Ալիևն Օրբանի միջոցով սկսում է արգելափակել ԵՄ-ի խոստացած աջակցությունը Հայաստանին

Հունգարիան գուցե արգելափակի Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագծերը։ Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնեց, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

Հրապարակման համաձայն, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ավելի վաղ կրկին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Ըստ դիվանագիտական փաստաթղթերի՝ այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև՝ համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է՝ նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ»,- ասված է փաստաթղթում, որի ընդունումը, սակայն, մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։

Կարդացեք նաև

Ըստ նույն աղբյուրի՝ Բուդապեշտը պահանջում է, որ Ադրբեջանն էլ օգնություն ստանա ականազերծման համար: Խնդիրը, սակայն, այն է, որ Բաքուն այդ հարցով Եվրամիությանը չի դիմել, իսկ քանի դեռ չի դիմել, Եվրամիությունը ցանկության դեպքում անգամ չի կարող ընդառաջել: Ուստի գործընթացը վերջնականապես կարող է հայտնվել փակուղում: Այս պահին հստակ չէ՝ երբ և ինչպես կարող է հարցը հանգուցալուծվել, քննարկումները շարունակվում են, փոխանցել է «Ազատության» դիվանագիտական աղբյուրը: Ուշագրավ է նաև այն փաստը, որ նախօրեին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի, ինչպես նաև Եվրոպական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյին, ով Քոչարյանի հետ զրույցում մասնավորապես ասել էր հետևյալը․

«Առաքելության շրջանակում մայիսի 7-ին ներկայացնելու է հատուկ հաշվետվություն-զեկույց, ըստ որի՝ Եվրամիությունն ընդունելու է հատուկ բանաձև: Մեր նպատակն է, որպեսզի մենք հեշտացնենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի գործունեությունը: Եվ առաջին անգամ Եվրամիության պատմության մեջ նրանք աջակցություն են ցուցաբերելու Հայաստանին»,- նշել է նա:

Ըստ էության Ռոնան Լը Գլյոն իր այս մեկնաբանությամբ ակնարկում է, որ աջակցության ստացման ճանապարհին խնդիրներ են առաջացել, պայմանավորված հիմնադրամում ընդունված ընթացակարգերով։ Նախօրեին Հայաստանում էր նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը, ով ևս Երևանում իր զրուցակիցների հետ քննարկել է՝ ինչպես ապրիլի 5-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ ՀՀ-ի համար նախատեսված աջակցության, ինչպես նաև ԽՀ-ի միջոցով ՀՀ-ին աջակցության հարցերը։

Ավելի վաղ, մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերին, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն ներկայացրել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունը: Ըստ Ստանոյի՝ այդ մեխանիզմի միջոցով միությունն աջակցում է երկրներին՝ նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու կարողությանը: «Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական ու մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։ Այսպիսով, օրինակ՝ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,- ասել է Ստանոն և հավելել, որ Եվրամիության անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար: Իսկ այս հիմնադրամով ՀՀ-ին «ոչ մահաբեր» աջակցություն ցուցաբերելու նախնական որոշումը կայացվել էր նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին։

Նույնկերպ Հունգարիան հաջողությամբ արգելափակեց նախորդ տարի Արցախի վերաբերյալ ԵՄ անդամ 27 երկրների կողմից ծրագրվող համատեղ հայտարարությունը։ Գաղտնիք չէ, թե Հունգարիայի ներկայիս ղեկավար Վիկտոր Օրբանն ինչպիսի մտերիմ հարաբերություններ ունի՝ ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա միջոցով ռուսական կողմը կարողացել է Ուկրաինայի վերաբերյալ որոշ որոշումներ արգելափակել, Օրբանի գործոնն ակտիվորեն օգտագործում է նաև Ալիևը փաստորեն, որը արգելափակում է նաև այդքան փոքր 10 միլիոն եվրո արժողությամբ աջակցությունը ՀՀ-ին, որը, ինչպես բազմաթիվ իրենց անդրադարձերում ընդգծեցին եվրոչինովնիկները, լինելու է «ոչ մահաբեր», այսինքն՝ Հայաստանին չի տրվելու այնպիսի աջակցություն, որը պատճառելու է զոհեր Ադրբեջանին։

Սակայն Ադրբեջանի բռնապետն, ում հետ ՀՀ իշխանությունները խաղաղության հեռանկարներ են տեսնում և շարունակում զիջումներ անել իբրև թե հանուն ապագա խաղաղության, նույնիսկ այս չնչին «ոչ մահաբեր» աջակցությունն է արգելափակում, ի դեպ, դա անում է այնպես, որ հարցն ընդհանրապես քննարկման հնարավորություն չունենա, քանի որ, եթե Ադրբեջանն իր հերթին՝ ականազերծման համար օգնություն խնդրեր ու ստանար ԵՄ-ից, համապատասխանաբար ՀՀ-ն էլ կստանար իր համար նախատեսված աջակցությունը։ Սակայն Ադրբեջանը դրա կարիքն ամենևին չունի, թեև հունգարական կողմի արգելափակման պաշտոնական պատճառը ծրագրում Ադրբեջանին ներառելն է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանին ամենևին հարկավոր չէ ականազերծման հարցում աջակցություն, որն Ադրբեջանը հաղթահարում է սեփական միջոցներով ու Բրիտանիայի աջակցությամբ։

Ադրբեջանը ԵՄ-ՀՀ որոշումներն և Արևմուտքի ու հայաստանյան արևմտամետների կողմից լուրջ քարոզչության արժանացող աջակցության ծրագրերն արգելափակելու հաջողության պատմություն է կերտում։ Հետաքրքիր է՝ այս մասով ի՞նչ են մտածում եվրոպացի պաշտոնյաները, որոնց նույնիսկ այս փոքր «ոչ մահաբեր» աջակցությունն է արգելափակվում այն դեպքում, երբ ԵՄ-ն իրեն ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձի ֆոնին փորձում է դիրքավորել՝ որպես հուսալի գործընկեր նաև ռազմաքաղաքական ոլորտում։

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե փոխանցվող տեղեկություններն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա ԵՄ-ն այս խնդիրը պետք է հաշվի առնի ապագայում, քանի որ շատ այլ հարցերում ևս կարող են խնդիրներ ի հայտ գալ։

Ըստ նրա, բնական է, որ երկրները քաղաքականության համար օգտագործում են իրենց հասանելի բոլոր միջոցները՝ կլինեն դրանք դիվանագիտական, քաղաքական, տնտեսական կապեր ու հնարավորություններ։

«Սակայն ԵՄ-ի նման կառույցը պետք է իր քաղաքականությունն անխոչընդոտ իրականացնելու համար ելքեր գտնի՝ հատկապես Հայաստանի նման խնդիրներ ունեցող երկրի համար։ Ի վերջո, սա խնդիր է նաև ԵՄ-ի համար, քանի որ ԵՄ-ն Հարավային Կովկասում նաև աջակցության ծրագրերով իր քաղաքականությունն է իրականացնում։ Ընդհանրապես երկար ընթացակարգերն ու համաձայնեցումները ԵՄ-ում մշտապես խնդիր են եղել ոչ միայն Հայաստանի դեպքում, վաղուց պետք է ստեղծվեին ինչ-ինչ գործիքներ այս ամենը դյուրացնելու համար, քանի որ մի երկրի արգելափակումը կարող է արգելափակել ԵՄ-ի արած շատ լուրջ աշխատանքն ինչ-որ ուղղությամբ, այդ թվում՝ Ուկրաինայի, որն առանցքային օջախ է այսօր Արևմուտքի համար»,- նկատեց վերլուծաբանը։

Նա խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ կան երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում, որից հետո նույնիսկ տվյալ երկրների կողմնորոշումն է փոխվում՝ անդառնալի հետք թողնելով այդ երկրների ու ԵՄ-ի հարաբերությունների վրա։

«Խնդիրն առավելապես Արևմուտքի դաշտում է՝ քաղաքականությունը կառուցել ավելի արձագանքող, ժամանակին, առանց ձգձգումների՝ զերծ երկար համաձայնեցումներից, որոնք խանգարում են գործընթացներին»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է խնդրի ռեգիոնալ ասպեկտին՝ վերլուծաբանը գտնում է, որ նման խնդիր է առաջացել, քանի որ չկա կողմերի միջև փոխըմբռնում։ «Քանի դեռ դա չկա, կա առճակատում, հակամարտություն։ Ինչ որ հարցեր լուծվում են, ինչ-որ հարցեր՝ մնում, իրականում շատ հարցեր անհասկանալի են դրսից հետևող փորձագետի համար։ Կարծում եմ՝ որքան հայտարարվում է, որ կա առաջընթաց որոշ ուղղություններում, կան նաև խնդիրներ դեռևս չլուծված, որոնք դեռ զգացնել են տալիս»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս