«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա»
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենան Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա, ասաց. «Վնասներն այդքան շատ կարող է չլինեն, որոշ մարդկանց համար, կարող է, զարմանալի է, որ ես այդ կարծիքին եմ»: Նրա գնահատմամբ՝Հայաստանի տնտեսությունը թույլ է ու ներմուծվող էներգակիրներով կախվածէ Ռուսաստանի տնտեսությունից, իսկ արտահանմանառումով՝ ալկոհոլային խմիչքներ, միրգ-բանջարեղեն, ռուսները դեռ կշարունակեն ՀՀ-ից գնել: «Հատկապես, երբ հիմա նրանք սանկցիաներ են կիրառում, որ Արևմուտքից շատ մթերքներ չառնեն, այդ դեպքում իրենք ուզեն-չուզեն՝ իրենց բնակչության մակարդակով պետք է այլ աղբյուրներ փորձեն գտնել, ու չի բացառվում, որ իրենք հույս են դրել ինչ-որ չափով իրենց տնտեսությունը խթանելու վրա՝ Բելառուսի կամ ասիական երկրների՝ Հայաստանի, ինչո՞ւ ոչ՝ նաև Ադրբեջանի օգնությամբ: Այսինքն՝ այն, ինչ Հայաստանը Ռուսաստանին մատակարարում է, այդ առումով խնդիր չենք ունենա»:
Գ.Մակարյանի կարծիքով՝ մենք ներմուծվող ապրանքների (վառելանյութ, գազ ևայլն) առումով էլ խնդիր չենք ունենա. «Որովհետև, եթե ռուսները հիմա խնդիրներ ունեն Եվրոպայի հետ, Ռուսաստանը ման է գալու տեղ, որ այդ գազը կվաճառի: Քանի որ լավ գնով է վաճառում Հայաստանին, չեմ կարծում, որ այստեղ պետք է, կոպիտ ասած, պոչ խաղացնի»:
Հիշեցնենք, որ պատժամիջոցների տակ ընկած ռուսական ընկերությունների թվում են «Գազպրոմբանկը» ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում հայաստանյան «Առէկսիմբանկը» և «ՎՏԲ-Հայաստան» բանկը:
Ըստ տնտեսագետի՝ անուղղակի վնասներ կարող է լինեն, եթե, ասենք, բանկերը դուրս գան. «Այդ բանկերի դուրս գալուց էլ չեմ վախենում: Մեր բանկերում բավականին ավելցուկ փող կա: Այսինքն՝ այստեղ այդ բանկերն ուրախ կլինեն, որ մի երկու բանկ արանքից դուրս գա, մրցակիցները նվազեն, և իրենք այդ շուկան վերցնեն, որովհետև այսօր Հայաստանում լավ հաճախորդները քիչ են, իսկ լավ հաճախորդների փող տալ ձգտում են բոլոր բանկերում, բայց քանի որ բանկերը շատ են, հաճախորդները քիչ են: Հիմա 2 բանկի դուրս գալով՝ նույնիսկ կարող է փողերը վերադասավորվեն շատ արագ»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ բանկերն այլևս չգործեն, նա պատասխանեց. «Այո, նման խոսակցություններ հիմա կան, որ կարող է այդ բանկերը չկարողանան Հայաստանում գոյատևել, ուզենան իրենց ռեսուրսները Ռուսաստանում պահել, Հայաստանի իրենց մասնաճյուղերը վերացվեն, ու այդ դեպքում այդ բանկերի տեղը կգրավեն մյուս բանկերը»:
Գ. Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված այդ պատժամիջոցների շնորհիվ՝ հնարավոր է ՝ Հայաստանի համար շատ հետաքրքիր դրական զարգացում լինի. «Ու այդ մի քիչ շփոթմունքը, խառնաշփոթը Ռուսաստանում կարծես հույսեր առաջացնում է այդ առումով»:
Տնտեսագետի խոսքով՝ հայերը, որոնք գտնվում են Ռուսաստանում, կամ թեկուզ հենց ռուսները, կարող է փորձեն այլընտրանքային տարբերակներով ներդրումներ կատարել այլ երկրում, այդ թվում և՝ Հայաստանում. «Ես հույս ունեմ, որ Հայաստանում կարող է ներդրումները խթանվեն: Եթե նույնիսկ առաջ Ռուսաստանի հայի մտքով չէր անցնում, որ կարելի է ներդրումներ անել, ու Ռուսաստանը համարում էին շատ ստաբիլ երկիր, հիմա կարող է՝ ուզենան լավ տներ առնել, գործարաններ առնել, կարող է՝ ինչ-որ բիզնես դնեն իրենց երեխաների համար: Այսինքն՝ նույնիսկ հակառակը. հույս կա, որ Հայաստանում ներդրումները լավանան»:
Ըստ տնտեսագետի՝ հիմա, երբ ռուսները սահմանափակում են այլ երկրներից մթերքի ներմուծումը, ՀՀ կառավարությունը պետք է իր ծրագրերը վերանայի. «Կարող է՝ հիմա պետք է ուշադրությունը սևեռել գյուղատնտեսական մթերքների վրա, կամ պահածո արտադրող գործարաններին շատ արագ կանչել, զրուցել, վարկեր սահմանել, հորդորել, որ իրենք շատ պահածոներ արտադրեն: Ռուսաստանում սով է՝ ջրի, հյութերի, լիմոնադի, բանջարեղենի, շատ բաների պակաս կա: Եթե մենք այդ շուկաները չգրավենք, դրանք գրավելու է Ադրբեջանը, որովհետև ինքը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ: Թուրքիան շատ արագ կարող է գրավել ռուսական շուկան, որովհետև իրենք պատրաստի մոդելներ ունեն: Այսինքն՝ Հայաստանը պետք է շտապի, ու դա պետությունը պետք է անի, ոչ թե՝ մինչև բիզնեսները ուշքի գան, այլ պետք է ռազմավարություն մշակվի, որովհետև կարող է եկող տարվանից այնպիսի մի վակուում լինի Ռուսաստանի մթերքի ու պահածոների շուկայում, որ Հայաստանի մթերքը շատ ձեռնտու լինի: Հայաստանը կարող է ամեն ինչը թողնել ու աշխատել միայն Ռուսաստանի էքսպորտի վրա, որն իրեն մինչև կոկորդը կբավարարի ու հոյակապ ցուցանիշ կարձանագրի»:
Անի Քեշիշյան