Բագրատ սրբազանի, անխնա շահագործվող անտառաճանաչ ֆեյքի, ստորին օղակների ձեռնասունների ու նրանց տերերի մասին
Վերջին շաբաթներին՝ տավուշյան անհնազանդության ակցիաների թափ հավաքելուն զուգահեռ, սաստկացել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղղությամբ իշխանությունների, նրանց հարող շրջանակների ու իշխանությունների կողմից համակարգվող ֆեյքերի հարձակումները:
Հերթական անմեղսունակ գրառումը տարածվեց երեկ՝ երեկոյան: Հերթական ՔՊ-ականն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բագրատ սրբազանը երկու որդիներին էլ ազատել է բանակից»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գրառումը տարածող Վազգեն Մանուկյան անունով ՔՊ-ականը տեղեկացված չէ, որ Բագրատ սրբազանը որդիներ չունի ու չի կարող ունենալ՝ կուսակրոնության ուխտին դավանելու հանգամանքով պայմանավորված: Ակնհայտ էր, որ տեքստը տվել էին, կամ վերցրել էր մեկ այլ աղբյուրից:
Անտառաճանաչ այլ աղբյուրի մասին՝ հաջորդիվ: Հիմա հիշեցնենք պարզապես, որ Վազգեն Մանուկյան անունով ոչ ֆեյք ՔՊ-ականը նույն այն անձն է, ով 2018թ. ամռանը սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան լուրից հետո գրել էր՝ «Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյան էլ հեռացավ, ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»:
Գրառումն անգամ 2018թ. մեծ աղմուկ բարձրացրեց ու արժանացավ դատապարտման: Եվ իսկապես, բացառիկ սրբապիղծ է պետք լինել՝ նման գրառում կատարելու համար:
Պարզվում է, սակայն, որ Վազգեն Մանուկյանն իր այս գրառման տեքստը վերցրել է իշխանական հայտնի ֆեյք Ռեգինա Պրազյանի էջից:
«Բագրատ սրբազան կոչվող անձը երկու որդիներին էլ ազատել է բանակից: Սա անհերքելի փաստ է, որը պետք է իմանա ցանկացած տիպի բեթմենից հայրենասեր կերտել փորձող, կռապաշտությանը զարկ տվող միամիտ ու միամիտից բեթար այն սակավաթիվ մարդիկ, ովքեր դասեր չեն քաղում անընդհատ խաբվելուց»,- գրել է ըստ օդում կախված լուրերի՝ Ազգային ժողովի իշխանական առանձնասենյակներում ծվարած ու այնտեղից կեղտոտ հրահանգներ կատարող ֆեյքը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է ԱԺ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը։
«Նա է գրառումներ անում և պատասխանում մեկնաբանություններին: Ըստ նույն աղբյուրի տեքստերի բովանդակության պատասխանատուն այլ անձ է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, էջում հրապարակվող տեքստերի բովանդակության հեղինակը վարչապետի կինն է՝ Աննա Հակոբյանը»,- ասված էր կայքի պատրաստած տեսանյութի մեջ։
Ի դեպ, Ռեգինա Պրազյանի գրառումները հաճախ են տեղ գտնում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում: Հատկանշական է, որ «Հայկական ժամանակը» պատեհ ժամանակ իր ֆեյքին դարձրեց Երևանի դպրոցներից մեկի ծնող, ով հերթական զրպարտությունն էր տարածել այդ դպրոցի մասին… Եվ ոչ միայն այդ դպրոցի մասին:
Ուշագրավ է, որ ՔՊ-Լուսավոր Հայաստան երբեմնի սուր բախման ժամանակ Ռեգինա Պրազյանի ով լինելուն անդրադարձել էր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի անդամներից մեկը ողջամիտ կասկածներ էր հայտնել, որ հայտնի ֆեյքի էջը վարում է Ալեն Սիմոնյանը կամ նրան մոտ կանգնած մարդիկ:
Ինքը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ էր ԱԺ-ում իր ելույթներից մեկում ակնարկել այն մասին, որ ֆեյքը համակարգվում է իշխանության ամենաբարձր օղակներից:
Խորհրդարանում վիրավորանքի ու զրպարտության համար պատիժը խստացնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, որը ներկայացրել է Ալեն Սիմոնյանը, Էդմոն Մարուքյանը հայտարարել էր՝ թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի աշխատել:
«Ինձ թվում է, որ կարելի է հարցը լուծել ջենտլմենական պայմանավորվածությամբ: Օրինակ գործող իշխանությունն ասում է, որ կանջատի իր ֆեյքերի ֆաբրիկան, նախկին իշխանություններն էլ իրենց հերթին կասեն, որ կանեն դա: Ես էլ կարող եմ միջնորդ լինել, հրավիրել մի տեղ, որ իրար հետ բարիշեք: Ասենք՝ դուք Ռեգինա Պռազյանին անջատեք, իրանք՝ չգիտեմ ում: Այդպես ո՞նց կլինի»,- ասել էր նա՝ հավելելով՝ աբսուրդն այն է, որ այսօր զրպարտության դեմ պայքարի մասին խոսում են նրանք, ովքեր զրպարտել են. «Պրոցեսը շարունակվելու է իրականացվել ֆեյքերի միջոցով, ուղղակի թղթաբանությունն է շատանալու»:
Ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է: Պարզապես կարելի էր տարիներ ի վեր անխնա շահագործվող ֆեյքի վրա մի քիչ գումար ծախսել ու նրան փոքր-ինչ կրթել: