Բաժիններ՝

Փոքր բիզնեսը կկանգնի՞ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողքին

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կլոր սեղանի շուրջ էր հավաքել Հայաստանում գործող փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտում մրցակցային խնդիրները: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ իրենց փորձը ցույց է տալիս, որ լինում են խնդիրներ, որոնք անդրադառնում են մրցակցության վրա, առաջացնում են մրցակցային անհավասար պայմաններ, սակայն այդ խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ իրավասության շրջանակներից դուրս, օրինակ, կան դեպքեր, որ ՏՄՊՊՀ կողմից բացահայտվում են, բայց դրանք հետևանք են և ոչ թե պատճառ, իսկ պատճառները գտնվում են այլ պետական մարմինների իրավասության շրջանակներում:

Ա.Շաբոյանը կոչ արեց տնտեսվարողներին՝ ուղղորդել ՏՄՊՊՀ աշխատանքները, և ամրապնդել վստահությունը հանձնաժողովի նկատմամբ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ և միության նպատակները նույնն են՝ կարգավորել իրավիճակը: Նա նշեց, որ վերլուծել ու բացահայտել են փոքր բիզնեսի խնդիրները, որը հատկապես հումքի ներկրման, գովազդային խնդիրների հետ կապված, կամ տարբեր մարմինների կողմից ստուգումների արդյունքում հայտնվում է ոչ մրցակցային վիճակում:

Ըստ Մակարյանի՝ գործարարները գոհունակություն են հայտնել հանձնաժողովի աշխատանքներից. «Մենք պատրաստ ենք լինել հանձնաժողովի կողքին, որպեսզի հանձնաժողովն ավելի մեծ խիզախություն դրսևորի ակնհայտ երևույթների հանդեպ, որ առկա են: Հարցվածների կարծիքով, դա պաշտոնյաների ոչ համարժեք վերաբերմունքի հետևանք է»:

Կարդացեք նաև

«Մրցակցությունը շատ կարևոր է շուկայում, քանի որ մրցակցությունը հանգեցնոմ է տնտեսության զարգացման»,- ասաց GIZ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում ծրագրի ղեկավար Կոռնելիա Սկոկովը:

Նա կարևորեց փոքր բիզնեսի ներկայացուցիչների և հանձնաժողովի համագործակցությունը և շեշտեց, որ գործարարները պետք է առավել ակտիվ լինեն՝ ոլորտում առկա խնդիրները բարձրացնելու առումով:

«Նախկինում կարծես բարիկադների 2 կողմում էինք գտնվում: Բայց ժամանակը կամաց-կամաց հարթեց խնդիրները և սկսեցինք համագործակցել»,- ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ նշելով, որ մարտ-ապրիլ ամիսներին ՏՄՊՊՀ-ն աջակցեց տեղական արտադրողներին, երբ Ուկրաինայից հավկիթի ներկրումն արգելեց: Ըստ նրա՝ այսօր դրսից ներկրվող թռչնամսի հարցը  բավականին լուրջ սրվել է, տեղական արտադրողները փորձում են թռչնամսի արտադրության ծավալներն ավելացնել, բայց մրցակցությունը սուր է:

«Տավինկո» գինու-կոնյակի գործարանի հիմնադիր-տնօրեն Գագիկ Հակոբյանի խոսքով՝ ոլորտի ընկերություններն ամեն տարի 15 մլն դրամ են մուծում որպես պետական տուրք՝ գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար: Մինչդեռ, ըստ նրա, նոր սկսող ձեռնարկության համար 15 մլն-ը լուրջ խոչընդոտներ է առաջացնում: Նրա կարծիքով՝ սկսնակներին պետք է արտոնություն տալ, տուրքը սահմանել որոշակի քանակի արտադրության համար, որպեսզի արդեն կայացած բիզնեսի հետ սկսնակներն անհավասար մրցակացային պայմաններում չհայտնվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս