«ԳՈՒՄ»-ի շուկայի մսի բաժիններում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները (տեսանյութ)
Ժամանակ առ ժամանակ «ԳՈՒՄ»-ի շուկայի տարածքում գտնվող վաճառակետերում սննդամթերքի անվտանգության ստուգումներ են անցկացվում: Խնդիրն այն է, սակայն, որ նախկին ստուգումներից հետո պայմանները չեն բարելավվում, արձանագրված խնդիրների պատճառները ոչ միայն չեն վերացվում, այլև նոր ստուգումների արդյունքների մասին վերջին տարիներին չի հայտարարվում: Այնինչ դա անհրաժեշտ է, առաջին հերթին՝ բնակչությանը տեղեկացնելու համար, որպեսզի հրաժարվեն նման վաճառակետերից մսամթերք և այլ սննդամթերք գնել: Օրինակ, տարիներ առաջ՝ 2011 թվականի հունիսին, Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ԳՈՒՄ»-ի տարածքում որոշ կրպակների, այդ թվում՝ մսի վաճառքի կետերի գործունեությունը կասեցրել էին: Սննդամթերքի վաճառքի կետերում իրականացրել էին ստուգումներ և հետագա «ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էին մարդու առողջության համար վտանգավոր միկրոբներ, այդ թվում` աղիքային ցուպիկ»: Այդ նույն ասուլիսի ընթացքում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը հայտարարել էր, որ մսավաճառները խորամանկ քայլերի են գնում սառեցված խոզի միսն իրացնելու համար. «Սառեցված մսերը հետ են գալիս, ու թարմի տեղ վաճառում են: Մենք նման դեպքերի հանդիպել ենք»: Նա պարզաբանել էր, որ նման բան տեսել է «ԳՈՒՄ»-ի շուկայում: Շուկայի մսի կրպակների սանիտարական պայմանները, կարող եք ինքներդ այցելել և տեսնել, առանձնապես չեն փոխվել այս տարիների ընթացքում:
Վերջերս 168.am-ին ականատեսներից մեկը պատմել էր «ԳՈՒՄ»-ի շուկայի տարածքում (թե՛ ներսում, թե՛ դրսում) վաճառվող մսամթերքի սանիտարահիգիենիկ խայտառակ պայմանների մասին: «Շուկայի ներսի մսի բաժնի ցուցափեղկ-սառնարանների, տաղավարների մեջ կատուներ էին զբոսնում, քչփորում: Ու դիմացի վաճառականները բոլորովին չէին զարմանում այդ փաստից, քանի որ դա, պարզվեց, սովորական երևույթ է այդ շուկայի համար: Մսավաճառների գնալուց հետո պետք էր տեսնել՝ ինչ էր կատարվում այդտեղ, իսկ առավոտյան, բնականաբար, կրկին միս էին տեղադրել ու վաճառում էին»,- ասաց մեր գործընկերը, ով այդ ամենը տեսել էր իր աչքով:
Երեկոյան ժամը 17:30-ից մինչև 18:00-ն «ԳՈՒՄ»-ի շուկայի մսավաճառներն ավարտում են իրենց աշխատանքը և սառնարանային ցուցափեղկերում տեղադրված միսը տեղափոխում են սառնարաններ:
168.am-ը մի քանի օր շարունակ այցելելով այդ շուկա՝ ուսումնասիրեց մսի տաղավարները: Քանի որ արդեն ուշ ժամ էր, մնացած բաժինների՝ բանջարեղենի, չրեղենի վաճառողներն ապշած հետևում էին՝ ինչո՞ւ ենք այդքան ուշադիր զննում մսի վաճառասեղանները: Նրանց համար տարօրինակ էր այն, որ այդ ժամին օտար անձնավորություն եկել և շուկան է ուսումնասիրում. հարցնում էին՝ «ասեք, ի՞նչ եք ուզում», «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պարզվեց, որ իսկապես ուսումնասիրություն կատարելու կարիք կար, և անհանգստանալու միակ պատճառը կատուները չէին:
Սառնարանային ցուցափեղկերը, որտեղ ցուցադրվում է միսը, ոչ սանիտարական վիճակում էին գտնվում՝ կային մսի մանր ավելցուկներ, դատարկ կոկա-կոլայի շշեր, բաժակներ, և այլն: Մսավաճառներն առանց իրենց սեղանները, սառնարանները մաքրելու՝ գնացել էին տուն. մսի սեղանները, կոճղերը նույնպես արյունոտ էին, և մսի մանր կտորներ կային կոճղերի վրա:
Հայաստանի Հանրապետության՝ «Պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին հրամանի մեջ սարքավորումներին, գործիքներին և ամանեղենին ներկայացվող պահանջներում ասվում է.
«Միսը ջարդելու կոճղը պետք է դրված լինի հատուկ տակդիրի վրա, դրսից ներկված լինի յուղաներկով, ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո այն պետք է մաքրվի դանակով, լվացվի տաք ջրով և ծածկվ իաղի շերտով: Կոճղի մակերեսն անհրաժեշտ է պարբերաբար նորոգել (սղոցել)՝ դրա պատշաճ սանիտարական մշակումն ապահովելու նպատակով»:
Այս հրամանի ոչ մի պահանջին չէր համապատասխանում կոճղերի, գործիքների վիճակը:
Հիգիենիկ պայմանների բացակայությունից զատ, մսի պահպանման կանոնները ևս պահպանված չէին: ՀՀ Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ եթե միսը նոր է մորթված, պետք է սառի (դա կարող է տևել 1-2 ժամ), հետո նոր կտրատեն ու տեղադրեն սառնարանում: Իսկ առհասարակ մորթվելուց հետո միսը կարելի է պահել 4-8 ժամ կախված վիճակում՝ մինչև այն արյունաքամ լինի:
Այսպես, մսի կրպակների փակվելուց հետո արդեն 2 ժամ էր անցել, իսկ կախված մսերն այդպես էլ չտեղափոխեցին սառնարաններ:
Մեր փոքրիկ հետաքննության ամենազավեշտալի պահը սկսվեց այն ժամանակ, երբ շուկայի ներսի աստիճաններով մի կատու սկսեց բարձրանալ: Սակայն այս կատուն այդքան էլ վտանգավոր չէր: Նրանից հետո հայտնվեց մեկ այլ՝ ավելի համարձակ սև կատու: Նա սկզբում ուսումնասիրեց տարածքը, հետո շատ զգուշորեն, որպեսզի ուշադրություն չգրավի, քայլեց դեպի սառցախցիկը և դրա տակով մտավ մսի տաղավարների տարածք: Թե ի՞նչ արեց նա ներսում, մեզ հայտնի չէ, բայց մինչ մեր գնալն այդտեղից դուրս չեկավ:
Շուտով հայտնվեցին այլ կատուներ, որոնք նույնպես ցանկանում էին սև կատվի նույն հնարքն անել, սակայն՝ իրենց մեծ չափերի պատճառով, չկարողացան: Նրանցից մեկը բարձրացավ հենց մսի սեղանի վրա: Աղբամաններ քչփորող կատուների քանակը շատացել էր, արդեն մոտ 7 կատու կար տարածքում, որոնք ազատորեն ելումուտ էին անում:
Երբ փորձում էինք նկարել սեղանի վրա նստած կատվին, մեզ մոտեցավ շուկայի անվտանգության աշխատակիցը և խնդրեց չնկարել կատուներին: 168.am-ը հետաքրքրվեց՝ ընդհանրապես ինչո՞ւ այսքան շատ կատուներ կան շուկայի տարածքում՝ մսի բաժիններում, և ինչո՞ւ են թույլ տալիս, որ նրանք ներս մտնեն: Անվտանգության աշխատակիցը բացատրեց, որ այդ կատուները ոչ մի վնաս չեն տալիս և շատ կարևոր դերակատարություն ունեն իրենց մոտ. «Որ առնետներ չլինեն: Զուտ դրա համար են կատուները, ուրիշ ոչ մի բան: Ասենք՝ ինչի՞ շուն չկա… Որ առնետ չլինի, մուկ չլինի»: Նրա խոսքով՝ ամեն օր պարտադիր մաքրում են տարածքը, ինչը, սակայն, բոլորովին նկատելի չէր: Իսկ այն, որ այդ սառնարանները և տարածքը ողողվում են փողոցային, աղբերի մեջ քչփորող կատուների մազերով, և որ նրանք նաև միզում են ու աղտոտում սառնարանների մեջ ու ողջ տարածքում, թերևս, շուկայի տնօրինությանը, վերահսկող մարմիններին և մսավաճառներին քիչ է հուզում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բավական Ափիցարյան