«Նոր Հալեպ» ծրագիրը չի տապալվել, 52 միլիոնն էլ տեղում է
2013 թվականի մայիսի 13-ին «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը 42 միլիոն դրամ է նվիրաբերել Աշտարակ քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
Ծրագրի մեկնարկման առաջին օրվանից կոչ է արվել Հայաստանի և Սփյուռքի բոլոր կազմակերպություններին և առհասարակ ողջ հայությանը` մասնակից լինել նոր թաղամասի հիմնմանը, որը ոչ միայն Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հազարավոր սիրիահայ ընտանիքների բնակարանի հարցն էր լուծելու, այլև, ըստ նախաձեռնողների, խթանելու էր հայրենադարձությունը, միաժամանակ` միտված էր Աշտարակ համայնքի զարգացմանը: «Գրանդ-Տոբակո» ձեռնարկությունն առայժմ ծրագրի միակ խոշոր նվիրատուն է. 25 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի համար մեկ տարվա ընթացքում հավաքվել է ընդամենը 52 միլիոն դրամ, ընդ որում, նվիրատուները հիմնականում Հայաստանից են:
Ըստ նախնական հաշվարկների, նվիրատվություններից բացի, բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գումարի մի մասը պետք է ներդնեին սիրիահայերը: Համահայկական այս ծրագրի մասնակցության կոչերը տարածվել են Սփյուռքի նախարարության, ինչպես նաև կառավարության բոլոր խողովակներով: Միայն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» (Երևան) տնօրեն Լենա Հալաջյանը 175 երկլեզու նամակ է ուղարկել աշխարհի հայտնի ու խոշոր հայկական կազմակերպություններին և անհատներին, սակայն ոչ միայն նվիրատվություններ չեն եղել, այլև նամակները մնացել են անարձագանք ու անպատասխան, իսկ 42 միլիոնից բացի հավաքված մյուս 10 միլիոնն էլ նվիրաբերել են հիմնականում հայաստանցիները (կա 500 ԱՄՆ դոլարի մեկ նվիրատվություն Իրանից և մեկ 5000 ռուբլի` Ռուսաստանից):
Սփյուռքի նախարարությունը զարմացած է. առաջին անգամ Սփյուռքն անտարբեր է գտնվել Հայաստանի կառավարության կոչերին: Մեկ տարվա ընթացքում բավարար գումար չհավաքվելու հանգամանքը հաշվի առնելով` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օրերս` «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության մասին իրեն ուղղված հարցմանն ի պատասխան, ասել է, որ ծրագիրը սառեցվել է:
Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում չի հավաքվել ծրագրի սկզբնական շրջանի համար անհրաժեշտ գումարը (ըստ հաշվարկի` մոտ 200 միլիոն դրամով հնարավոր էր ծրագիրը մեկնարկել): Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ վերջնականապես կորե՞լ է Սփյուռքի վստահությունը, թե՞ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է ազդել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վրա:
Իսկ գուցե պոտենցիալ նվիրատուները «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին տելետոնի ժամանակ հատուկ սիրիահայերի համար հանգանակած 1,5 մլն դոլարն արդեն բավարա՞ր են համարել` դրանով իրենց պարտքը մարված համարելով պատերազմի գոտում գտնվող մեր հազարավոր հայրենակիցների հանդեպ (1,5 միլիոն դոլարն ուղղվել է Սիրիայում մնացած հայերին). «Բայց սրանք տարբեր ծրագրեր են, չեմ ասում, թե այնտեղ գտնվող սիրիահայերի կարիքները պակաս կարևոր են` քան Հայաստանում բնակվողներինը, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Եվ մինչև հիմա մեզ համար հարց է մնում, թե ինչո՞ւ Սփյուռքն անտարբեր գտնվեց մեր ծրագրի հանդեպ»,- ասում է Լենա Հալաջյանը:
Հենց նրա ղեկավարած կենտրոնն է նման բնակշինարարության ծրագիր ներկայացրել Սփյուռքի նախարարությանը, որն էլ հաստատվել է կառավարական մակարդակով: Աշտարակի քաղաքապետարանը մոտ 5 հա հող է նվիրել, ճարտարապետները (այդ թվում` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, որ այն ժամանակ դեկան էր), սկսել են անվճար ճարտարապետական նախագծեր կազմել, կատարվել է հողի երկրաբանական ուսումնասիրություն, 650 սիրիահայ դիմում է գրել` նորակառույց թաղամասում կառուցվելիք 4-5 հարկանի շենքերում բնակարան ունենալու համար, նկարահանվել է տեսաֆիլմ, կազմվել է համայնքի զարգացման ծրագիր (քաղաքատիպ թաղամասում լինելու էին արհեստանոցներ, խանութներ, լողավազան, բակային տարածքներ), բացվել է հաշվեհամար, նախանշվել է թաղամասի կառուցման ժամկետը` երկու տարի, սակայն Սփյուռքի անտարբությունը սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել գեղեցիկ անվամբ երազային ծրագրի վրա:
Սփյուռքահայերը հիասթափված են սփյուռքահայերից
Լենա Հալաջյանի կարծիքով` անտարբերության պատճառ կարող է լինել նախաձեռնող և դիմող կազմակերպության նորաստեղծ ու դրսում ոչ հայտնի լինելը. «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին` Սիրիայի պատերազմից հետո. նրա հիմնական շահառուները միայն պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերն են: Լենա Հալաջյանը ցավով է նշում, որ հայապահպանության, հայրենադարձության և ազգային բարձր թեմաների մասին խոսող սփյուռքն անտարբեր է հալեպահայերին Հայաստանում պահելու այս ծրագրի հանդեպ.
«Նրանց այստեղ պահելու միակ ձևն այս է: Շուտով հնարավոր է` նաև վերջանա ՄԱԿ-ի` բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը, իսկ դրանից հետո շատ սիրիահայեր ստիպված են լինելու գնալ Հայաստանից:
Մի շենք չկարողացանք սարքել»,- ասում է հալեպահայ Լենա Հալաջյանը: Բայց պարզվում է` անտարբեր են ոչ միայն պոտենցիալ նվիրատուները, այլև հենց իրենք` սիրիահայերն են ծրագրի մեկնարկից հետո անտարբեր գտնվել իրենց ապագա հայաստանյան բնակավայրի կառուցման հարցում, և նրանցից ոչ ոք դիմում գրելուց հետո չի շտապել մուծել 5000 դոլար կանխավճարն ու կնքել նոտարական պայմանագիրը:
Ըստ երևույթին, ինչպես մեզ հետ զրույցում նաև նշեց Լենա Հալաջյանը, Հայաստանում անցնող մեկ-երկու տարվա ընթացքում կա՛մ սպառվել են նրանց խնայողությունները, կա՛մ էլ նրանք ակնկալիք են ունեցել, որ խոշոր դրամահավաք կլինի, և իրենք կվճարեն բնակարանի գումարի շատ չնչին մասը միայն: Սակայն Լենա Հալաջյանը նշում է, որ ծրագիրը սոցիալական չէ, ինչի մասին նրանց տեղեկացվել է նախօրոք: Հայտում հարցում է արվել, թե ի՞նչ չափով են պատրաստ մասնակցելու բնակարան ձեռք բերելուն (10, 20, 30 հազար դոլար), և նրանք բոլորն էլ լրացրել են այդ տողը: Բնակարանի համար հերթագրվածների մի մասը, Հայաստանում աշխատանք չգտնելով կամ չհարմարվելով, մեկնել է 3-րդ երկիր:
Իսկ դիմողների հիմնական մասը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, սպասում է, որ պատերազմը կմեղմանա, կգնան, ունեցվածքը կվաճառեն և այդ դրամը կներդնեն այս ծրագրում: Բայց Սիրիայի պատերազմը ո՛չ մեղմանալու, ո՛չ էլ վերջանալու նախանշաններ ցույց չի տալիս, ավելին, գնալով սաստկանում է իրավիճակը մանավանդ Հալեպում, և մի փոքր բաց ճանապարհ գտնելու դեպքում սիրիահայերը լքում են իրենց բնակավայրը. միայն վերջին երկու ամսվա ընթացքում 1000 սիրիահայ է եկել Հայաստան:
Մեզ հետ զրույցում բնակարանային հարցով մտահոգված մի խումբ սիրիահայեր նշեցին, որ Աշտարակ քաղաքը ոչ այնքան հարմար տարածք է սիրիահայերի համար. «Նրանց մեծ մասը Հալեպի կենտրոնում է բնակվել, և դժվար է սիրիահային համոզել գնալ քաղաքից դուրս, մանավանդ, որ այնտեղ նաև աշխատանքի հարց կա»: Այս առնչությամբ Լենա Հալաջյանն ասաց. «Ես անձամբ մարդիկ գիտեմ, որոնք ամեն օր Աշտարակից գալիս են Երևան, իսկ այն, որ բնակավայրը հարմար չէ, ապա նրանց նախօրոք է տեղեկացվել վայրի մասին, նույնիսկ ավտոբուսով շրջայց ենք կազմակերպել, երեք առաջարկված վայրերից ընտրվել է Աշտարակը: Կարծում եմ` սիրիահայն այս պահին ոչ թե իրեն տրված բնակավայրը քննարկելու մասին պիտի մտածի, այլ` ծածկ ունենալու: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ բոլորս էլ պատերազմի սարսափելի հետևանքներից ենք փրկվել»:
«Նոր Հալեպ»` Երևանո՞ւմ
Սիրիահայերին բնակարանով ապահովելու խնդրին է առնչվում Երևանում ամիսներ առաջ սկիզբ առած մեկ այլ շինարարական ծրագիր: Նկատելով, որ «Նոր Հալեպ» ծրագիրն ընթացք չի ունենում, և հեռանկար չտեսելով դեռևս նույնիսկ հիմքը չփորված հողատարածքում, Երևանում բնակարանային վարձ վճարող մի խումբ հալեպահայեր համախմբվել և իրենց ուժերով շենք են կառուցում Երևանի Դավիթաշեն համայնքում: Ձեռք են բերել կիսակառույց մի շինություն և համատեղ ուժերով, յուրաքանչյուրն` իր մասնագիտության շրջանակում (ՍՊԸ-ի մեջ կան էլեկտրականության մասնագետներ, փայտագործներ, այլ արհեստավորներ, ինչպես նաև` Սիրիայի գլխավոր վերելակային ընկերության հայ տնօրենը), կառուցում են շենքը:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի շինարարական ընկերությունը, իսկ շենքի սեփականատերն էլ, որ կրկին Միջին Արևելքից վերջին տարիներին է տեղափոխվել Հայաստան, որոշել է բնակարանները հալեպահայերին վաճառել հարմար գներով` 1 քմ-ը` 550 ԱՄՆ դոլարով (մոտավորապես նույն գինն էին ունենալու նաև Աշտարակի բնակարանները): Շենքը կիսով չափ արդեն պատրաստ է. մոտ 17 հալեպահայ արդեն բնակարան է ձեռք բերել միայն հալեպահայերի համար նախատեսված այս կառույցում: Շենքի սեփականատերը (որ չցանկացավ ներկայանալ) մեզ հետ զրույցում ասաց. «Իրականում ոչ թե էժան են մեր գները, այլ` խելամիտ: Այդ Հայաստանի նորակառույց շենքերի գներն են, որ թանկ են, նույնիսկ` շատ թանկ: Ամբողջ աշխարհում նորակառույց շենքերն այսպիսի պարկեշտ ու խելամիտ գներ են սահմանում»:
Իսկ «Նոր Հալեպ» ծրագրի նախաձեռնող կազմակերպության տնօրենը վստահ է, որ իրենց ծրագիրը ձախողված չէ. «Անցյալ շաբաթ նախարարի «սառեցվել է» խոսքը մամուլում վերափոխվեց` «ձախողվել է»: Մենք դեռ հույսեր ունենք, որ անհրաժեշտ գումարը կգտնենք և կառավարության` մեզ նվիրած հողատարածքի վրա մեր ուզած թաղամասը կկառուցենք: Ծրագիրը ձախողված չէ. եկեք չձախողեցնենք»,- ասում է Լենա Հալաջյանը: