Բաժիններ՝

Չի կարելի գնել արևի տակ վաճառվող մսամթերքը (տեսանյութ)

ԳՈՒՄ-ի շուկայի շրջակայքում մսավաճառները խախտում են մսի պահպանման անվտանգությունը՝ վաճառելով միսը սառնարաններից դուրս: Եթե շրջեք այդ տարածքով, կնկատեք՝ ոմանք ոչ միայն միսը չեն պահում սառնարաններում, այլև գոնե չեն ծածկում՝ արևի ճառագայթներից պաշտպանելու համար:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ մսամթերքն ընդհանրապես չի կարելի թողնել արևի տակ. «Արևի ուղղիչ ճառագայթների ներքո մսամթերքն իրավունք չունի գտնվել»:

Ըստ Հովհ. Մկրտչյանի՝ մսամթերքը պարտադիր պետք է պահվի սառնարաններում: Նա բնակչությանը խորհուրդ է տալիս մսամթերք գնել հնարավորինս հիգիենիկ պայմաններում մսամթերք վաճառող խանութներից. «Միսը պետք է սառնարանում դրված, նորմալ փաթեթավորված լինի, ինչպես նաև պետք է լինի մակնշումը»:

gummm

Խոսելով կրպակներում վաճառվող՝ կախկախված մսամթերքի անվտանգության մասին՝ Հովհ.Մկրտչյանն ասաց, որ եթե միսը նոր է մորթված, պետք է պաղի (դա կարող է տևել 1-2 ժամ), հետո նոր կտրատեն ու տեղադրեն սառնարանում: Իսկ առհասարակ մորթվելուց հետո միսը կարելի է պահել 4-8 ժամ կախված վիճակում՝ մինչև այն արյունաքամ լինի:
Հովհ. Մկրտչյանը նկատեց, որ տարածքի պայմանների սանիտարահիգիենիկ վիճակը, վաճառողի առողջական վիճակը կարող են նշանակություն ունենալ մսամթերքի անվտանգության պահպանման համար: Մսամթերքը, բնական է, պետք է պահպանվի սառնարանում, ու այն չպետք է դրվի պատրաստված սննդամթերքի հետ, պետք է տարանջատված լինի:

gummm1

Կան տարբեր ձևեր հասկանալու համար՝ արդյոք վաճառվող միսը որևէ խնդիր ունի՞, թե՞ ոչ. «Մսի գույնից, հոտից, համից կարելի է հասկանալ: Թարմությունը որոշելու համար մատով սեղմում են մսին. եթե շուտ է հետ գալիս իր նախկին տեսքին, ուրեմն դա թարմության նշան է, եթե փոս ընկած տեղը երկար ժամանակ հետ չի գալիս կամ ավելի դանդաղ է վերականգնվում՝ դա հնության նշան է»:

Հովհ. Մկրտչյանը երկար ճանապարհ գնացող մարդկանց խորհուրդ չի տալիս իրենց հետ միս տանել. «Մանավանդ, եթե չունեն համապատասխան պայմաններ՝ ընդհանրապես իմաստ չունի միս տանել: Եթե մարդիկ ինչ-որ խնջույքի են գնում, ապա աղը դրած միսը կարելի է տանել, քանի որ աղը վնասազերծում է միսը»:

Մենք փորձեցինք նաև հարցումների միջոցով պարզել, թե երևանցիները որտեղից են նախընտրում գնել մսամթերքը: Տես՝ տեսանյութում.

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս