Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից» (տեսանյութ). medialab.am
medialab.am-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի համար բուռն քննարկումների եւ մտահոգությունների առիթ դարձած տեսահոլովակը, որը հավաստում էր Ստեփանակերտի օդանավակայանի կենսունակությունը, զբոսաշրջիկների եւ էքստրիմի սիրահարների համար բացահայտում է Արցախի գույներն ու գեղեցկությունը՝ երկնքից: Արդեն երկու ամիս է՝ Ստեփանակերտի օդանավակայանը փոքրիկ օդանավերով անցկացնում է ավիացիոն տուրեր: Սա հնարավորություն է ընձեռում թռիչքի սիրահարներին բարձունքից հիանալ Շուշիի, Գանձասարի, Տիրգրանակերտի, Ստեփանակերտի, Ամարասի, Դրմբոնի գեղեցկությամբ:
Այս նախաձեռնության հեղինակը ԼՂՀ Կառավարությանն առընթեր գործող Քաղացիական ավիացիայի վարչությունն է: Պատասխանատուները հավաստում են, որ երկու ամսվա ընթացքում ուղեւորների պակաս չի եղել, ովքեր Արցախը վերևից տեսնելու և նրա երկնքում թռչելու հաճույքն են վայելել:
ԼՂՀ Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը ասում է, որ տուրերից հիմնականում օգտվում են երևանցիներն ու արցախցիները, հետաքրքրված են նաեւ Արցախը բացահայտող օտարերկրյա զբոսաշրջիկները:
«Երևանից որ եկել էին, երկնքի սիրահար մարդիկ էին: Նրանց մի մասը պարապլաններով է թռչում, մի մասը ավիասպորտսմեններ են: Սա նոր, ինքնատիպ տպավորություններ է տալիս այդպիսի ռոմանտիկ մարդկանց համար: Ես ինքս էլ եմ երբեմն թռչում»,-ասում է Ադբաշյանը:
Տուրերը անցկացնող միակ օդաչուն՝ Սամվել Թավադյանը, ասում է, որ շաբաթը 10-15 մարդ է գալիս թռչելու Ստեփանակերտի օդանավակայանից:
«Հետաքրքությունն ու ոգևորությունը շատ մեծ է: Հետաքրքրվում Ֆրանսիայից, Կանադայից, Ամերիկայից: Տուրիստները, որ գալիս են Ղարաբաղ հանգստանալու ու որ տեսնում, կամ լսում են օդանավերով տուրերի մասին, մեծ ցանկություն են ունենում փորձելու եւ բաց չթողնելու այդ հնարավորությունը»,-ասում է 21 տարվա փորձ ունեցող օդաչ Թավադյանը:
Նրա խոսքով՝ սա մեծ հնարավորություն է տալիս նորովի ծանոթանալու Արցախին:
«Մարդիկ ուզում են շատ բան տեսնել Արցախում, բայց ժամանակի առումով չեն հասցնում շատ տեղեր գնալ: Իսկ այսպես կես ժամում, կամ մեկ ժամում կհասցնեն Ղարաբաղի կարևոր տեսարժան վայրերը տեսնել»,-ասում է Թավադյանը:
Հիմնական այցելուները երիտասարդներ են: Արցախի երկնքում ճախրելու համար 1 րոպեի դիմաց պետք է վճարել 1000 դրամ: Ոլորտի մասնագտների խոսքով՝ սա կրկնակի անգամ էժան է՝ համեմատած արտերկրում նման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:
30-ամյա պարապլանիստ Արմեն Սարգսյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է Արցախ՝ իր հետ տանելով խմբեր, ովքեր հետարքրված են նման տուրերով:
«Հետաքրքիր է, որ Գանձասար, Շուշի միշտ գնացել ենք մեքենայով, իսկ հիմա հնարավոր է այն տեսնել նաև վերևից: Բավականին մեծ զգացողությունների հորդանք է լինում, երբ արագ թռչում ես ինքաթիռով: Ես միշտ զբաղվել եմ այն սպորտաձևերով, որոնք որ կապված են երկնքի հետ: Աշխատում եմ տեղյակ պահել շատերին, կիսվել իմ տպավորություններով, որ գան փորձեն: Հիմնականում այն երիտասարդներն են գալիս, ովքեր ինձ հետ պարապլանով թռչում են»,- «Մեդալաբին» ասում է Արմենը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: