Հրանուշ Հակոբյանի սփյուռքում ամեն ինչ ok է
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` աշխարհով մեկ սփռված հայ համայնքային կառույցներ այցելությունների նպատակներին և արդյունքներին ինչպես` հայաստանաբնակները այնպես էլ` սփյուռքահայերը տեղեկանում են պաշտոնական աղբյուրներից:
Որպես կանոն` դրանք սկսվում և ավարտվում են Սփյուռքի նախարարի և հայ համայնքի կառույցների ղեկավարների` միմյանց ուղղված բոցաշունչ դիֆերամբներով: Ասել, թե Հ. Հակոբյանի որևէ երկիր այցելության արդյունքում սփյուռքահայերին մտահոգող հարցադրումներ են շոշափվել, և դրսում ապրող շարքային հայերին հուզող խնդիրները նախարարության կողմից արժանացել են ուշադրության` սխալ կլինի: Դատելով ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվությունից, պետք է ենթադրել, որ սփյուռքահայությունը չունի որևէ այլ խնդիր, քան Ցեղասպանության ճանաչման հարցն ու նախարարի կողմից այլ երկրներում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների պարգևատրման միջոցառումները:
Սփյուռքի նախարարությունը, բացի պաշտոնական կայքից, ունի նաև «Հայերն այսօր» պարբերական (hayernaysor.am), որտեղ, ենթադրվում էր` պետք է լիներ սփյուռքահայության համար կարևորագույն խնդիրների մասին տեղեկատվություն: Մինչդեռ, աշխարհով մեկ սփռված հայ համայնքներին Սփյուռքի նախարարությունը կոնցեպտուալ առումով ընկալում է` որպես կղզյակներ, որոնց ղեկավարների հետ միայն պետք է կազմակերպել ֆորմալ հանդիպումներ, ձեռքսեղմումներ փոխանակել, իսկ, այսպես ասած` համայնքային «հոտին» դիտարկել` իբրև «ձայնազուրկ» խմբավորումներ:
Պատահական չէ, որ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջի լրատվությունը սկսվում և ավարտվում է` Սփյուռքի նախարարը «հանդիպեց», «ամփոփեց», «պարգևատրեց», «այցելեց», «ընդունեց» ոչինչ չասող վերնագրերով նյութերով: Մակերեսային պաշտոնական այդ լրատվությունն ինչպես` Հայաստանում, այնպես էլ` դրսում հայ համայնքային կառույցներում «ամեն ինչ ok է» համոզմունքի պատրանք է ստեղծում, այն դեպքում, երբ մասնավորապես եվրոպական երկրներում բնակվող հայերը շատ սուր և մտահոգիչ հարցադրումներ են հնչեցնում:
Բնականաբար, այսօր հայաստանյան լրատվամիջոցներից շատերը դրսում թղթակիցներ ունենալու հնարավորություններ չունեն, ինչն էլ իր հերթին` Սփյուռքի նախարարության պաշտոնական լրահոսի հետքերով գնալու, դրանց իսկությունը ճշտելու հնարավորությունը սահմանափակում է: Արդյունքում` սփյուռքի վերաբերյալ լրատվության մենաշնորհը նախարարությանն է և խիստ պաշտոնական, և ամենակարևորը` բացառապես նախարարի շուրջ: Իսկ թե որքանո՞վ է այդ լրատվությունն արտացոլում իրականությունը` կփորձենք ներկայացնել մեր առաջիկա հրապարակումներում:
Ի՞նչ ունենք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` ըստ պաշտոնական տեղեկատվության և ըստ էության
Համաձայն Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքի` «ոչ պաշտոնական տվյալներով` Գերմանիայում բնակվում է շուրջ 40.000 հայ: Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմը (կազմավորվել է 1991թ., առաջնորդանիստը` Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Գարեգին եպս. Պեզճյան): Գերմանիայում գործում են շուրջ 40 հասարակական, մշակութային և այլ կազմակերպություններ, որոնց մեծ մասը ղեկավարվում է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի ու Գերմանահայոց առաջնորդարանի կողմից: Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի կազմում ընդգրկված են 16 հայկական միություններ և բազմաթիվ անհատներ:
Ֆրանկֆուրտում են գտնվում «Հեսսենի» հայ մշակութային միության վարչությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը»: Որպես Գերմանիայում գտնվող խոշոր կառույց` Սփյուռքի նախարարությունն ամենուր մատնանշում է «Հեսսենի հայ մշակութային միությունը»` հղում անելով միության պաշտոնական կայքէջին` armenier-frankfurt.de-ին: Լեզվապահպանության և լեզվամտածողության խնդրով մտահոգ Գերմանիայի խոշոր այս կառույցի կայքէջը բացվում է լեզվական աղավաղված, անփույթ վերադասավորմամբ: Գերմաներեն և հայերեն լեզուներով տեղեկատվության մատուցման ձևաչափ ընդհանրապես գոյություն չունի, և դժվար է կայքում հայերեն տեքստ հայտնաբերելը, բացի, օրինակ` Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային խաղի և այլ միջոցառումների տոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունից:
Կայքի բաժինները մասամբ դատարկ են և առհասարակ` կայքի միջոցով մշակութային միության գործունեությանը ծանոթանալ հնարավոր չէ:
Հունիսի 23-ին մենք էլեկտրոնային նամակով դիմել ենք Ֆրանկֆուրտի Հեսսենի հայ մշակութային միությանը` մշակութային միության գործունեության վերաբերյալ հարցազրույց խնդրելով, որին ի պատասխան` ստացել ենք հետևյալ գրությունը. «Հարգելի հետաքրքրող. Շնորհակալ ենք ձեր նամակի համար: Շուտով կպատասխանենք»: Դեռևս որևէ պատասխան չենք ստացել: Ինչևէ, սա Հայաստան-Սփյուռք պաշտոնական տեղեկատվությունից մի դրվագ է, ընդ որում` ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է նշյալ մշակութային միությանը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի, սփյուռքում հայ մշակույթի տարածման, ինչպես նաև` 45-ամյակի առիթով: Հուսանք, այնուամենայնիվ, միության գործունեությանը ծանոթանալու հնարավորություն կունենանք:
Գերմանիայի սփյուռքը բոյկոտում է հայկական հեռուստաալիքները
Այժմ անդրադառնանք Սփյուռքի նախարարությանը չհուզող, բայց սփյուռքահայերին մտահոգող խնդիրներին: Գերմանիայում բնակվող շատ հայեր ընտանիքներում գրական հայերենի և լեզվապահպանման խնդիրը համարելով շատ սուր` բոյկոտում են հայկական հեռուստաալիքները: Որպեսզի նոր սերունդը չյուրացնի հայկական հեռուստաալիքներով քարոզվող փողոցային ժարգոնը` շատ հայ ընտանիքներ արբանյակային հեռարձակումը համարում են վտանգավոր: Մեզ հետ զրույցում տեղի հայերն իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստաալիքների անորակ արտադրանքի վերաբերյալ` կոչ են անում պետական մակարդակով ուշադրություն հրավիրել եթերից հնչող «աղբին»: Մասնավորապես` այն քաղաքներում, որտեղ կան ձևավորված համայնքներ, սակայն չկան դպրոցներ, հայ երեխաները յուրացնում են հեռուստատեսությամբ քարոզվող այնպիսի բառամթերք, որ ծնողները ստիպված են լինում զրկել նրանց հայկական հեռուստաալիքներից` գերադասելով Գերմանիայի հեռուստատեսությունը: Արդյունքում` չկա դպրոց, չկա հեռուստատեսություն: Այդպիսով` լեզվի իմացությունը մնում է օդից կախված, իսկ հայ երեխաները ձուլվում են գերմանացիներին:
Ամեն երկրորդ հայ տեղափոխվում է ծանր հիվանդությամբ
Անդրադառնալով Գերմանիայում բնակվող հայերին հուզող խնդիրներին` նշենք, որ խիստ մտահոգիչ է տարեցտարի, ամսեամիս արագ տեմպերով աճող` Հայաստանից դեպի Գերմանիա արտագաղթը: Ընդ որում, վերջին տարիներին կտրուկ փոխվել է արտագաղթի բնույթը` սոցիալականից դեպի առողջապահական: Առաջիկայում կոնկրետ օրինակներով կներկայացնենք հարցազրույցներ, փաստեր այն մասին, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են մուտք գործում հատկապես քաղցկեղով, ծանր հիվանդություններով ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Զավեշտն այն է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ սկսած այն պահից, երբ հիվանդությունն ախտորոշվում է` ՀՀ-ում քաղցկեղի բուժումն իրականացվում է պետական պատվերով:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն էլ պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանում քաղցկեղը 100%-ով բուժվում է: Մինչդեռ, գերմանացի մասնագետներն իրենց մտահոգությունն են հայտնում ծանր վիճակում տեղափոխված հայերի վերաբերյալ, որոնցից շատերն էլ` սխալ ախտորոշումների, բժշկական սխալների արդյունքում` մահամերձ վիճակում են լինում: Գերմանիայի հայերի մոտ կա այսպիսի համոզմունք. եթե հիվանդանոցում կա քաղցկեղով երիտասարդ, ապա ազգությամբ հայ է, ընդ որում` այն ձևավորված է մասնագիտական կարծիքի հիման վրա: Դատելով Գերմանիա մուտք գործող հայերից շատերի առողջական վիճակից, Գերմանիայի բուժհիմնարկներում հայաստանյան առողջապահության համակարգի վերաբերյալ, մեղմ ասած, տարակուսելի կարծիք է ձևավորվել:
Թե ինչպիսի սոսկալի պատմությունների զոհ են դառնում ՀՀ քաղաքացիները Հայաստանի առողջապահական հաստատություններ դիմելուց, այնուհետև Գերմանիա տեղափոխվելուց հետո ապաքինվելով` առաջիկայում կներկայացնենք կոնկրետ մարդկանց պատմություններն ու փաստերը: Տեղի հայերին խիստ մտահոգում է, թե ինչո՞ւ են հայաստանաբնակները, հատկապես` երիտասարդները, ծանր հիվանդություններով և ահռելի հոսքով տեղափոխվում Գերմանիա, այն դեպքում, երբ ՀՀ նախագահը եվրոպական հարթակներից հայտարարում է, որ Հայաստանի բոլոր ոլորտներում զարգացում է արձանագրվում:
ԳԴՀ Միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչները ոչ պաշտոնապես, բայց հայտնում են, որ բազմաթիվ ազգերի ֆոնին` պատերազմական դրություն, սոցիալական անպաշտպանություն, կրոնական հալածանք` շարժառիթներին զուգահեռ` միայն հայերի դեպքում է, որ արտագաղթի պատրվակը ծանր հիվանդություններն են, որը, առողջապահական խնդրից բացի, նաև սոցիալական բնույթ ունի:
Հետևաբար` տեղի հայերը հետաքրքիր հարցադրում են հնչեցնում, թե ՀՀ իշխանությունները կամ սփյուռքի խոշոր կազմակերպություններն ինչո՞ւ այս խնդիրը չեն բարձրաձայնում: Ըստ նրանց, եթե Գերմանիայում Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած հայերի շրջանում մոնիտորինգ արվի, ապա հայերի արտագաղթի շարժառիթների և թվաքանակի խայտառակ զեկույց կհրապարակվի:
Դատելով Գերմանիա արտագաղթած հայերի ծանր վիճակից` այս երկրում հայաստանյան առողջապահության համակարգի վերաբերյալ հրեշավոր կարծիք է ձևավորվել: Այլ կերպ ասած` առողջական խնդիր ունեցող մարդը վերածվում է ապրանքի, որին բուժհիմնարկը պատեհ առիթն օգտագործելով` գցում է իր և դեղորայքային ցանցն ու «օգտագործում» այնքան, քանի դեռ օգտագործել կարելի է: Ընդ որում, բուժվող հիվանդություններով մարդկանց չեն բուժում այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդը կարող է բժիշկների համար «աշխատավարձ» ապահովել: Սակայն այս մասին` հաջորդիվ…
Այնուամենայնիվ, թե որքանո՞վ է Սփյուռքի նախարարությունն արտացոլում սփյուռքահայությանը հուզող խնդիրները, պետք է պատկերացում կազմել նախարարի «ճամփորդությունների» բնույթից և դրանց մասին հրապարակումներից: Եվ թե որքանով օբյեկտիվորեն են հայկական համայնքների ղեկավարները բարձրաձայնում հայերին հուզող խնդիրները` կփորձենք ներկայացնել առաջիկայում:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ` կա մի պարզ ճշմարտություն` Հայաստանում սփյուռքի խնդիրների վերաբերյալ չկա օբյեկտիվ պատկերացում, և սփյուռքում էլ` չկա Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում, քանի դեռ տեղեկատվական հիմնական խողովակը ՀՀ Սփյուռքի նախարարությունն է: Հայաստանյան իրականության, դեպի Գերմանիա արտագաղթած հայերի պատմությունների վերաբերյալ սփյուռքահայերի ներկայիս բնորոշումը «ժամանակակից ցեղասպանությունն» է:
Իսկ Սփյուռքի նախարարությունն ընկալվում է` իբրև սփյուռքի և ՀՀ բյուջեի փողերը կոորդինացնող ֆինանսական կառույց: Սփյուռքում գտնվող հայկական կառույցների ղեկավարները հայաստանյան իշխանությունների հետ «բարեկամություն» են խաղում, մինչդեռ սփյուռքահայերին հուզող հարցերը մնում են օդից կախված, իսկ փողերը գտնում են հասցեատերերին: