Էդուարդ Մանուկյան. «Պետությունը պետք է պահանջի գիտության աշխատանքի արդյունքի շոշափելի երաշխիքը»
Գիտության ֆինանսավորման ոչ նպատակայնության, գիտության բյուրոկրատիզացիայի և այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանի հետ:
Պրոֆեսորը պնդում է, որ բյուջեի մեջ պետք է նշվի, որ գիտության համար նախատեսվող գումարները պետք է ծառայեն ՀՀ տնտեսության և ռազմական հզորության զարգացմանը:
Պետությունը գիտության ոլորտի մասնագետներից պետք է պահանջի գիտական աշխատանքի արդյունքների շոշափելի երաշխիք: Այդ արդյունքները բյուջեի կատարումից հետո պետք է արտահայտվեն ստացված կամ սպասվելիք տնտեսական «էֆեկտի» տեսքով (արտահայտված դրամով):
Պրոֆեսորը նշում է, որ արդյունք կարող է համարվել նաև երկրի պաշտպանական համակարգի զարգացումը, որը պետք է հաստատվի ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան խորհրդի կողմից տրված տեղեկանքով.
– Ցանկալի է, որ բյուջեում պետական պատվերի տեսքով նշվեն որոշակի գիտատար կոմպլեքսային թեմաների կատարման անհրաժեշտությունը. օրինակ՝ անօդաչու թռչող ապարատների ստեղծում, տեղական հումքն օգտագործող քիմիական տեխնոլոգիաների մշակում, և այլն: Ինձ համար լրիվ անհասկանալի է, որ որպես բյուջեի կատարման արդյունք՝ աշխատանք կատարող հիմնարկներում դիտվում է տպագրված հոդվածների քանակը (եթե այն տպագրվում է արտասահմանյան ամսագրերում):
Չէ՞ որ, եթե ստացված գիտական արդյունքները ներկայացնում են որոշակի գիտական արժեք, ապա այն հասանելի չի լինում մեր մասնագետներին, ավելի շուտ, նպաստում է օտար (հնարավոր է՝ մեզ թշնամի) երկրների զարգացմանը: Ստացվում է, որ մեր բյուջեում կատարվող ծախսերը նպաստում են օտար տնտեսությունների զարգացմանը:
Մինչև 90-ական թվականները նման երևույթները կանխելու համար գոյություն ունեին հատուկ պետական փորձագիտական հանձնաժողովներ, որոնց թույլտվությունից հետո միայն հոդվածը կարող էր տպագրվել մամուլում:
Էդուարդ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և նախարար Արմեն Աշոտյանի ուշադրությունը հրավիրել իր բարձրացրած հարցերին: Նա մի քանի ուղի է առաջարկում, որոնց օգնությամբ կբարձրանա գիտության գործունեության արդյունավետությունը: Առաջին հերթին՝ պետք է նշվի, թե գիտության զարգացման համար հատկացվելիք գումարի դիմաց պետությունն ի՞նչ է ստանալու.
– Հայաստանի նման փոքր երկիրն իրավունք չունի հիմնարար գիտության վրա շեշտը դնել: Այստեղ կարևոր է զարգացնել կիրառական գիտությունը: Հիմնարար և կիրառական գիտությունների միջև առավելություն պետք է տրվի կիրառականին, որովհետև պետությունը չի կարող խնդիր դնել հիմնարարի համար, և հիմնարարի չափը պետք է որոշի կիրառականի մասնագետը:
Էդուարդ Մանուկյանի համոզմամբ՝ գիտական աշխատանքների կազմակերպման մեթոդիկայի մշակումներ է հարկավոր անել.
– Գիտություն ես անում՝ տալիս ես քո մեթոդիկան, տեխնոլոգիան՝ հոդվածներով, բայց մինչև դա չես կիրառում, չես ստանում արդյունք, սա համարվում է անօգուտ: Ցանկացած գիտատար թեմա կատարելիս՝ աշխատանքը բաժանվում է երկու փուլի՝ գիտական մշակումների և փորձնական կամ փորձանախագծային աշխատանքների փուլերի:
Պարզ է, որ թեմայի կատարման ռեալ արդյունքը կերևա միայն երկրորդ փուլի կատարումից հետո, իսկ ներկայումս հիմնականում սահմանափակվում են առաջին փուլով: Հիմա պետությունը փողը տալիս է առաջինին, սա էլ հոդվածներ է տպագրում: Ո՞ւմ են պետք այդ հոդվածները: Երկրորդ փուլն ամենակարևորն է:
ՀՊՃՀ պրոֆեսորը վստահ է, որ իր նշած խնդիրները հնարավոր է լուծել նաև «գիտության բյուրոկրատիզացիայի» պարզեցմամբ՝ բազմաստիճան գիտական համակարգի վերացմամբ: Էդուարդ Մանուկյանի կարծիքով՝ գիտական աստիճանները խանգարում են լավ մասնագետ լինելուն, քանի որ գործի համար պայքարելու փոխարեն՝ շատերը սկսում են պայքարել «գիտական ուսադիրների» համար.
– Լրիվ բավարար է գիտական մեկ աստիճանի գոյությունը: Աշխարհում «գիտական կոչում» հասկացություն չկա: Դա Ցարական Ռուսաստանի հետևանք է՝ Սովետական Միությունից մնացած բազմաստիճան գիտական աստիճանների և կոչումների համակարգը:
«Գիտնական» բառի փոխարեն՝ պետք է լինի՝ «մասնագետ», քանի որ այդ մասնագետը սկսում է պայքարել ոչ թե գործի համար, այլ կոչումի, աստիճանի համար: Հետևաբար՝ առաջնային ուղղությունից շեղվում են:
Պետք է լինի մեկ աստիճան՝ ինչպես ամբողջ աշխարհում է. դոկտորը, ակադեմիկոսը պետք է հանվի: Իրենց մասնագիտական մակարդակը բարձրացնելու փոխարեն՝ զբաղվում են «գիտական ցմահ ուսադիրներ» ձեռք բերելու գործընթացով: Արդյունքում՝ ունենում ենք ներկայիս պատկերը, որ հաճախ գիտությունների դոկտորին դժվարանում ես մասնագետ համարել: