Նաիրա Զոհրաբյան. Արտագաղթը պետք է վերացնել և ոչ թե՝ դրա մասին չխոսել

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԺ 6 խմբակցությունների 9 պատգամավորներ մեկնել էին ԼՂՀ և այցելել սահմանապահ դիրքեր, հանդիպել սահմանին իրենց ծառայությունն իրականացնող զինվորների հետ: Պատգամավորական խմբում միակ կին պատգամավորին` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, խնդրեցինք ներկայացնել իր տպավորությունները սահմանապահ դիրքեր այցելությունից:

– Ի՞նչ նպատակով էին պատգամավորներն այցելել սահմանապահ դիրքեր, ի՞նչ խնդիր էիք լուծում այդ այցով:

– Օգոստոսի սկզբին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կայցելեն սահմանամերձ շրջաններ և դիրքեր: Նման ցանկություն էր հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և որոշվել էր, որ այդ երկու նախաձեռնությունները համատեղվեն: Օգոստոսի 9-ին մենք այցելեցինք Ստեփանակերտ, հանդիպեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ, որի ժամանակ տեղեկացվեցինք սահմանում տիրող ընդհանուր ռազմական իրավիճակի և Պաշտպանության բանակի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Որից հետո մեր պատվիրակությունը բաժանվեց չորս մասի, և մենք մեկնեցինք ԼՂՀ սահմանամերձ տարբեր բնակավայրեր: Խորհրդարանական 9 հոգանոց պատվիրակությունը բաժանվեց երեք խմբի, իսկ վարչապետն ու Պաշտպանության նախարարը եղան սահմանի առանձին տեղամասում:

– Ձեր խմբում է՞լ ովքեր էին ընդգրկված, և ո՞ր շրջանում եղաք:

Կարդացեք նաև

– Մեր խմբում նաև ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն էր և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մենք եղանք Մարտակերտի սահմանապահ դիրքերում, հանդիպեցինք զինվորների և սպաների հետ: Պետք է ասեմ, որ իսկապես տպավորված եմ այդ հանդիպումներից, քանի որ մենք տեսանք, որ սահմանում կանգնած զինվորներն իսկապես գիտակցում են իրենց կողմից իրականացվող խնդրի կարևորությունը, նրանք ոչ թե ուղղակի տղաներ են, որոնք տարիքի բերումով զորակոչվել և պարտադրանքով բերվել են սահման, այլ մարդիկ, ովքեր հստակ գիտակցում են, որ իրենք են պաշտպանում Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունը, ՀՀ և ԼՂՀ բնակչության խաղաղ ապրելու իրավունքը: Այստեղ մենք տեսանք նաև հայ կամավորներին, նույնիսկ 60-ն անց տղամարդկանց, ովքեր որպես կամավորներ՝ միացել էին սահմանին ծառայություն իրականացնող զինվորներին, և դա նույնպես շատ տպավորիչ էր:

– Նախապես տեղեկություն կար, որ պատվիրակության կազմում ևս երկու կանայք պետք է լինեն՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ինչո՞ւ նրանք ընդգրկված չէին պատվիրակության կազմում:

– Հերմինե Նաղդալյանն առողջական լուրջ խնդիրների պատճառով այդ օրը շտապ հոսպիտալացվել էր, և նրա բացակայությունը պայմանավորված էր այդ հանգամանքով, իսկ թե ինչո՞ւ էր բացակայում Հեղինե Բիշարյանը, ես ոչինչ չեմ կարող ասել:

– Ձեր այցի ընթացքում և դրանից հետո տեսակետներ հնչեցին, որ պատգամավորների տեղը սահմանը չէ, որ դա ավելի շատ սեփական գովազդի համար կազմակերպված միջոցառում է: Ի՞նչ կասեք այդ տեսակետների մասին, և ի՞նչ տվեց այդ այցը սահմանապահ զինվորներին:

– Մենք հանդիպեցինք զինվորների հետ, զրուցեցինք նրանց հուզող խնդիրների մասին, պատասխանեցինք նրանց հարցերին: Ինչպես ասացի, մենք զգացինք, որ մենք առաջնագծում ունենք հայրենիքի հուսալի պաշտպաններ: Բայց զինվորներին էլ հետաքրքրում էր, թե ինչպիսի վիճակ է թիկունքում, քաղաքական ուժերը, այն մարդիկ, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում, կարողանո՞ւմ են Ղարաբաղյան խնդիրն ամբողջովին ներկայացնել միջազգային հանրությանը:

Օրինակ, մեզ ամենահաճախ տրվող հարցն այն էր, թե արդյո՞ք միջազգային կազմակերպություններում տեղյակ են ղարաբաղյան խնդրի մանրամասներին, մեր պայքարի արդարացի լինելու մասին: Այն մարդիկ, ովքեր պահում են առաջին գիծը, ուզում են տեղեկացված լինել՝ արդյո՞ք թիկունքում ևս աշխատանք կատարվում է, արդյո՞ք այդ աշխատանքն արդյունավետ է: Ի վերջո, զինվորը, հրամանատարն ուզում են իմանալ, որ իրենք միայնակ չեն, և մենք բոլորս մի ընդհանուր գործ ենք կատարում: Ես կարծում եմ, որ մենք պետք է սահման գնանք ոչ միայն նման սրացումների դեպքում, այլ նույնիսկ ստանդարտ իրավիճակներում: Առաջիկայում նախատեսվում է խորհրդարանականների այց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` Այգեպար, Չինարի, Բարեկամավան:

– Պատգամավորները գիշերեցի՞ն սահմանապահ դիրքերում:

– Ոչ, գիշերը դիրքերում անցկացրել են միայն վարչապետն ու Պաշտպանության նախարարը:

– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ քաղաքական գործիչների ամենամեծ գործը, աջակցությունը զինվորներին պետք է լինեի ոչ թե՝ այցելությունը սահման, այլ՝ կայուն խաղաղության հաստատումը, խաղաղությանը հասնելուն ուղղված ջանքերի գործադրումը:

– Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր տեղում իր գործը կատարի և այդ գործը կատարի մեծ պատասխանատվությամբ և առանց թերանալու: Միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնող պատգամավորների խնդիրը Ղարաբաղյան խնդրի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածումն է, որը կօգնի միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատել իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու համար լուծումներ առաջարկելիս՝ ունենալ ճիշտ պատկերացում կոնֆլիկտի և դրա կողմերի մասին:

– Նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հեռուստահարցազրույցի ժամանակ ակնարկեց, որ Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ Իլհամ Ալիևը, հակահայկական քարոզչություն իրականացնելիս օգտվում են Հայաստանի ընդդիմության գնահատականներից, մասնավորապես՝ արտագաղթի մասով: Հնարավո՞ր է, որ ադրբեջանական քարոզչությանը չօժանդակելու համար այսուհետ չբարձրացնեք արտագաղթի հարցը, և ընդհանրապես ձեռնպահ մնաք այնպիսի քննադատությունից, որից Ադրբեջանը կարող է օգտվել:

– Ես ձեռնպահ կմնամ նախագահի հարցազրույցը մեկնաբանելուց, բայց կարող եմ ասել, որ խնդիրների մասին չխոսելը, այդ խնդիրները պարտակելը չի օգնում դրանց լուծմանը: Ընդհակառակը՝ առկա խնդիրների բաց և հրապարակային քննարկումը միայն հնարավորություն կտա հասնել դրանց լուծմանը: Համոզված եմ, որ Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քարոզչությանը հնարավոր է հակազդել արտագաղթը վերացնելու և ոչ թե՝ դրա մասին չխոսելու միջոցով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս