Բանկային խտրականություն՝ հօգուտ Երևանի
ՀՀ իշխանություննները հարմար առիթը բաց չեն թողնում՝ խոսելու մարզերի հավասարաչափ զարգացման մասին։ Այդ մասին խոսում են նաև մասնավոր կազմակերպությունների, մասնավորապես՝ բանկերի ներկայացուցիչները՝ հայտարարելով էժան գյուղատնտեսական վարկերի և այլ ծրագրերի մասին։ Չնայած սրան՝ ռեսուրսները շարունակում են կենտրոնանալ մայրաքաղում։ Ընդ որում, որքան էլ զարմանալի լինի, բանկերն անուղղակիորեն շարունակում են նպաստել ռեսուրսների կենտրոնացմանը Երևանում՝ իրենց խտրական վարկային քաղաքականությամբ։
Այո, ՀՀ բանկերը մարզերում վարկավորում իրականացնում են շատ ավելի բարձր տոկոսադրույքով, քան Երևանում։ Սա ոչ թե կարծիք է կամ գնահատական, այլ փաստ, որը ներկայացված է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. հունիս ամսվա տեղեկագրում։
Այսպես, դրամով վարկավորման միջին տոկոսադրույքը Հայաստանում 16.2% է։ Երևանում 15.4% է։ Մարզերում՝ անհամեմատ բարձր։ Օրինակ՝ Շիրակում՝ 18.7%, Գեղարքունիքում և Արարատում՝ 18.1% և այլն։
Մինչև 1 տարի ժամկետայնության վարկերի դեպքում տարբերությունն ավելի մեծ է։ Երևանում միջին տոկոսադրույքը 13% է, ՀՀ միջինը՝ 14.6%, իսկ որոշ մարզերում գերազանցում է 20%-ը։
Երկարաժամկետ (5 տարի և ավելի) վարկերի դեպքում Երևանի տոկոսադրույքները նույնպես փոքր ինչ ցածր են միջինից, իսկ միջնաժամկետ (1-5 տարի) վարկերի դեպքում Երևանում տոկոսադրույքը մի փոքր բարձր է միջինից (18.2%՝ 18-ի դիմաց)։
Արտարժույթի դեպքում պատկերը գրեթե նույնն է։ Կարճաժամկետ վարկերի համար երևանյան միջին տոկոսադրույքը 9.8% է, մարզերում՝ 12-13%, երբեմն նաև 15-16%։