Բաժիններ՝

Ինչպիսի՞ հանգամանքներ կարող են սպառնալ կարիերային

Կարող եք տարիներով աշխատել` կարիերայում հաջողությունների հասնելու համար, բայց հանկարծ մի սխալի պատճառով տարիների ընթացքում ձեռք բերածը կարող է կործանվել: Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ չմտածված եւ անզգույշ արարքներից, որոնց մեղավորը հաճախ հենց դուք եք: Սեփական անհաջողությունների պատճառ չդառնալու համար հարկավոր է իմանալ, ինչ սուր անկյուններ է պետք շրջանցել, գրում է DELFI-ին:

Հաճախակի ուշացումները

Բացառիկ ղեկավարներ կարող են հանդուրժել ուշացումները, հատկապես եթե մյուս աշխատակիցները ժամանակին են լինում աշխատավայրում: Ոչ ճշտապահությունը լուրջ սպառնալիք է կարիերայի համար, այն կարող է խանգարել հետագա առաջընթացին, երբեմն նաեւ` աշխատանքից հեռացման պատճառ դառնալ:

Շփումից խուսափելը

Ինքնամփոփ աշխատակիցները կարող են գործընկերների մոտ տարակուսանք եւ անվստահություն առաջացնել, իսկ հետո նրանց կսկսեն չնկատել: Դա նույնպես կարող է խոչընդոտել կարիերայում առաջընթացին, քանի որ դուք չեք կարող ստանալ կոլեկտիվի աջակցությունը: Բայց հակառակ ծայրահեղությունը եւս ցանկալի չէ:

Կորպորատիվների ժամանակ վարքագիծը

Կորպորատիվ միջոցառումներն իսկական ականապատ տարածք են, որտեղ հնարավոր է հեշտությամբ «պայթել»: Թուլանալ կարելի է, սակայն մշտապես հարկավոր է հիշել, որ դուք գտնվում եք ձեր գործընկերների շրջապատում եւ վաղը նրանք հիշելու են ձեր «խենթությունները»:

Ինքնուրույնությունը

Աշխատավայրում ավելի շատ գնահատվում է համագործակցությունը, թիմային աշխատանքը, քան անհատականը, եթե այդպիսի առանձնահատուկ հանձնարարություն չկա: Այնպես որ փորձեք համագործակցել գործընկերների հետ:

Անձնականն ու աշխատանքայինը խառնելը

Շատ կարեւոր է տարանջատել «աշխատանքայինն» ու «անձնականը»: Մասնավորապես ` աշխատանքային հեռախոսը չօգտագործել` ընկերոջ կամ ընկերուհու հետ երկարատեւ զրույցների համար, կամ համակարգիչը` սոցցանցերում շփվելու համար:

Սոցցանցերը

Սոցցանցում պրոֆիլը մեր կողմից գրվող գիրք է, ընդ որում` ինքնակենսագրականի ոճով: Պատկերացրեք, աշխատանքի մասին ձեր ոչ այնքան պատշաճ գրառումները ինչ ազդեցություն կարող են ունենալ, եթե դրանք կարդա «բոսը»: Ի դեպ, արդեն մի շարք հեղինակավոր ընկերություններում աշխատակիցներին զգուշացնում են սոցցանցերում զսպվածություն դրսեւորելու մասին` խորհուրդ տալով խուսափել քաղաքական կոչերից եւ «18+» նշանով պոստերից:

Ծառայողական սիրավեպը

Ոչ մի ղեկավարի համար ցանկալի չէ, երբ աշխատավայրը վերածվում է ժամադրավայրի: Հետեւաբար եթե հենց աշխատավայրում եք գտել ձեր կեսին, ավելի կոռեկտ վարքագիծ դրսեւորեք, հակառակ դեպքում գտնելով սերը, կարող եք կորցնել աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս