույս ունեի, որ այն կլինի մի անկախ մարմին, կգնահատի երեխաների գիտելիքները և առաջարկություններ կանի Կառավարությանը, թե ինչը փոխել, ինչպես փոխել, որ կրթության որակը լավանա:
Ի դեպ ես այսօր խորհրդակցության ժամանակ փոքրիկ թղթի վրա գրեցի, որ խոսք եմ խնդրում, բայց չստացա այդ ձայնը: Արդեն պարզ է, թե ինչու ինձ ձայնի հնարավորություն չտվեցին. հավանաբար որպեսզի այսքանը չասեմ: Հայտարարեցին խորհրդակցությունն ավարտված և վերջ»: