Ութ պատճառ, որոնք 2015թ. նոր գլոբալ ճգնաժամի պատճառ կարող են հանդիսանալ
Մրցունակության համաշխարհային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արթուր Բրիսը կարծում է, որ գլոբալ տնտեսությունը 2008 թվականից հետո ամենամեծ մարտահրավերի դեմ հանդիման է կանգնած, հաղորդում է DELFI-ն: Բրիսի կանխատեսմամբ` նոր ճգնաժամը միանգամայն հնարավոր է, իսկ պոտենցիալ «գործող անձինք» բավականաչափ ջանքեր չեն գործադրում` այն կանխելու համար: Ըստ նրա` վիճակագրությունը վկայում է, որ հաջորդ լուրջ ճգնաժամը աշխարհը կզգա 2015թ. ապրիլից մինչեւ 2016 թ. մարտը: Բրիսը նշում է, որ ճգնաժամի համար ութ պատճառ կա.
Բաժնետոմսերի շուկայի «փուչիկը»
Անցած տարի բաժնետոմսերի շուկայում իրավիճակն այնքան էլ լավ չէր, եւ պայթյունը ընդամենը ժամանակի հարց է: Եթե շուկան վերադառնա ողջամիտ մակարդակի, ապա այստեղ պետք է ակնկալել 30-35% անկում:
Չինաստանի բանկային ոլորտը
Լուրջ ճգնաժամի հիմք կարող է լինել Չինաստանի ստվերային բանկային ոլորտը:
Դա մի համակարգ է, որտեղ վարկերը հիմնականում տրամադրվում են կառավարական հաստատություններին, որոնք ինչպես հարկն է, չեն ստուգվում: Բացակայում է նաեւ մրցակցությունը: Այս համակարգի փլուզումը բացասաբար կանդրադառնա նաեւ գլոբալ տնտեսության վրա:
Էներգետիկ ճգնաժամ
ԱՄՆ-ն, որպես աշխարհում գազի խոշոր արտադրող, կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել: Եթե ԱՄՆ-ն սկսի գազ արտահանել Եվրոպա եւ այլ տարածաշրջաններ, Ռուսաստանը, սպառնալիք կզգա, ինչն իր հերթին աշխարհաքաղաքական լարվածություն կառաջացնի:
Անշարժ գույքի շուկայի հերթական «փուչիկը»
Անշարժ գույքի շուկայում «օճառային պղպջակի» առաջացման ռիսկ է առկա Բրազիլիայում, Չինաստանում, Կանադայում եւ Գերմանիայում:
Վարկանիշների ճգնաժամ. «BBB –ն նոր AA է»
Ձեռնարկությունների պարտքային բեռը բավականի մեծ է, եւ նոր նոմա է` ունենալ BBB վարկանիշ: ԱՄՆ-ում ընդամենը երեք ընկերություն կա, որոնք AAA վարկանիշ ունեն` ExxonMobil-ը, Microsoft-ը եւ Johnson & Johnson-ը:
Պատերազմ եւ հակամարտություններ
Մի շարք տարածաշրջաններում աշխարհաքաղաքական առումով լարվածություն է առկա: Այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են ուկրաինական դեպքերը, կարող են շուկաների անկմանը թափ հաղորդել:
Խորացող աղքատություն
Աշխարհում աղքատությունը գնալով ավելի է խորանում: Սա մեծացնում է սոցիալական հիմքով հակամարտությունների ռիսկը, ինչն էլ իր հերթին կարող է վնասել ինովացիոն եւ տնտեսական աճին:
Հիպերինֆլյացիա
Կենտրոնական բանկերն ու ձեռնարկություններն ավելի մեծ գումարներ են պահում, ինչը կարող է վնասել տնտեսությանը: Եվրոպական կենտրոնական բանկը գումարներ է հատկացնում ֆինանսական հաստատություններին, որոնք վերադարձնում են դրանք կենտրոնական բանկին: Դա փակ շղթա է ստեղծում: Google –ն այսօր կարող է Իռլանդիայում մեծամասնական մասնակցություն ձեռք բերել, Microsoft-ը կարողէ ձեռք բերել Սինգապուրի 50%-ը: Դա անոմալ իրավիճակ է: