Ընդամենը պետք է ապրել հավերժ

Բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ֆեյսբուքյան գրառումները, որպես կանոն, արդարացնում են ֆեյսբուքում անցկացրած կամ, ավելի ստույգ, կորցրած ժամանակը. դրանք մեկը մյուսից շքեղ են: Վերջերս կարդացի հերթականը, որը բառացիորեն չեմ կարող մեջբերել, քանի որ կարճ ժամանակ անց այն արդեն չկար: Միտքը սա էր՝ Նոբելյան մրցանակն առավել հայտնի է նրանով, որ չի հանձնվել Բորխեսին:
Իրո՛ք, ինչո՞ւ Բորխեսին չեն շնորհել Նոբելյան մրցանակ: Թեև Ավագ Եփրեմյանի գրառմանը համահունչ՝ այս հարցն ավելի տրամաբանական և արդար կհնչի այսպես՝ ինչո՞ւ Բորխեսի անունը չի շնորհվել Նոբելյան մրցանակին: Իրո՛ք, ինչո՞ւ:

Նայեցի գրողի կենսագրությունը, պարզվեց, որ 1976թ. նրա անունը Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում կար (ընդ որում, մրցանակը Բորխեսը պիտի կիսեր մեկ այլ հավակնորդի՝ Վիսենթե Ալեյսանդրեի հետ): Այդ նույն ժամանակ հայտնի է դառնում, որ Պինոչետի կառավարությունը պատրաստվում է Բորխեսին հանձնել Չիլիի ամենահեղինակավոր՝ Բերնարդո Օ՝Հիգինսի (Չիլիի ազգային հերոս, գեներալ) շքանշանը: Բորխեսը նախազգուշական զանգ է ստանում. Պինոչետի կողմից հանձնված շքանշանն ընդունելով՝ կզրկվի Նոբելյան մրցանակից: Բորխեսը շքանշանն, այդուհանդերձ, ընդունում է:
Սա՝ այսպես:

Իսկ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը վաղուց արդեն հասարակական գիտակցության մեջ ընկալվում է ոչ թե սոսկ որպես ամենակարևոր մրցանակ: Խոշոր հաշվով, Նոբելյան մրցանակը համաշխարհային ճանաչման հոմանիշն է: Անկախ նրանից՝ այս ընկալումը մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:

Նոբելյան մրցանակի հավակնորդների և հնարավոր հաղթողի թեման չափազանց տենդագին է քննարկվում: Շատ արժանիներ չարախնդում են. «Հիմա ում ասես՝ չեն տալիս Նոբելյան մրցանակը»: Կամ՝ «Դա էլ է քաղաքականություն: Հենց սկզբից հայտնի է, թե ո՛ր ազգության ներկայացուցիչներին է տրվում առաջնահերթությունը՝ մրցանակներ հանձնելիս», և այլն:

Մեր շատ գրողներ հաճույքով են կատակում Նոբելյան մրցանակի թեմայով: Բանաստեղծ ամուսինների ՝ հաճախ՝ խիստ յուրօրինակ և, իբրև կանոն, անփող լինելու հանգամանքից՝ գրողների կանանց վերագրում են Քսանթիպայի բարդույթը: (Սոկրատեսի կինը, որն այնքան էլ չէր հաշտվում փիլիսոփա ամուսնու տարօրինակությունների հետ, որի ուսերին էր ընտանիքի ողջ բեռը, փնթփնթում էր: Նրա մյուս արժանիքների մասին պատմությունը լռում է՝ հիշատակելով միայն նրա անհաշտ ու փնթփնթան բնավորությունը: Ի դեպ, Քսանթիպան իր փիլիսոփա ամուսնուն համարում էր եզակի անբան ու դատարկախոս): Գրողներն էլ փորձում են խաղաղեցնել ու հուսադրել իրենց սիրելի կանանց. «Սպասիր մի փոքր, կստանամ Նոբելյան մրցանակ, ու մենք կվերանորոգենք մեր լոգասենյակը»:

Կանանց պիտի որ նման կատակները դուր չգան: Քանի որ դա նշանակում է. «Սիրելիս, մինչև մեր համատեղ կյանքի վերջը չենք կարողանա նորոգել անգամ ծորակը»:
Այնպես չէ, որ յուրաքանչյուր գրող իրեն մտովի չի պատկերացնում Նոբելյան մրցանակակրի դերում և մտքում բեմից, ի լուր աշխարհի արտասանված շնորհակալական տեքստի մի քանի տարբերակ չունի: Ահա ինչու՝ երբ հնչում է մրցանակակրի անունը, շատերն են կատաղում. «Ինչպե՞ս, այդ ոչնչությո՞ւնը»:

Բոլոր այն գրողները, որոնց շրջանցել է բոլոր ժողովուրդների ու ժամանակների մեծագույն պարգևը՝ Նոբելյան մրցանակը (իսկ այդպիսի գրողները, եթե նկատել եք, մեծամասնություն են), մխիթարվում են նրանով, որ իրենց կարող են դասել այն հանճարեղ գրողների շարքին, որոնք ևս չեն արժանացել մրցանակին: Այս դեպքում խիստ տեղին է նշել Բորխեսի անունը: Նաև Նաբոկովի:

Ի դեպ, քչերը գիտեն (ինքս էլ տակավին վերջերս եմ իմացել), որ երկու անգամ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել նաև Լև Տոլստոյը՝ 1902-ին և 1905-ին: Եվ երկու անգամ էլ կոմիտեն… մերժել է: Հիմնավորումն այսպես է ձևակերպված՝ «Տոլստոյի շատ գործերի հանդեպ մեծագույն հիացմունքով հանդերձ՝ պետք է հարց տանք՝ որքանո՞վ է առողջ գրողի իդեալիզմը, երբ նրա հատկապե՛ս հրաշալի ստեղծագործության՝ «Պատերազմ և խաղաղության» մեջ պատմական իրադարձություններում այնքան մեծ դեր է վերապահված կույր պատահականությանը»:

«Կրեյցերյան սոնատ»-ում ևս ինչ-որ բան չէր ձգում Նոբելյանին՝ «դատապարտվում է ամուսինների մերձեցումը, իսկ նրա որոշ գործերում մերժվում է ոչ միայն Եկեղեցին, այլև պետությունը, անգամ մասնավոր սեփականության հանդեպ իրավունքը, որից ինքն անձամբ այնքան անմիջականորեն օգտվել է, վիճարկվում է ժողովրդի և ինդիվիդուումի ինքնապաշտպանության իրավունքը»:

Այսինքն՝ Նոբելյան չստացած գրողները հանգիստ կարող են ասել՝ «Ես, Տոլստոյն ու Բորխեսը չենք ստացել այդ անիծյալ մրցանակը, որը բաժին է հասնում Աստված գիտի՝ ում»:

Եթե գրողների անհանգստությունը, լարվածությունը Նոբելյան մրցանակի հանձնման ընթացքում կարելի է հասկանալ (հատկապես, երբ իրենք ամենևին հավակնորդների ցանկում չեն), ապա զարմանալի է մեր՝ ընթերցողներիս, անհամբերությունը՝ իմանալ՝ ո՞վ է ՆԱ այս տարի: Ո՞ւմ գրքերը պիտի գրախանութներից սպառվեն նույն արագությամբ, ինչ (թող ներեն Բորխեսն ու Տոլստոյը՝ համեմատության համար) Կոելիոյի «Ալքիմիկոսը»:

Հասկանալի է, յուրաքանչյուրս ցանկանում ենք իմանալ՝ ո՞վ է այս տարի գլխավորը: Ինչ խոսք, Նոբելյան մրցանակի արժանացած որոշ գրողների ստեղծագործությունները կարդալիս՝ ավելի շուտ զարմանում ես՝ ի՞նչ սկզբունքով են, դիցուք, այս տիկնոջն արժանացրել մրցանակի: Սակայն, մյուս կողմից, որտեղի՞ց ամեն տարի կարելի է պեղել հանճարների: Դա վեր է անգամ Նոբելի նման տիտանի ուժերից:

Հայաստանում էլ շատերն են երազում, որ «մերոնց» ևս արժանացնեն Նոբելյան մրցանակի:

Գրողները, կարծում եմ, բոլորն՝ անխտիր, հոգու խորքում սպասում են Նոբելյան մրցանակին: Երբեմն ոմանց ցանկությունը կատարվում է: Հատկապես՝ եթե շատ երկար են ապրում: Կամ… հավերժ:

Տեսանյութեր

Լրահոս