Հայ-թուրքական սահմանի բացման հարցն ու թուրքական դիվանագիտության «փափուկ բարձը»

Կարո՞ղ է արդյոք մոտ ժամանակներում բացվել Հայաստանի և Թուրքիայի սահմանը: Այս հարցն առավել ակտիվորեն սկսել է քննարկվել հայտնի Ֆուտբոլային դիվանագիտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացի մեկնարկից հետո, թեև մինչ օրս որևէ առաջընթաց չկա: Չնայած այս հանգամանքին,  թուրքական «Թարաֆ» թերթը մի քանի օր առաջ` հուլիսի 4-ին, գրեց, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են բացել սահմանն այս տարվա սեպտեմբերին: Թերթի հաղորդմամբ` արդեն երկու տարի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Ալիջանի սահմանակետի ուղղությամբ, և դրանք կավարտվեն սեպտեմբեր ամսին:

Այդուհանդերձ, նույն օրը Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ պաշտոնական հերքմամբ` հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Արդյոք կարո՞ղ է այս տեղեկությունն ինչ-որ կերպ արտացոլել իրականությունը, թե՞ սա Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ թուրքական քարոզչության հերթական ճկուն քայլն էր: Հիշենք թեկուզ Թուրքիայի գործող վարչապետ Էրդողանի ուղերձը հայ ժողովրդին` «1915 թ. իրադարձությունների վերաբերյալ», որը հրապարակվեց ապրիլի 23-ին 7 լեզուներով, այդ թվում` շատ վատ թարգմանված հայերենով: Թեև ուղերձն ինչ-որ առումով դրական էր, որովհետև Թուրքիայի ղեկավարն ամեն դեպքում առաջին անգամ ցավակցում էր հայերին, բայց մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ Էրդողանը խեղաթյուրում է փաստերը և թուրքական դիվանագիտությանը բնորոշ հայտնի ճկունությամբ փորձում համոզել հայերին և միջազգային հանրությանը, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, շուրջ մեկուկես միլիոն հայերի սպանությունը չի իրականացվել պետական քաղաքականության միջոցով, պարզապես Առաջին աշխարհամարտի տարիներին տուժել են և´ հայերը, և´ քրդերը, և´ թուրքերը, և´ արաբները, և օսմանահպատակ մյուս ժողովուրդները:

 

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` «Թարաֆի» հրապարակումը պարզապես խայծ է, 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ սպասումներ առաջացնելու ձև, և Թուրքիան չի պատրաստվում բացել հայ-թուրքական սահմանը:

Stepan Safaryan 01«Թուրքիան սահմանը չի բացի: Թուրքական քաղաքականության մեջ սահմանն ակնհայտորեն առևտրի հարց է, և եթե Թուրքիան իրեն անհրաժեշտը չպոկի Հայաստանից, նա այդ սահմանը չի բացի: Առայժմ որևէ նշան չկա խոսելու այն մասին, որ Թուրքիան կդավաճանի Ադրբեջանին»,- 168.am-ին ասաց Սաֆարյանը:

Վերլուծաբանի կարծիքով` տեսականորեն ոչինչ չի խանգարում Թուրքիային բացել սահմանը` առանց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, բայց սահմանի փակ լինելը կապված է Թուրքիայի որոշակի հաշվարկների և քաղաքականության հետ. «Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, որպեսզի դա մեզ թույլ տա ասել, որ նախկինում արված այդ հաշվարկներն այլևս չեն գործում»:
Ըստ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի` Թուրքիան վաղ թե ուշ պետք է գնա այդ քայլին, որովհետև Թուրքիան ինքն է հասկանում, որ չի կարող դառնալ աշխարհաքաղաքական լուրջ դերակատար՝ առանց հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու:

Xosrov Harutyunyan1

Խ. Հարությունյանի խոսքով` Թուրքիան նախևառաջ պետք է ապացուցի աշխարհաքաղաքական խաղացողներին, որ ունակ է հարևանների հետ հարաբերություններ կարգավորել: «Պատկերացրեք, մի պետություն, որ հավակնում է գլոբալ խաղացողների ակումբում հայտնվել, և նրանք չեն թաքցնում դա, նրանց համար «G20»-ը սովորական բան է համարվում, չի կարողանում մի փոքրիկ Հայաստանի հետ խնդիր կարգավորել: Համաձայնեք, որ սա Թուրքիայի համար լրջագույն հարցադրում է, ընդ որում, Հայաստան, որն իր համար քրդական պրոբլեմ չի ստեղծում, Հայաստան, որը շատ պարզ և հասկանալի նախաձեռնություններով է հանդես եկել` առանց նախապայմանների գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման: Հիմա նա, իհարկե, պատանդ մնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, առայժմ ձգձգում է, բայց բոլորն էլ հասկանում են, նաև Թուրքիան է հասկանում, որ նա չի կարող լուրջ դերակատարում ունենալ միջազգային ասպարեզում, եթե չկարողանա Հայաստանի հետ գոնե համագործակցելու ինչ-որ եզր գտնել: Թուրքիան դա պետք է անի, վաղ թե ուշ պետք է անի: Դրան ավելացրած` Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անկասկած, 2015 թ. Թուրքիայի համար ծանրագույն տարի է լինելու: Դրան ավելացնենք նաև այն, որ Էրդողանը, նորընտիր նախագահ դառնալով, ըստ էության, հավելյալ պարտավորություններ է ստանձնելու այդ ինստիտուտն արդյունավետ ներկայացնելու համար: Այստեղ ակնհայտ է, որ նրանք պետք է փորձեն աստիճանաբար շոշափել հնարավոր ներթուրքական տրամադրությունները: Այդ ուղերձը մեզ չի ուղղված, այն ուղղված է Թուրքիայի հասարակությանը: Նրանք փորձում են մի կողմից՝ նախընտրական փուլում ցույց տալ, որ իրենք ունակ են նման քայլերի գնալ, մյուս կողմից, որպեսզի չզրկվեն ռադիկալ տրամադրված ընտրազանգվածի ձայներից՝ Արտգործնախարարությունը հերքում է այդ տեղեկությունը: Բայց համաձայնեք, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո շատ բան փոխվեց Թուրքիայում` հայ-թուրքական հարաբերությունների հանրային մեկնաբանության տեսանկյունից: Մենք կարող ենք ասել, որ սառույցը ճեղքեր է տվել: Իհարկե, դա չի նշանակում, որ ամբողջ թուրք հասարակությունը պատրաստ է առերեսվելու իր պատմությանը, բայց նաև ակնհայտ է, որ գնալով ավելի շատ հայտնի մտավորականներ են անթաքույց խոսում Ցեղասպանության մասին»,- ասաց Խ. Հարությունյանը:

 

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ ղարաբաղյան հարցում չկա առաջընթաց: Ըստ նրա` Թուրքիան չի թաքցնում այն հանգամանքը, որ կբացի սահմանն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի իրենց համար ձեռնտու տարբերակով` հայկական զորքերը դուրս բերվեն նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջաններից:
Armen BadalyanԱնդրադառնալով «Թարաֆի» հրապարակմանը` փորձագետն ասաց, որ այն կարող է նաև զուտ քարոզչական նպատակ ունենալ, իսկ 2015 թ. «ցունամին» մի քիչ շատ է գերագնահատվում. «Այստեղ կա Հայաստանի դերը, բայց չմոռանանք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն արդեն վաղուց Հայաստանում չի որոշվում, որոշվում է Մոսկվայում: Այսինքն, կարելի է խոսել «ցունամիի» մասին միայն այն դեպքում, երբ Հայաստանն ինքն իր արտաքին քաղաքականությունն իրականացնի: Բայց քանի որ Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, այդ թվում՝ Ցեղասպանության հարցի վերաբերյալ, թեև ստեղծվել է հանձնաժողով, փաստորեն, 15 թ. դերը խիստ գերագնահատվում է: Գուցե Թուրքիան էլ մտածում է, որ 15 թ. շատ վտանգավոր կլինի իր համար, և որոշակի PR նախագծեր է իրականացնում: Շատ հավանական է, որ Թուրքիան ուզում է Ադրբեջանի տրամադրությունները տեսնել, բայց արդեն ստացավ Ադրբեջանի արձագանքը. Ադրբեջանը բացասական վերաբերմունք ցույց տվեց, և Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես հերքեց այդ թերթի հրապարակումը: Այսինքն, միգուցե Թուրքիան մտածում է, որ 2015 թ. ավելի լուրջ գործընթացներ են տեղի ունենալու Ցեղասպանության ճանաչման գործընթացում, այդ իսկ պատճառով այսօր փորձում է PR նախագծերի միջոցով ինչ-որ պատրանք ստեղծել, որ սահմանը շուտով կբացվի, որ այնտեղ շինարարություն է ընթանում, բացմանը 5 րոպե է մնացել, և այլն: Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այդ սահմանը չի բացվի, քանի դեռ Ղարաբաղի հարցում չկա առաջընթաց»:

 

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը նույնպես սահմանի բացման հարցը որոշակիորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի հետ: Մեզ հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից սահմանի բացման հավանականությունը 50/50 է, քանի որ Թուրքիան, բացի Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանելուց, նաև խնդիր ունի միջազգային հանրության առջև:

Hamlet Harutyunyan0

Հանրապետական պատգամավորը նշեց, որ իր խորին համոզմամբ` Թուրքիան մինչև 100-րդ տարելիցն ինչ-որ մի ժեստ անելու է, մանավանդ, եթե հիշենք Էրդողանի վերջին ուղերձը հայ ժողովրդին, բայց նաև ավելացրեց, որ դժբախտություն է համարում այն, որ մենք երբեք չենք կարողացել մինչև վերջ կանխատեսել Թուրքիայի քայլերը և նրա «լպրծուն արտաքին քաղաքականությունը»:

«Այդուհանդերձ, մենք լավատես ենք և հույս ունենք, որ անգամ Թուրքիան կարող է ինչ-որ մի ժամանակ քաղաքակիրթ լինել, ընդունել Ցեղասպանության փաստը և բացել սահմանները: Ի վերջո, այս դարում, երբ ողջ աշխարհի ժողովուրդները գնում են դեպի քաղաքակիրթ երկրների կառուցում, Թուրքիան չի կարող մնալ միջնադարյան բարբարոս պետություն, ինչպես եղել է: Բայցևայնպես, երևում է, որ նրանք դեռ Օսմանյան Թուրքիայի ժառանգներն են, և չեմ կարող 100 տոկոս վստահ լինել, որ նրանք այդ սահմանները կբացեն: Բայց ես լավատես եմ` ինչպես բոլոր հայերը»,- ասաց նա:

Վերադառնալով Թուրքիայի «լպրծուն արտաքին քաղաքականությանը»` Հարությունյանը համաձայնեց դիտարկմանը, որ լինելով Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն ու քաղաքականության շարունակողը` այսօրվա Թուրքիան ժամանակակից, գեղեցիկ փաթեթավորմամբ կարողանում է ներկայանալ աշխարհին՝ որպես ժողովրդավարական և բազմակարծիք հասարակություն ունեցող երկիր:

«Թուրքիայի ամենահզոր զենքն իր արտաքին դիվանագիտությունն է, և միշտ այդպես է եղել: Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակոնկրետ գնահատականը տվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարներից մեկը` Բեքիր Սամի բեյը, 20-րդ դ. սկզբին: Այս պատմությունը կապված է Քյազիմ Կարաբեքիրի հետ: Նա ցանկանում էր Աթաթուրքի դեմ դուրս գալ, և Թուրքիան կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին: Իսկ Կարաբեքիրը գլխավորում էր արևելյան բանակը, որը հետագայում արշավեց Հայաստանի վրա: Բեքիր Սամի բեյը, ով ուղևորվում էր Մոսկվա, ճանապարհից շեղվում է, գնում է Կարաբեքիրի ռազմակայան և նրան հորդորում, որ չգնա այդ քայլին՝ ասելով հետևյալը. «Որդիս, Թուրքիան չունի Կրուպի թնդանոթները, Թուրքիան չունի անգլիական նավատորմի նման նավատորմ, Թուրքիան ունի մի փափուկ բարձ, որը Ռուսաստանի գլխի տակից պետք է դնի անգլիացիների գլխի տակ, հետո հանի դնի ֆրանսիացիների գլխի տակ, և այդպես շարունակ»: Ձեր ասած լավ փաթեթավորված արտաքին քաղաքական ժեստերն իրենց ավանդական արտաքին քաղաքականության մասին են խոսում»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս