Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային վեցերորդ փուլը
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում պաշտոնապես մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային վեցերորդ փուլի լիագումար նիստը: Այն ընթանում է Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:
Ներկայիս բանակցությունները կարող են հանդիսանալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմամյա բանակցությունների եզրափակիչ փուլ: Կողմերը հուսով են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև հուլիսի 20-ը, ինչը հնարավորություն կտա փակել «իրանական թղթապանակը»:
Լիագումար նիստի ավարտից հետո սովորաբար անցկացվում են երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ: Երեկ Վիեննայում երկկողմ հանդիպում են ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և «Վեցյակի» աշխատանքները համակարգող, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Պատվիրակությունները Վիեննա են ժամանել երեկ: