«Ունեցել ենք նախկինում դեպքեր, երբ, ցավոք, մեր հայ տղայի դիակը հայրենիք վերադարձնելու փոխարեն ստիպված ենք եղել կենդանի ռազմագերի տալ». ԳԱԼԱ
Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 8-ին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքերին և առհասարակ այդ գործի քննությանը, տեսակետ հայտնեց, որ շատ բան կպարզվի Կարեն Պետրոսյանի դիակը հայրենիք վերադարձնելուց հետո, երբ կնշանակվեն նաև դատաբժշկական, փորձագիտական զննություններ։
«Չեմ բացառում նաև չեզոք դատաբժշկական քննությունը՝ այդ ամենի արդյունքում կունենանք մասնագետների եզրակացություն, որը լույս կսփռի Կարեն Պետրոսյանի մահվան պատճառների ու հանգամանքների վրա»:
Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ո՞րն է բացատրությունը, ըստ Ձեզ, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում դին վերադարձնել, գուցե սպասո՞ւմ է՝ սեփական պահանջներն առաջադրելու համար:
-Միջազգային մարդասիրական իրավունքը փոխանակում բառն անգամ որպես տերմին չի օգտագործում: Դա բացարձակապես անընդունելի է: Միևնույն ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է միաժամանակյա հանձնում: Տվյալ դեպքի հետ կապված՝ կոնկրետ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների և դիակը Հայաստան հանձնելու խնդրի հետ կապված հայկական կողմը պահանջ է առաջ քաշել՝ առանց որևիցե նախապայմանի վերադարձնել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը լռում է, իսկ թե ինչպիսի պատասխանով հանդես կգան, առայժմ չենք կարող ասել:
-Եթե ադրբեջանական կողմն առաջարկի ինչ-որ պայման կամ նախապայման, ասենք փոխանակում իրականացնել, կհամաձայնվի՞ հայկական կողմը:
-Ադրբեջանի պահանջը օրակարգում ունենալուց հետո նոր կորոշվի, սակայն հիշեցնեմ, որ նախկինում ունեցել ենք դեպքեր, որպեսզի մեր հայրենակցին կարողանանք վերադարձնել հայրենիք, ստիպված ենք եղել նաև որոշակիորեն բավարարել ադրբեջանցիների պահանջները: Ունեցել ենք նախկինում դեպքեր, երբ, ցավոք, մեր հայ տղայի դիակը հայրենիք վերադարձնելու փոխարեն ստիպված ենք եղել կենդանի ռազմագերի տալ ադրբեջանական կողմին, սակայն դեռ ոչ մի ռեալ առաջարկ Ադրբեջանից չկա:
Մանրամասներն՝ այստեղ