Տոնաշենում կատարված հնագիտական հետախուզական աշխատանքների արդյունքները
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մայիսին ԼՂՀ Տոնաշեն գյուղում եւ շրջակա տարածքներում հնագիտական հետախուզական աշխատանքներ են կատարվել, որի նպատակն էր նոր չհաշվառված հուշարձաններ եւ գյուղի հնագույն շրջանի պատմությանը վերաբերվող իրեղեն ապացույցներ բացահայտել:
Կատարված աշխատանքների արդյունքների մասին մեզ հետ կիսվեց ուսումնասիրող խմբի անդամ, հնագետ Գագիկ Սարգսյանը:
Խումբը հետախուզեց նաեւ Տոնաշեն գյուղի հանդիպակաց՝ Թարթառ գետի աջ ափի հատվածը, որը ներկայումս հանդիսանում է Վարնկաթաղ / Հակոբ Կամարի/ համայնքի վարչական տարածքը: Այստեղ, արեւելքից, դեպի Թարթառի կիրճը իջնող լեռնաբազկին վեր խոյացող բլրի գագաթին փաստագրվեց «Կաթողիկոսասարի վանք» վանական համալիրը, որը տեղացիներն աղավաղելով ու կրճատելով՝ «Մեծ Թողկասարի վանք» են անվանում:
Վերջինս տեղակայված է Տոնաշեն գյուղի հանդիպակաց, Թարթառ գետի աջ ափին բարձրացող անտառապատ բլրի գագաթին: Հուշարձանը մեզ է հասել խիստ ավերված, քայքայված եւ անտառով փակված վիճակում:
Փարթամ բուսականությամբ ծածկված փլատակներից հնարավոր եղավ տարազատել երկու եկեղեցիներ, նրանց միջնամասում՝ մի մեծ ուղղանկյուն շինության՝ հնարավոր է գավթի փլատակներ, երբեմնի խաչքարերով գերեզմանոցի մնացորդներ, միաբանության բնակելի ու կենցաղային շինությունների, եւ այս ամենը ներփակող պարսպագծի հետքեր:
Եկեղեցիներից հարավայինը կանգնած է ձորաեզրի ուղղահայաց գահավիժող ժայռածերպի եզրին: Նրա փլատակները վկայում են, որ այն, ակնհայտորեն, պայթեցված է: Հյուսիսային ճակատը բացակայում է՝ ընկել է ձորը, իսկ մյուս ճակատներից մնացել են տեղից պոկված եւ շուռ եկած 3-4 մեծ պատազանգվածներ: Հիմքերը ծածկված են փլատակներով, այնպես, որ այս շինության` եկեղեցու չափերն ու հորինվածքը պարզ չէ:
Գլխավոր եկեղեցին, որ կանգնած է հարավայինից մոտ 7-8 մ հյուսիս-արեւմուտք, միանավ բազիլիկ սրահ է կիսաշրջան խորանով: Պահպանվել է միայն եկեղեցու պատերի արեւելյան հատվածը մինչեւ 2 մ բարձրությամբ: Հուշարձանի արեւմտյան կողմը ծածկված է փլատակներով եւ նրա երկարությունը չի փաստագրվում: Եկեղեցին կառուցված է ճեղքած անմշակ քարերից, կրաշաղախով:
Ուշագրավ է եկեղեցու խորանի կառուցվածքը: Ի սկզբանե, փոքր նախախորանով խորացված կիսաշրջան խորանում, ակնհայտորեն, հետագա վերակառուցման ժամանակ կառուցվել են միմյանց կից երկու փոքր, թաղակապ, բաց աղոթարան-ավանդատներով, որոնց տանիքի վրա, հատակից արդեն զգալի բարձրությամբ, կազմակերպվել է վերակառուցված եկեղեցու խորանի նոր բեմը:
Խորանի միակ, կենտրոնում բացվող, դեպի ներս լայնացող պատուհանը նորակառույց ավանդատների միջնապատով ներսից երկատվել է, թողնելով նեղ օդանցք-պատուհան, յուրաքանչյուր ավանդատան համար: Ավանդատները ներսից սվաղված են կրաշաղախով եւ նրանց թաղերը կանգուն են ծավալի կիսով չափ:
Եկեղեցիների խորանի նմանօրինակ երկհարկանի բեմեր մենք ունենք Գտչավանքի փոքր եկեղեցում (13-րդ դ), ուր բեմի տակ կազմակերպված են երեք թաղակապ փոքր ավանդատներ եւ Հոռեկավանքի եկեղեցում (1276 թ.), որտեղ խորանի բեմը ի սկզբանե, նախագծված ու կառուցված է եղել երկու թաղակապ ավանդատների տանիքին: Եթե ընդունենք, որ երկհարկանի բեմերը 13-րդ դարից եկող ճարտարապետական մտահղացում են, ապա պետք է ենթադրել, որ Թողկասարի վանքի եկեղեցին առնվազն 7-9 րդ դդ. կառույց է եւ վերակառուցված 13-րդ դարում, նշում է Գ. Սարգսյանը:
Եկեղեցու դիմաց, դեպի արեւմուտք, տարածվել է վանքի գերեզմանոցը, ուր մնացել են անմշակ քարերից դրված պարզ տապանաքարեր:
Գերեզմանոցից արեւմուտք, մեծ ուղղանկյուն, բազմասեկցիոն փոսորակների վերածված փլատակների տեսքով, երեւում են միաբանության բնակելի համալիրների մնացորդները:
Վանական համալիրը տեղակայված է եղել բլրի գագաթին, իսկ նրանից ներքեւ, դեպի հյուսիս, լեռնաբազկից անջատող հարթ տեղանքը, որին տեղացիները «վանքի դուզ» անունն են տալիս, ամենայն հավանականությամբ, ժամանակին եղել է վանքապատկան արհեստական ջրամբար, ինչի ուրվագիծը կարելի է մոտավոր վերականգնել, ելներով տեղանքի ռելիեֆից: Պարսպապատի հետքերը նկատվում են ինչպես հարթ տափարակում, այնպես էլ անմիջապես կենտրոնական հուշարձանախմբի եզրագծին:
Այսպիսով, «Մեծ Թողկասարի վանքը», որը աղբյուրներում «Կաթողիկոսասարի վանք» է հիշատակվում, հնարավոր է, բացի վանք-միաբանություն լինելուց, նաեւ ունեցել է ամրոց դիտակետի գործառույթ, քանզի հիշատակվում է նաեւ «Կաթողիկոսաքարի բերդ» տեսքով:
karabakh-open.info