Հայ հասարակության վերջին շանսը

Այսօր հուլիսի 5-ն է՝ ՀՀ Սահմանադրության օրը, որը մեր տոնացույցում նշվում է՝ որպես տոն: Նշվում է ընդամենը՝ որպես ոչ աշխատանքային օր, և ծառայում է ընդամենը պաշտոնյաների կողմից հերթական ճոռոմ ուղերձները հրապարակելու ու հասարակությանը շնորհավորելու արարողակարգային տափակ նպատակին: Քանի որ մի կողմից՝ Սահմանադրությունն այդպես էլ հասարակության համար չի դարձել հանրային կյանքի կարգավորման հիմնարար ինստիտուտ, մյուս կողմից՝ այն այդպիսին չի դարձել, որովհետև շնորհավորական ուղերձներ հղողներն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հայտնվել ուղերձ հղողների կարգավիճակում, Սահմանադրությունը ոտնահարել, խախտել, այլասերել են այնքան ու այնպես, որքան ու ինչպես հնարավոր չէ անգամ պատկերացնել:

Հայաստանում գրեթե ամեն օր խախտվում են Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները, բացառությամբ առաջին իշխանության, որի ժամանակ ՀՀ-ն դեռևս սահմանադրություն չուներ, արտադրվել ու վերարտադրվել են Սահմանադրության երկրորդ հոդվածի կոպտագույն խախտմամբ (Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով): Ու քանի որ այս՝ երկրորդ հոդվածը՝ իր բովանդակությամբ ու նշանակությամբ, համարվում է ժողովրդավարության ու սահմանադրականության անկյունաքարը, և որովհետև Հայաստանի իշխանությունները հաճախակի ու առանձնակի դաժանությամբ ոտնահարում են հատկապես այդ հոդվածը, մյուս հոդվածների խախտման մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է դառնում:

Բայց երկրորդ հոդվածը ոտնահարելն ու ոչ միայն չպատժվելը, այլև առաջիկայում ու շարունակաբար ոտնահարելու իրավունք ստանալը գին ունի, որն իշխանությունը վճարում է ոչ թե հայ հասարակությանը, ումից խլում է սահմանադրական իրավունքը, այլ՝ ըստ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի՝ այլ երկրների, որպես կանոն ու որպես հետևանք՝ Ռուսաստանին:

Վճարում է՝ խախտելով ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Անցած տարվա սեպտեմբերի 3-ին դա տեղի ունեցավ վերջին անգամ ու գրեթե վերջնականապես և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ մինչև այսօր, իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են մեկ նպատակի՝ անշրջելի դարձնել ՀՀ սահմանադրության առաջին հոդվածի առաջին՝ «ինքնիշխան» արտահայտության ոչնչացումը, որը ցանկացած պետության հիմքն է:

Այդ հարցում իշխանությանը փութաջանորեն օգնում է ոչ իշխանությունը՝ հույս ունենալով, որ երբևէ Ռուսաստանից կստանա Սահմանադրության երկրորդ հոդվածը ոտնահարելու ինդուլգենցիա: Ահա այս պայմաններում այսօր նշում ենք Սահմանադրության օրը, որն իրապես պահպանելու և չոտնահարելու դեպքում կունենայինք դրա առաջին ու մյուս հոդվածներին համապատասխանող պետություն:

Առաջին հայացքից՝ թվում է, թե իրավիճակն իսկապես անշրջելի է ու անդառնալի, սակայն նույն Սահմանադրությունը, ոտնահարված, սակայն դեռևս դե յուրե գործող Սահմանադրությունը հասարակությանը տալիս է այն վերականգնելու ու վերականգնելով՝ ինքնիշխան, ժողովրդավարական ու սոցիալական պետություն ստեղծելու հնարավորությունը: Դրա համար հասարակությունը գոնե մի անգամ պետք է անվերապահորեն, մինչև վերջ հետամուտ լինի Սահմանադրության երկրորդ հոդվածի իրացմանը: Ընդհուպ՝ այդ հոդվածի գործունեության համար արտահերթ պայմաններ ստեղծելով: Սահմանադրությունն այդ հնարավորությունը ևս ընձեռում է: Շնորհավոր Սահմանադրության օրը:

Տեսանյութեր

Լրահոս