«Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, թե ինչքան է հեշտացել արտագաղթելը». «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ դաշինքի անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:
– Պարոն Մալխասյան, ոչ իշխանական քառյակը մոտ երկու ամիս առաջ 12 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց իշխանություններին: Ձեր կարծիքով` այդ պահանջներն արտահայտո՞ւմ են մեր հասարակության մեջ առկա ողջ դժգոհությունը:
– 12 կետերից բաղկացած այդ պահանջները, բնականաբար, բխում են մեր ժողովրդի, մեր պետության շահերից: Այդ պահանջներն ինքնանպատակ չեն, դրանք նաև փոխզիջումային պահանջներ են, որովհետև քառյակի տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն: Եվ ակնհայտ է, որ դրանք կոմպրոմիսային առաջարկություններ են: Խելամիտ իշխանությունները կգնային այդ պահանջների կատարմանը հանուն մեր երկրի շահերի` հատկապես, որ շարունակ կամակորություններով առաջ գնալը լավ բան չի խոստանում մեր պետությանը
– Ներքաղաքական իրադարձություններում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ոչ իշխանական քառյակը: Այդ ուժերը կարո՞ղ են աշնանն իշխանություններին ինչ-որ փոփոխություն պարտադրել` հատկապես, որ քառյակից «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններն այնքան էլ հակված չեն արմատական փոփոխությունների:
– Կարծում եմ, որ երկրի զարգացման համար անպայման պետք է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, որ կարողանանք դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Անշուշտ, պետք է ներսում փոփոխություններ լինեն, որ ժողովուրդն էլ հուսալքված՝ միակ ճանապարհը արտագաղթը չհամարի: Ժողովուրդն իր ապագայի նկատմամբ պետք է հույս ունենա, որ կարողանանք դիմակայել մեր շուրջը գոյություն ունեցող բոլոր մարտահրավերները: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:
– Իսկ Ձեր կարծիքով` ինչի՞ արդյունք են Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումները: Ադրբեջանը պատերա՞զմ է հրահրում, Հայաստա՞նն է թուլացել, թե՞ այդ հարցում էլ գերտերությունների շահեր են բախվում:
– Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը և փորձում է ամեն գնով ետ բերել կորցրած տարածքները: Նա կարողացավ առավել շահավետ դիրքում գտնվել և փորձում է ճնշում բանեցնել: Եթե առաջ Եվրոպան մտածում էր, որ Լեռնային Ղարաբաղն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, և այն ինչպես կարող է հայտնվել ժողովրդավարությամբ ավելի ցածր աստիճան ունեցող պետության կազմում: Այսօր Հայաստանը ընտրել է մի ճանապարհ, որի նկատմամբ արդեն Եվրոպան անտարբեր է: ՌԴ-ն էլ առաջնորդվում է իր պետության շահերով:
Մենք պիտի կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, տարածաշրջանում կան տարբեր երկրների շահեր, տեսնենք՝ որ շահերի հետ է մեր երկրի շահերը համատեղվում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ դիվանագիտություն, ճիշտ քաղաքականություն վարել, որ կարողանանք դիմակայել: Իսկ Ադրբեջանը շատ լավ է հասկանում իրավիճակը, և դա ճնշման ինչ-որ ձև է, բայց վտանգավոր ձև է, որովհետև անկախ միջազգային հանրության ցանկություններից` իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Դրա համար մեր երկիրը պետք է շատ աչալուրջ լինի, մեր երկրում պետք է իրավիճակ փոխվի: Իսկ այս վիճակն արդյունք է այն բանի, որ տարիներ շարունակ երկրում վարկաբեկվել, նսեմացվել է անկախության գաղափարը, ոտնահարվել են անկախության արժեքները: Փորձում են այն մարդկանց հիշատակին արձաններ կառուցել, որոնք հակասել են մեր անկախության գաղափարին:
Անընդհատ փորձել են սևացնել, մութ ու ցուրտ տարիներ ասելով՝ վարկաբեկել անկախության գաղափարը, բայց դրանք եղել են մեր ժողովրդի հերոսության տարիները: Ռուսները, լենինգրադցիներն իրենց շրջափակմամբ են հպարտացել, իսկ մեր երգիչները, մտավորականները տարիներ շարունակ մամուլով ու հեռուստատեսությամբ նսեմացրել են անկախության գաղափարը, որի արդյունքն է այն, որ մարդիկ այսօր առանց ափսոսալու հեռանում են: Մինչդեռ տարիներ շարունակ պետականություն չունեցող ժողովրդի մեջ պետք էր ամրապնդել անկախության գաղափարը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։