Ադրբեջանցի իրավապաշտպանները չեն վստահում քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ-ի նոր զեկուցողին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ Արզու Աբդուլաևան մեկնաբանել է Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդիրների մասին զեկույցի պատրաստումն իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին հանձնարարելը:
Աբդուլաևան հայտարարել է, որ հաշվի առնելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի ողջ լրջությունը՝ ողջունում է տվյալ հարցի շուրջ ԵԽԽՎ-ի զեկուցող նշանակելը: Աբդուլաևան հիշեցրել է, որ ժամանակին դեմ է արտահայտվել 2009 թվականին քաղբանտարկյալների գծով զեկուցողի պաշտոնում գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերին նշանակելուն.
«Ես դեմ էի, քանի որ այն ժամանակ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի զեկուցողն էստոնացի պատգամավոր Անդրես Խեկելն էր, ով լուրջ աշխատանք էր կատարում և ԵԽԽՎ-ում բարձրացնում էր բոլոր հարցերը՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման հետ:
Շտրասերի նշանակվելուց հետո Խերկելը հեռացավ քաղբանտարկյալների հարցից, իսկ Շտրասերը չժամանեց Ադրբեջան (Ադրբեջանի իշխանությունները նրան չտրամադրեցին մուտքի արտոնագիր՝ պատճառաբանելով, թե երկրում «չկան» քաղբանտարկյալներ – 168.am):
Այսօր իրավիճակն այնպիսին է, որ անհրաժետ է քաղբանտարկյալների գծով զեկուցող: Ներկայիս իրավիճակում քաղբանտարկյալների գծով զեկուցող նշանակելը համապատասխանում է Ադրբեջանի իրողություններին»:
Դրա հետ մեկտեղ Աբդուլլաևը քննադատել է տվյալ պաշտոնում Ագրամունտին նշանակելը. «Այդ մարդը չի կարողանումկատարել (Ադրբեջանի) ընդհանուր հարցերի շուրջ զեկուցողի պարտականությունները, ինչպե՞ս նա կարող է կատարել որևէ այլ բան»:
«Խաղաղության ու ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը սխալ է համարում քաղբանտարկյալների մասին զեկույցի պատրաստման հարցը Մոնիթորինգային կոմիտեի զեկուցողին հանձնելը.
«Մենք քանիցս դիմել ենք ԵԽԽՎ-ին՝ խնդրելով նշանակել Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հատուկ ներկայացուցիչ, որովհետև ներկայիս տարբերակը չի գոհացնում մեզ:
Ագրամունտի անձը կասկածներ է հարուցում նրա կողմից պատրաստվելիք զեկույցի օբյեկտիվության հարցում: Ադրբեջանական իշխանության հանդեպ բարյացակամ տրամադրվելն ու նրա ընդհանուր գործունեությունն առաջացնում են մեծ հարցեր»: