Հունաստանի ԱԳՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունը
Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա:
Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը», – ասվում է X սոցիալական ցանցի Հունաստանի ԱԳՆ միկրոբլոգում։