«Հանրապետությունում շուրջ 2900 խոշոր, 1800 մանր եղջերավոր կենդանիներ այս ամիսների ընթացքում բրուցելյոզի պատճառով ենթարկվել են սպանդի»
«Թող բոլորը վկայեն, որ եթե անասունը կա, այդ հիվանդությունն էլ հետը կա: Այնպես չի, որ այս մի տարվա ընթացքում ի հայտ է եկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով շրջանառվող լուրերի մասին, որ գյուղի անասունների մոտ տարածված է բրուցելյոզ հիվանդությունը:
Նշենք, որ բրուցելյոզը հիվանդություն է, որը կարող է կենդանիներից անցնել մարդուն, եթե մարդն օգտագործում է բրուցելյոզով հիվանդ անասունի հում միսը, կամ ջերմային մշակման չանցած կաթը:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ եղել են տարիներ, երբ 5-10 գլուխ անասուն է եղել, իսկ այս տարի երևի մի քանի հատ ավելի է եղել. «Թվերով չունեմ, որ ասեմ: Հենց այս պահին այդ հիվանդությունը վերացնելու 2-րդ փուլի աշխատանքներն են գնում: Այս պահին անասուններից արյուն են վերցնում, որպեսզի տանեն լաբորատորիա՝ նայենք»:
Հարցին, թե գյուղում կա՞ն մարդիկ, որոնք վարակվել են անասուններից, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե մեր համայնքում է անցել, այլ այդ հիվանդությունն այնպիսին է, որ անասուններից մարդը վարակվում է, բայց մարդուց մարդ չի վարակվում: Մարդը եթե ուտում է հում միսը, եթե խմում է հում կաթը, այդ դեպքում միայն կվարակվի: Դա վտանգավոր հիվանդություն չէ, ընդամենը 12 օր է պահանջվում, որպեսզի մարդ առողջանա»:
Ա. Հովհաննիսյանը նկատեց, թե քանի որ իրենց մոտ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը շատ է (մոտ 8000 գլուխ), դրանից է, որ իրենց մոտ համեմատաբար ավելի շատ են այդ հիվանդությամբ հիվանդ կենդանիները. «Եթե հարևան գյուղում 300 գլուխ կա, որից 30-ը հիվանդ լինի, Գեղաշենում 8000 գլխից, բնականաբար, մի 100 հատ կարող է լինել: Իսկ այդ հիվանդությունը միշտ եղել է: Գեղաշենն այսօր դարձրել են խոսակցության առարկա: Եթե բրուցելյոզով հիվանդ անասունի միսը թույլատրվում է շուկայում վաճառել, իսկ կաթը թույլատրվում է հանձնել կաթի վերամշակման ցեխերում՝ դրա վտանգավորությունը ո՞րն է»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն պետական պատվեր և իրականացնում են կենդանիների պրոֆիլակտիկ միջոցառումներ 8 հիվանդությունների նկատմամբ. «Գարնանը և աշնանը կենդանիների պատվաստումներ ենք իրականացնում, որպեսզի կենդանիները վարակազերծ լինեն այդ հիվանդությունների նկատմամբ:
Ամռան ամիսներին, պետք է ասեմ, որ կատարված աշխատանքների շնորհիվ՝ հիվանդ կենդանիներ չունենք, համաճարակային իրավիճակը ստաբիլ է: Մենք ունենք բրուցելյոզով հիվանդ կենդանիներ հանրապետության տարբեր համայնքներում, բայց առավել շատը՝ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում, որտեղ կարանտին է սահմանված և իրականացվում են հակաբրուցելյոզային միջոցառումներ: Մնացած հիվանդությունների նկատմամբ, պետք է ասեմ, իրավիճակը նորմալ է»:
Խոսելով բրուցելյոզի մասին՝ Գ. Բաղիյանը նկատեց, որ այն քրոնիկ հիվանդություն է, բուժում չունի, ու հայտնաբերում են լաբորատոր հետազոտությունների արդյունքում.
«Մենք ունենք հետազոտման ծրագիր բոլոր մայր կենդանիներին՝ և՛ կովերին, և՛ ոչխարներին (կովերին՝ տարին 2 անգամ, ոչխարներին՝ 1 անգամ) հետազոտում են և հայտնաբերում են այդ հիվանդությունը: Եթե հիվանդ կենդանիներ են հայտնաբերվում, այդ կենդանիներին սպանդի ենք ենթարկում»:
Նա նշեց, որ այժմ Գեղաշենում կարանտին է ահմանված, հիվանդ կենդանիներ չկան, նորից հետազոտություններ են կատարվելու. «Եթե նրանց մեջ հայտնաբերվեն հիվանդներ, ապա ամբողջ գյուղի գլխաքանակը համարվում է կասկածելի, նորից հետազոտություններ են կատարվելու, հիվանդներին սպանդի ենք ենթարկելու այնքան ժամանակ, մինչև հետազոտություննենրի արդյունքում ստանանք միայն ու միայն դրական արդյունք»:
Հարցին, թե Գեղաշենում քանի՞ անասուն են սպանդի ենթարկվել մինչ օրս, նա պատասխանեց, թե տվյալները չունի. «Հանրապետությունում շուրջ 2900 խոշոր եղջերավոր կենդանիներ, 1800 մանր եղջերավոր կենդանիներ այս ամիսների ընթացքում ենթարկվել են սպանդի»:
Հարցին էլ, թե ինչի՞ց կարող է առաջանալ հիվանդությունը, նա պատասխանեց. «Ընդհանրապես խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այս հիվանդությունը տարածված է: Այս հիվանդությունը միշտ եղել է: Լինում է, որ ժամանակ առ ժամանակ մի համայնքում մի քիչ շատանում են, կամ՝ քչանում, իսկ շատանալը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարբեր համայնքներից գնումներ են կատարում, կովեր են գնում, ու այդ առևտրի ժամանակ շատանում է հիվանդների գլխաքանակը»: