Կոմայգում համասեռամոլներին մարմնավաճառի հետ շփոթած զինծառայողները տուգանվեցին

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ երկու զինծառայողներ մեղավոր են ճանաչվել ինքնիրավչության մեջ: Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ տուգանք 500 հազար դրամի չափով:

Ինչ է ապացուցված համարել դատարանը
Դատարանն ապացուցված է համարել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող երկու շարքային զինծառայողներ մարմնավաճառուհի գտնելու և նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով 2014թ. փետրվարի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ինքնակամ թողել են զորամասը, 2014թ. փետրվարի լույս 24-ի գիշերը՝ ժամը 00։30-ից մինչ 01։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Կիրովի անվան այգու մոտ հանդիպելով կանացի հագուստով և արտաքինով համասեռամոլ տղամարդու, մոտեցել են նրան, վերջինիս սեռի տեսանկյունով հայտնվելով բարեխիղճ մոլորության մեջ՝ առաջարկել են համատեղ ներդրած ընդհանուր 19.000 դրամով սեռական բնույթի ծառայություն մատուցել նրանցից յուրաքանչյուրին: Համասեռամոլը համաձայնել է` նախապես ստանալով պահանջած գումարը։

Դատարանն ապացուցված է համարել, որ այգու հասարակական զուգարանի շինության մոտ համասեռամոլի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով նախ առանձնացել է զինծառայողներից մեկը, սակայն զրույցից կասկածելով, որ համասեռամոլը տղամարդ է, ինչը վերջինս վերահաստատել է՝ այդ մասին հայտնել է մի քանի մետր հեռավորության վրա իր հերթին սպասող մյուս զինծառայողին, որից հետո վերջիններս կտրականապես հրաժարվել են համասեռամոլի առաջարկած ծառայությունից և պահանջել վերադարձնել իրենց գումարը, որը, սակայն, համասեռամոլը հրաժարվել է կատարել՝ այդ թվում պատճառաբանելով, թե իբր այդ գումարն այլևս իր մոտ չէ։

Դատարանն ապացուցված է համարել, որ վարչական իրավախախտման հատկանիշներ բովանդակող վերոնշյալ իրավահարաբերությունների մեջ մտնելու հետևանքով նյութապես տուժելով, սակայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ և այլ հոդվածներով սահմանված կարգով իրենց իրական իրավունքները վերականգնելու ուղղությամբ պատշաճ քայլերի դիմելու փոխարեն, զինծառայողներն իրենց այդ իրական իրավունքն իրականացրել են ինքնակամ, վերոնշյալ օրենքի այդ և այլ հոդվածներով նախատեսված կարգի խախտմամբ բռնություն են գործադրել առանց բավարար հիմքերի նրանց գումարը վերադարձնելուց հրաժարված համասեռամոլի նկատմամբ` այգու հասարակական զուգարանի հետնամասում ֆիզիկական ուժի գործադրմամբ՝ ձեռքերով և ոտքերով, իսկ զինծառայողներից մեկը նաև գետնից վերցրած ապակյա շշով հարվածներ են հասցրել համասեռամոլի գլխին և մարմնի այլ մասերին և վերստին ներկայացրել իրենց գումարը վերադարձնելու պահանջ:

Կարդացեք նաև

Դատարանը նաև ապացուցված է համարել, որ զինծառայողներից մեկը վերցրել է քաշքշուկի ընթացքում գետնին հայտնված՝ տուժող ճանաչված համասեռամոլի բջջային հեռախոսը և խոստացել այն վերադարձնել միայն իրենց գումարը ետ ստանալու պարագայում, որին համասեռամոլը դարձյալ չի համաձայնել։
Տեսնելով, որ համասեռամոլի բարձրացրած աղմուկի և օգնության կանչին ի պատասխան՝ նրան օգնելու նպատակով իրենց կողմ են շտապում նույն այգում հավաքված այլ մարմնավաճառներ՝ զինծառայողները դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով որպես իրենց գումարի վերադարձման երաշխիք տուժողից վերցրած և իրենց մոտ պահած բջջային հեռախոսը։

Ինչ ցուցմունք են տվել ամբաստանյալները
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներից մեկն իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ մարմնավաճառուհի գտնելու և սեռական հարաբերություն ունենալու նպատակով համածառայակցի հետ ինքնակամ թողել են զորամասը։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգու մոտ կանացի հագուստով և արտաքինով մի քանի անձանց տեսնելով` մոտեցել են նրանցից Սյուզի անունով ներկայացած անձին, ով համաձայնել է 19.000 դրամի դիմաց իրենց հետ առանձին-առանձին սեռական հարաբերություն ունենալ։

Այնուհետև, ակնկալվող սեռական ակտի համար որևէ հարմար տեղ գտնելու նպատակով երեքով քայլել են այդ այգու վերջնամաս։ Հասել են ինչ-որ շինության մոտ, որտեղ ինքը սեռական հարաբերություն ունենալու նպատակով այդ «մարմնավաճառուհու» հետ առանձնացել է, իսկ համածառայակիցն իրենց սպասել է մի քանի մետր հեռավորության վրա։ Միայն այդ պահին Սյուզիի ձայնից կասկածել է, որ վերջինս տղամարդ է, ինչը նա ընդունել է, թեև նախապես՝ մինչև գումար ստանալը, չէր հայտնել այդ մասին։

Վերջինիս արական սեռի ներկայացուցիչ լինելու մասին անմիջապես հայտնել է իր ընկերոջը, որից հետո հրաժարվել են «Սյուզիի» առաջարկած ծառայությունից և պահանջել, որ նա վերադարձնի իրենց գումարը։

«Սյուզին» հրաժարվել է գումարը վերադարձնել, իրենց հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, որի կապակցությամբ իրենց միջև քաշքշուկ է ստեղծվել. համածառայակիցը, վերցնելով գետնին ընկած ապակյա շիշը, դրանով հարվածել է «Սյուզիի» գլխին, ինչի հետևանքով այդ անձնավորությունը բղավելով դիմել է փախուստի։ Վազել և նրան բռնել են, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել` պահանջելով, որ նա վերադարձնի իրենց տված 19.000 դրամ գումարը։ Քաշքշուկի ընթացքում այդ անձնավորության բջջային հեռախոսն ընկել է գետնին, ինչը տեսնելով՝ համածառայակիցն այն վերցրել է ու պահել է մոտը։

«Սյուզիին» առաջարկել են, որ իրենց գումարը տա, որ նրա հեռախոսը վերադարձնեն, և եթե իրենց գումարը վերադարձներ, հեռախոսը կտային ու առանց նրան վնաս պատճառելու՝ այգուց կհեռանային։ Այդ ժամանակ տեսնելով, որ աղմկելով իրենց ուղղությամբ են շտապում այգում կանգնող կանացի արտաքինով մյուս անձինք, դիմել են փախուստի՝ մեխանիկորեն իրենց հետ տանելով նաև «Սյուզիի» բջջային հեռախոսը։ Նշեց, թե իբր հեռախոսը տանելու դիտավորություն չեն ունեցել, այն գետնին էր ընկել, որտեղից և վերցրել են։

Նշեց նաև, որ հեռախոսը վերցնելու նպատակը «Սյուզիից» փոխհատուցում ստանալը չէր, իսկ հետագայում այն պահել են զորամասում և տուժողին չեն վերադարձրել, քանի որ նրան չեն ճանաչում, ուստի չէին կարող վերադարձնել։ Դժվարացավ մեկնաբանել, թե իրենց կողմից գումար պահանջելուց հետո «Սյուզին» ինչո՞ւ է հայհոյել։ Կատարվածի համար զղջաց, նշեց, որ գումարային պահանջ տուժողից չունի։

Ըստ դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում մյուս ամբաստանյալը ևս իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում, ըստ էության, տվել է գործով մյուս ամբաստանյալի ցուցմունքներին նույնաբովանդակ ցուցմունքներ:

Նշեց նաև, որ «Սյուզիին» առաջինն ինքն է հարվածել, քանի որ վերջինս իրենց հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, իսկ այդ հարվածից հետո անգամ, համասեռամոլը, հրաժարվելով իրենց գումարը վերադարձնել, պնդել է, թե իբր իրենց գումարը չկա։ Այնուհետև առաջացել է ընդհանուր քաշքշուկ, որի ժամանակ տուժողի բջջային հեռախոսը հայտնվել է իրենց մոտ։ Նշեց, որ տուժողն իրենց հայհոյել է՝ հավանաբար վիրավորվելով այն բանից, որ իրենք հրաժարվել են սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Նշեց նաև, որ տուժողի բջջային հեռախոսը վերցնել են գետնից, եթե նա իրենց գումարը վերադարձներ, բջջայինը կվերադարձնեին, և միջադեպը տեղի չէր ունենա։ Հայտնեց, որ զղջում է կատարածի համար, իսկ տուժողի նկատմամբ որևէ գումարային պահանջ չունի։

Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալների պատճառաբանությունները՝ իբր հայհոյանք տալու կապակցությամբ տուժողին հարվածելու, վերջինիս բջջային հեռախոսը պատահաբար իրենց հետ հայտնվելու վերաբերյալ, «անհիմն են և մտացածին, հետապնդում են հանրային մեղադրանքի վերաբերյալ սույն քրեական գործը մասնավոր հետապնդման ոլորտ արհեստականորեն տեղափոխելու, այդ կերպ նրանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակ», հերքվել են, իսկ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հաստատվել է հետևյալ ապացույցներով:

Ինչով է դատարանն ապացուցված համարել ամբաստանյալների մեղավորությունը
1. Տուժող համասեռամոլի ցուցմունքով: Դատարանում նա ընդունել է, որ համասեռամոլ է, զբաղվում է մարմնավաճառությամբ, և շուրջ երկու տարի է, ինչ գիշերային ժամերին կանգնում է Երևան քաղաքի Կիրովի անվան այգում, որտեղ իրեն այցելած անձանց գումարի դիմաց մատուցում է սեռական բնույթի ծառայություններ։ Դեպքի օրը կանացի հագուստով, շպարված և կեղծամով իր «ընկերուհիների» հետ կանգնած է եղել նշված այգու մուտքի դիմաց` Խորենացի և Բեյրութի փողոցների խաչմերուկում, երբ մոտեցել են քաղաքացիական հագուստով երկու տղաներ՝ առաջարկելով գումարի դիմաց սեռական ծառայություն մատուցել իրենց։ Նրանց հայտնել է, որ իրականում տղամարդ է, ապա 20.000 դրամով համաձայնել է այգու տարածքում սեռական ծառայություն մատուցել նրանց, ինչից հետո սեռական ակտի համար հարմար որևէ տեղ գտնելու նպատակով՝ երեքով քայլել են այգու վերջնամաս։ Ճանապարհին ինքը նրանցից պահանջել է պայմանավորված 20.000 դրամը, սակայն ստացել միայն 19.000 դրամը և այն, նրանց համար աննկատ, պահել կրծկալի մեջ։

Տուժողն, ըստ դատարանի, հայտնել է, որ հասել են այգու սրճարանի հարևանությամբ գտնվող զուգարանի շինության մոտ, որտեղ էլ որոշել է սեռական հարաբերություն ունենալ տղաներից մեկի հետ, իսկ մյուսը մնացել է իրենցից մի քանի մետր հեռավորության վրա։ Այդ ընթացքում անսպասելիորեն իրեն է մոտեցել մի քանի մետր հեռավորության վրա սպասող երիտասարդը, շշով հարվածել է իր գլխին ու պահանջել, որ վերադարձնի նրանց գումարը։ Նախքան այդ կամ դրանից հետո տղաներին չի հայհոյել: Մինչ քաշքշուկը կամ վեճը գումարը վերադարձնելու պահանջ իրեն չի ներկայացվել, իսկ վեճի ընթացքում նրանց տված գումարը հրաժարվել է վերադարձնել՝ պատճառաբանելով, թե իբր այն իր մոտ չէ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանց հետ արդեն մոտ հինգ րոպե ժամանակ էր վատնել, նշված գումարի մեջ, բացի սեռական ծառայություն մատուցելուց, մտնում էր նաև զրուցելը, որի մասին, սակայն, տղաներին նախապես չէր զգուշացրել։

Տուժողը նշել է նաև, որ եթե պահանջած գումարը վերադարձներ, հնարավոր է՝ տղաները հեռանային։ Քաշքշուկի հետևանքով իր տաբատի ձախ գրպանից ընկած բջջայինը տղաները վերցրել են՝ խոստանալով այն վերադարձնել միայն իրենց գումարը ետ ստանալու պարագայում, և այն նրանց մոտ է մնացել կամ նրանց գումարը վերադարձնելուց իր հրաժարվելու, կամ օգնության շտապող իր «ընկերուհիների» մոտենալու կապակցությամբ։ Նշեց նաև, որ ամբաստանյալներին ներել է, նրանցից նյութաիրավական որևէ պահանջ չունի, միայն ցանկանում է, որ վերադարձվի նրանց մոտ հայտնաբերված իր բջջային հեռախոսը։

2. Վկաներից մեկի՝ դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով՝ այն մասին, որ զբաղվել է մարմնավաճառությամբ և գիշերային ժամերին կանգնել Երևան քաղաքի Կիրովի անվան այգում։ Ճանաչել է մարմնավաճառ տուժողին, ում իրենց շրջապատում «Սյուզի» են անվանում։ Դեպքի օրը ինքը ևս գտնվել է նշված այգում։ Այդ ժամանակ այդտեղ են գտնվել նաև այգում կանգնող մարմնավաճառ իր մի քանի «ընկերուհիները», որոնց թվում` նաև «Սյուզին»։ Վերջինս այդ ժամանակ եղել է կանացի հագուստով և կրել կեղծամ։ Այդ ընթացքում «Սյուզիին» են մոտեցել 21-22 տարեկան երկու երիտասարդներ։ Վերջիններս Խորենացի ու Բեյրութի փողոցների խաչմերուկում մոտեցել են «Սյուզիին» և սկսել նրա հետ զրուցել, թե կոնկրետ ինչի մասին` չի լսել, սակայն հասկացել է, որ նրանք սեռական ակտի համար գումարն են սակարկում։

Քիչ անց նկատել է, որ «Սյուզին» այդ երկու տղաների հետ միասին մտնում է այգու տարածք ու քայլում դեպի խորք։ Մոտ 15 րոպե անց լսել է «Սյուզիի» բղավոցը ու տեսել, որ նա վազելով վերադառնում է իրենց ուղղությամբ։ «Սյուզին» եղել է վախեցած, բղավել է ու երբ հասել է իրեն, տեսել է, որ նա ձեռքերով բռնել է վնասված գլուխը։ «Սյուզին» հայտնել է, որ շշով խփել են իր գլխին ու գողացել հեռախոսը։ Այդ պահին նկատել են պարեկապահակային ծառայության մի ավտոմեքենա, որը «Սյուզին» կանգնեցրել է՝ նրանց հետ ուղևորվելով Ոստիկանության բաժին` իր հետ տեղի ունեցածի մասին հաղորդում տալու։

3. Վկաներից մեկի ցուցմունքով, ով դատարանում հայտնել է, որ ճանաչել է տուժողին, ում հետ մեկ տարուց ավելի վարձակալությամբ բնակվել են նույն բնակարանում: Մի օր տուժողը տուն է վերադարձել պատառոտված հագուստով և ամբողջովին արյունոտ արտաքինով։ Իր հարցին պատասխանել է, որ այգում երկու անձինք շշով հարվածել են գլխին, վերցրել հեռախոսն ու դիմել փախուստի։

4. Վկայի ցուցմունքով, ով դատարանում հայտնել է, որ ճանաչել է տուժողին, ում հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ։ Մի օր տուժողը տուն է վերադարձել արյունոտված վիճակում, պատմել, որ վիճաբանության մեջ է մտել երկու անձանց հետ, որի ընթացքում հարվածել են նրա գլխին և տարել նրա բջջային հեռախոսը։ Թե ում հետ է տուժողը վիճաբանել, կամ ով է եղել նրան հարվածներ հասցնողը և նրա բջջային հեռախոսը տանողը, տեղյակ չէ։

5. Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, համաձայն որի` գործով տուժողի ստացած մարմնական վնասվածքները` գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքի, գլխի ձախ ծոծրակային շրջանի քերծվածքի և արյունահավաքի, աջ գագաթային շրջանի քերծվածքի և արյունահավաքի, աջ ծոծրակային շրջանի և ձախ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսի քերծվածքի ձևով, պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք պատճառել են առողջության կարճատև քայքայմամբ ուղեկցված թեթև վնաս։

6. Դեպքի վայրի զննության արձանագրությամբ, համաձայն որի՝ զննման մասնակից, գործով տուժողը, մատնացույց անելով Երևանի Կիրովի անվան այգու տարածքում առկա հասարակական զուգարանի մասնաշենքին հարակից հատվածը, հայտարարել է, որ 2014թ. փետրվարի 24-ին` ժամը 00։50-ի սահմաններում, երկու անհայտ անձինք հենց նշված վայրում են հարձակվել իր վրա, շշով հարվածել գլխին, իսկ այդ անձանցից մեկն իր գրպանից հափշտակել է բջջային հեռախոսը։

7. Գործով ամբաստանյալներին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ արձանագրություններով, համաձայն որոնց` տուժողը հայտնել է, որ նրանք այն անձինք են, ովքեր 2014թ. փետրվարի 24-ին Կիրովի անվան այգում հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն, գլխին հարվածել նաև շշով, ապա գրպանից հանել իր բջջային հեռախոսը։

8. ՀՀ ՊՆ N զորամասի պահարանը զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` զորամասի հրամանատարության ներկայացուցչի մասնակցությամբ կատարված քննչական այդ գործողության արդյունքում գործով ամբաստանյալներից մեկի պահարանից հայտնաբերվել և վերցվել է գործով տուժողին պատկանող բջջային հեռախոսը։

9. Իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված առարկայի՝ տուժողի բջջային հեռախոսի առկայությամբ։

10. Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի քաղվածքների առկայությամբ, համաձայն որոնց՝ գործով ամբաստանյալները ծառայության են նշանակվել և քննվող դեպքի ժամանակ ծառայել են ՀՀ ՊՆ N զորամասում։

Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալներն առանց նախնական համաձայնության՝ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչություն, այսինքն` հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Վերջիններս քրեական պատասխանատվության և պատժի ենթակա են այդ հոդվածի համապատասխան մասով։

Անդրադառնալով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի և մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահարանը զննելու մասին արձանագրության՝ որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի վիճարկմանը` դատարանը գտել է, որ զորամասի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող, փական չունեցող և ըստ էության չկողպվող պահարանը, նույնիսկ որևէ զինծառայողի ամրակցված լինելու պարագայում, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի տեսանկյունով չունի բնակարանի կամ դրան կից օժանդակ տարածքի կարգավիճակ.

«Նման պարագայում զննման արձանագրությունը և դրանով պայմանավորված իրեղեն և այլ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու, բջջային հեռախոսը հայտնաբերելու և վերցնելու նպատակով այլ քննչական գործողություն՝ խուզարկություն կատարելու վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումներն անհիմն են։ Դատարանը նաև փաստում է, որ զննումն իր բնույթով անհետաձգելի քննչական գործողություն է, այսինքն՝ դրա իրականացման ձգձգումը տվյալ դեպքում ևս կարող էր հանգեցնել ապացուցողական արժեք ներկայացնող նյութի` բջջային հեռախոսի անդառնալի կորստին, հետևաբար՝ կատարման ուշ ժամը (ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 6-րդ հոդվածի 48-րդ կետի տեսանկյունով՝ գիշերային ժամանակը) ինքնին այդ քննչական գործողության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու բավարար փաստարկ չէ։

Դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վերոնշյալ ապացույցները ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 105-րդ հոդվածի տեսանկյունով թույլատրելի են, կարող են դրվել սույն դատական ակտի հիմքում»։

Դատարանն ամբաստանյալներից մեկի անձը դրականորեն բնութագրող տվյալ է գնահատում նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ և ժամկետային զինծառայող լինելը, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` անկեղծորեն զղջալը, բնակության և ուսման վայրերում դրականորեն բնութագրվելը: Դատարանը որպես մյուս ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող տվյալ է գնահատում` նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ և ժամկետային զինծառայող լինելը, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` անկեղծորեն զղջալը, բնակության և ուսման վայրերում դրականորեն բնութագրվելը:

Դատարանը նաև հաշվի է առնում այն, որ ամբաստանյալները զորամասի հրամանատարության կողմից բնութագրվել են բացասականորեն։ Դատարանը ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել։

Դատարանը վճռել է ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված հրամանատարության հսկողությանը հանձնելն անհապաղ վերացնել, իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված տուժողի հեռախոսը վերադարձնել նրան, որպես դատական ծախս՝ ամբաստանյալներից հօգուտ պետական բյուջեի՝ համապարտությամբ բռնագանձել 24.800 դրամ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի այս վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ: Հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս