Արամ Սարգսյան. Մի օր կարող են ոչ թե փոքր դիվերսիա անել, այլ լայնածավալ պատերազմական գործողությունների անցնել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, առաջին անգամ է հրապարակայնորեն դժգոհում Ռուսաստանի քաղաքականությունից, սակայն իր կարծիքով` նախագահն իր մտահոգությունը պետք է քննարկեր հասցեատիրոջ` Ռուսաստանի հետ:
Խոսքը վերաբերում է արգենտինական Clarin թերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որում նախագահը մասնավորապես ասել է. «Մեր ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանը կկարողանա պաշտպանել իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Բաքվին, ես չեմ կասկածում, որ դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած պարտավորությունները»:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային` Արամ Սարգսյանը նշեց հետևյալը. «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ հարցը նաև Ռուսաստանի ներկայացուցիչների մոտ և ստացել ենք ինչ-որ պատասխաններ: Որքանով է դա մեզ գոհացրել, այլ հարց է: Օրինակ, ես այդ հարցը բարձրացրեցի Երևանում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ, ներկա էր նաև Բորդյուժան: Եվ իրենք փորձեցին ինչ-որ կերպ բացատրել: Եթե այդ բացատրությունները պաշտոնական դիրքորոշման հետ չեն համընկնում, պետք է այդ հարցը քննարկել համապատասխան կառույցի կամ անձի հետ: Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտություն կա այդ հարցը բարձրացնելու, դա միանշանակ է: Երևի նա գիտեր` ինչու է այնտեղ և այս պահին դրա մասին խոսում, հավանաբար ինչ-որ պատճառ ուներ: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել»:
Նրա խոսքով` հարցի բարձրաձայնումն ավելի շատ կապված է ղարաբաղյան խնդրի, քան եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետ:
«Ըստ իս` խնդիրն ավելի շատ կապված է Ադրբեջանի ներկայիս պահվածքի հետ, որը, զենքն օգտագործելով, անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել սահմանի վրա: Եվ դա լուրջ վտանգ է պարունակում, որովհետև մի օր կարող են ոչ թե փոքր դիվերսիա անել, այլ լայնածավալ պատերազմական գործողությունների անցնել: Զենքի քանակն այնտեղ այնքան է ավելացել, որ, ինչպես ասում են, ինչ-որ մի տեղ պետք է կրակի: Կարծում եմ` Սերժ Սարգսյանն այս առումով է մտահոգություն հայտնել: Պարզ է, որ նախագահն անհամեմատ ավելի շատ ինֆորմացիայի հնարավորություն ունի, քան մենք, և հնարավոր է` իրավիճակի վերլուծությունն իրեն ստիպում է բարձրաձայն խոսել այդ խնդրի մասին: Իսկ Եվրասիական միության հետ կապված բոլոր այդ խոսակցությունները, որ Ռուսաստանը, իբր թե, պայման է դրել Ադրբեջանին նույնպես անդամ դարձնել, հիմք չունեցող լուրեր են»,- ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը: