Վ. Բոստանջյանը թանկացումների մասին. «Այսպես կշարունակվի այնքան, մինչև հանրապետությունը ամբողջությամբ դատարկվի»
«Անձամբ ես կարող եմ մի բան ասել, որ բոլոր դեպքերում մեծ զոհողություն կլինի իշխանությունների համար, որ ես ասեմ՝ գիտեք, դեռևս ուզում եմ վերլուծել, մտածել այն ամենի վերաբերյալ, ինչ ասվել է երկրորդ նախագահի կողմից: Պարզապես այնպիսի բան է ասված, որ ամբողջ մեր ժողովուրդը, հասարակությունն է դա իմանում: Այսպես որ, չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, ու ես ասում եմ, որ դա 1000 տոկոսով իրականությանը համապատասխանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դիտարկմանը, թե «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով:
Հունիսի 23-ին Ռոբերտ Քոչարյանի՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ հարցազրույցում ասված այն դիտարկմանը, թե «այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է», Վ. Բոստանջյանը համաձայն չէ. «Ես համաձայն եմ իմ երկրի շահերի հետ: Ուզում եմ, որ պաշտպանի մեր երկրի շահերը և ցանկացած պարագայում՝ դա կլինի «Որոտանի» ԳԷՍ, դա կլինի «Նաիրիտի» շահագործուը, կլինի հանքերի շահագործումը և այլն: Բոլոր դեպքերում պետք է առաջնորդվել մի բանով՝ ո՞րն է հասարակության, հանրության, երկրի շահը: Եթե դա բացառվում է, դա չկա, արդեն՝ չխոսենք, որ ամերիկացիներին լավ է, ռուսներին վատ է և այլն: Ես չեմ ընդունում այդտեղ այդպիսի մոտիվացիաներ»:
Վ. Բոստանջյանը էլեկտրաէներգիայի և այլ ապրանքների թանկացումների վերաբերյալ կարծիք հայտնեց, որ «այդպես կշարունակվի այնքան, մինչև հանրապետությունը ամբողջությամբ դատարկվի»:
Վարդան Բոստանջյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոչ մի փաստարկի հետ համաձայն չէ՝ ասելով. «Ազգային ժողովում համապատասխան ոչ իշխանական քաղաքական ուժերը ցանկացած, ամենատրվիալ հարցը տալու պարագայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի կարողացել պատասխանել. մասնավորապես՝ «Որոտան»-ում արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց ցածր ինքնարժեք ունի: Խնդրեմ՝ սա ուրեմն հրամցնում են ուրիշներին: Կամ՝ գազի հետ կապված հարաբերությունները, որի պարագայում ես ասում եմ՝ մեր հանրությունը այդպես էլ մնաց ոչ թափանցիկ դաշտում՝ իմանալու համար, թե ինչ արժեր հայկական մասը («ՀայՌուսգազարդի»), ընդհանրապես ի՞նչ արժե գազի՝ սահմանից մինչև սպառող տեղափոխման գինը: Եվ՝ ամենամեծ փաստարկը, որ տվյալ տիրույթների գերշահույթները կայանում են նրանում, որ նրանցից յուրաքանչյուրը, մինչև անգամ՝ ամենացածր տեխնիկական աշխատողը, ստանում է սարսափելի բարձր աշխատավարձ՝ համեմատած հանրապետության բնակչության աշխատողների հետ: Նրանք ունեն շրջանառության ահավոր սահմաններ: Դա միայն ցույց է տալիս, որ ուրեմն՝ մարդիկ աշխատում են անսահման գերշահույթի պայմաններում»: