Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթն է

1999 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98 թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը: Այս փաստաթղթում Համաշխարհային բանկի վարկային պահանջներից ու նախապայմաններից են՝ Հայաստանի էներգահամակարգը դնել կոմերցիոն հիմքերի վրա, վերացնել ֆինանսական դոտացիաները և ծախսերը չծածկող սակագները, նախկինում կուտակված պարտքերն ընդգրկել սակագների մեջ (այլ ոչ թե վճարել ընթացիկ եկամուտներից) և շարունակաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, իրականացնել անջատումների քաղաքականություն, սեփականաշնորհել էներգահամակարգը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ներմուծումը և արտահանումը ազատականացնել, ինչպես նաև, էներգահամակարգն արդյունավետ առևտրային հիմքի վրա դնելով, հասնել նրան, որ էլեկտրականության սակագներն ապահովեն մրցակցային շահույթ… (Այս փաստաթղթին վերաբերող վերլուծականը 2000 թվականին հրապարակվել է «Գարուն» ամսագրի թիվ 3 և «Голос Армении» թերթի հուլիսի 15-ի համարներում, «Վարկեր… բնության դեմ» և «Кредиты против кредитов» վերնագրերով):

Համաշխարհային բանկի 18931 փաստաթղթի բովանդակությունից պարզ երևում է, որ ՀՀ կառավարությունը ստրկաբար (կամ այլ դրդապատճառներով) ընդունել ու կատարել է բանկի բոլոր պահանջները, իսկ էներգահամակարգը ապապետականացնելու գործարքն ավելի է արագացրել, քան Համաշխարհային բանկն է պահանջել:
Ահա թե ինչու քննարկվող փաստաթղթում բանկն իր գոհունակությունն է հայտնում իր հլու-հնազանդ ծառային՝ ՀՀ կառավարությանը, որ ստեղծել է էներգետիկայի անկախ հանձնաժողով, որն իրագործելու է «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքի պահանջները, հաստատելու է շուկայական կանոնները և կանոնակարգված սակագները, բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները (1994թ. մեկ կՎտ ժամի միջին սակագինը կազմում էր 1,4 ցենտ, իսկ 1999թ. հունվարին այն հասավ 4,6 ցենտի), վերացրել է կենսասահմանային և անապահով խավերի համար գոյություն ունեցող զեղչերը…

Այժմ, երբ հերթական անգամ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն իրականում ստեղծվել է Համաշխարհային բանկի պահանջով և նրա զավակն է, սակագնի բարձրացումը «հիմնավորեց» համակարգի ֆինանսական ճեղքվածքով (հաշվարկվել է, որ 2014-15թթ. այն կկազմի 17,9 մլրդ դրամ): Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ գտնում է, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները համարում է հիմնավոր (lurer.com, 2014.07.02):

Մինչդեռ, ՀՀ էներգահամակարգի իրական սահմանադրության՝ ՀԲ-ի 18931 փաստաթղթի մասին որևէ խոսք չկա: Շահագրգիռ կողմը ստեղծում է այն կեղծ պատկերը, որ հերթական թանկացումը իբր բխում է էներգահամակարգի անվտանգության ապահովումից, երբ ՀՀ էներգահամակարգը կառավարվում է հենց այդ փաստաթղթով, որի մեջ անգամ նշված է սակագների բարձրացման ժամանակացույցը: Այսինքն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ասածների մեջ ճշմարտություն չկա: Նրանք ժողովրդից շարունակում են թաքցնել թանկացման իրական հիմքերը՝ Համաշխարհային բանկի հանձնարականները:

Այստեղ նաև պետք է նշել, որ ըստ 18931 փաստաթղթի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա է դրված էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության պատասխանատվությունը: Փաստորեն, ՀՀ կառավարությունն իր որոշ նախարարությունների գործառույթը հանձնել է օտարածին և օտարի թելադրանքով գործող, ՀՀ ինքնիշխանությունը չճանաչող մի հանձնաժողովի (Համաշխարհային բանկի18931 AM փաստաթղթի վերջում դրված է Ջուդի օԿոնորի ստորագրությունը, ով ներկայացված է որպես՝ երկրի տնօրեն):

Քանի դեռ չեն կասեցվել էներգետիկայի մասին օրենսգրքի որոշ դրույթները և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, անիմաստ է մտածել էներգահամակարգը ժողովրդի շահերին համապատասխանեցնելու և սակագների անօրեն բարձրացումն արգելելու մասին: Օրինակ, նշված օրենսգրքի «Կարգավորող սակագների ձևավորման սկզբունքները» 21-րդ հոդվածում ասվում է. «Էլեկտրական, ջերմային և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝

ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

… ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.

է) ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.

ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.

թ) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.

ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը»:

Այս հոդվածը սեփականատիրոջ ձեռքին մի առաձգական նյութ է, որը կարող է ձգել-մեծացնել այնքան, ինչքան կցանկանա: Օրինակ, կապիտալիստի համար «ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը», այն էլ պետականությունը կորցրած երկրում, արդեն վճռում է ամեն ինչ:

Նաև պետք է նշել, որ մենք՝ սպառողներս, «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում» ասվածը չենք ուզում ճանաչել, քանի որ էներգահամակարգը խիստ ցածր գնով վաճառվել է, որպեսզի սեփականատերը լուծի այդ և մյուս խնդիրները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների մեջ «օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը» ներառելն անմաքուր գործարք է, փաստորեն, քողարկվում է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի իրական ինքնարժեքը: Նշվածները պետք է ներառվեն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ:

Նույն այլանդակությանը հանդիպում ենք նաև ՀՀ ջրային օրենսգրքում, որտեղ սակագներում ներառված են՝ «ողջամիտ շահույթի ապահովում», «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի և տեխնիկական կորուստների ներառում» արտահայտությունները… (2003 թվականից ջրի սակագինը սահմանում է ՀԲ-ի հիշյալ հանձնաժողովը):

Ստեղծվել է մի ողբերգական իրողություն, երբ անգամ արտագաղթը՝ բնակչության թվի նվազումը և էլեկտրաէներգիայի ու ջրի խնայողությունն ակնհայտորեն բերելու են էլեկտրաէներգիայի և ջրի սակագների առավել մեծացման, քանի որ սեփականատերերը ՀՀ օրենքներով արդեն արտոնված են իրենց համար ողջամիտ շահույթ ապահովել:
Ամփոփելով նշեմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումն արդյունք է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված հանցավոր համաձայնության:

Հակոբ Սանասարյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ
[email protected]
23 հուլիսի, 2014 թ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս