Ազգային ժողովը վերածվել էր «մարտադաշտի»

Շիկացած օդ, խեթ հայացքներ, վիրավորանքների փոխադարձ հրաձգություն, նախկին ու ներկա մեղքերի պեղումներգ Երեկ Ազգային ժողովը վերածվել էր մարտադաշտի: «Կռվախնձորը» «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծն էր, որի քննարկումն օրենսդիրներից խլեց մոտ 1.5 օր: Կառավարությունը շտապում է գործողության մեջ տեսնել օրենքը, որպեսզի հանգիստ խղճով կարողանա հուլիսի 1-ից 65 հազար պետական աշխատողներից գանձել կուտակային պահումները: Մինչ այդ հանգիստ քնել չի հաջողվում: Դա փաստեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Մեր աշխատանքը տևում է 8-14 ժամ և դրանից հետո չլուծված խնդիրների պարագայում դժվար է լինում հանգիստ քնել»,- ասաց նա:

Ի՞նչ է փոխվում «պարտադիր կուտակային» բառերը «նպատակային սոցիալական վճար» բառերով փոխարինելով: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այս հարցին Ա.Ասատրյանը պատասխանեց, թե նպատակային սոց.վճարն ունի հատուկ նպատակ` ապահովել մարդու կենսաթոշակը: Նա հերքեց, որ օրինագծում դեռևս առկա «պարտադիր» արտահայտությունը վերաբերում է քաղաքացուն: Ասատրյանի պնդմամբ` պարտադիր հիմնադրամը և պարտադիր մասնակցությունը տարբեր բաներ են. «Սահմանել ենք պետության մասնակցության պարտադիր հիմնադրամ: Այսինքն, պարտադիր ֆոնդը պետությանն է վերաբերում»: Ա.Մինասյանի գնահատմամբ, այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է: Ըստ նրա` չեն կարող մի քանի հոգու, մի երկու կառավարչի շահերը գերադասելի լինել ժողովրդի, մի ողջ պետության շահերից, մինչդեռ ներկայացված օրինագիծը կոտրում է ՍԴ որոշումից հետո հանրության շրջանում տիրող մեծ ոգևորությունը. «Աղբի անունը մեղր դնելով, դրանից աղբը չի դառնում մեղր, քաղցր»: Նա նշեց, որ օրենքը չի համապատասխանեցվել Սահմանադրությանը, չկա արդարադատության նախարարի եզրակացությունը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով` այս օրենքը վնասելու է շատերին: Հիշելով Սերժ Սարգսյանի «լեզվաշարադրական» դիտարկումները` Ա.Մանուկյանը լեզվական խեղումների մի քանի օրինակ բերեց «նոր» օրինագծից: Նա կոչ արեց չքվեարկել օրենքին, այլապես կստացվի «պարտադրված ախմախություն»: Ըստ նրա` սա ճնշումների տակ գտնվող Սերժ Սարգսյանի հրամանն է, որ պարտադիրը պահպանվի. «Եթե ընդունվի, ձեր վրա խնդալու են, մեզ էլ` նվաստացնելու: Մի՛ կառչեք իշխանությունից, մի քիչ կամային հատկություններ ցուցաբերեք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ` քաղաքական որոշման խնդիր կա. «Մեզ լսում է ամբողջ ժողովուրդը: Պետք է մասնագիտական վերուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ: Հայաստանի թիվ մեկ լրջագույն խնդիրն այն է, որ ասում են` կա քաղաքական որոշում, ինչ ուզում եք` արեք: Մենք դեմ ենք այս տեսքով ռեֆորմի իրականացմանը, գտնում ենք, որ ոչ թե կոսմետիկ, այլ լուրջ վերափոխման կարիք ունի»:

«Դուք հասկանո՞ւմ եք` ինչ հարված եք հասցնում երիտասարդությանը: Վաղը թողնելու են գնան երկրից»,- հարցադրում արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրելով խոստումները չկատարելու և պարտադիրից չհրաժարվելու մեջ. «Հույս չի ներշնչում նման ձևով աշխատելը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով` Հայաստանը վերածվել է «բանանային պետության», որն ընդամենը կոշտ ավտորիտարիզմով է ղեկավարվում: Հակոբյանի խոսքով` այսօրվա երիտասարդությունն այլևս չի հավատում իշխանությանը: Նա մի շարք կառուցողական առաջարկություններ արեց իշխանությանը` վերջ տալ ստվերին, վերջ տալ մենաշնորհներին, վերջ տալ ՏԻՄ և պետական կառավարման համակարգը ազգ ու բարեկամով լցնելուն, վերջ տալ արտաքին աշխարհում Հայաստանի համար տեր փնտրելուն: «Էսքանը հերիք է մի գիշերվա համար: Տղայական դաս տալու փոխարեն, եթե ընդունեք այս առաջարկները, Հայաստանը կփայլի»,- նկատեց Հակոբյանը:

«Չի կարելի օրվա կեսին փորը ցույց տալ, ասել` հղի ենք, հետո օրվա երկրորդ կեսին կույս ձևանալ»,- որպես քաղաքական մեծամասնության պաշտպան հանդես եկավ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` բոլորն էլ գիտակցում են, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են, իսկ ՍԴ-ն չի մերժել կուտակայինի գաղափարը, ՍԴ-ն պարտադիրի միջոցով սեփականության տիրապետման գաղափարն է մերժել, և փոփոխություններն օրենքում արված են:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ` առաջ ՀՀԿ-ն կեղծում էր ընտրությունները, բայց թթու խոսք ասող չկար, իսկ հիմա իրադրությունը փոխվել է: Օրինագիծը նա անվանեց «հավատի դագաղի վրա խփված վերջին մեխ», իսկ Սերժ Սարգսյանին` Հայաստանի վամպիր, որից պետք է օր առաջ ազատվել:

Զուրաբյանի այս արտահայտությունից տեղի տվեցին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի նյարդերը.  «Քաղաքական մեծամասնությունը նյարդերի խնդիր չունի, բայց «Ռեմբոյի» խնդիր էլ չունի: Առաջարկ կա սեղանին, լուրջ քննարկման խնդիր կա»:
«Ինձ թվում է, որ գտնվում ենք ոչ թե հայոց խորհրդարանում, այլ մանկապարտեզում, որտեղ ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունը երեխաներն են»,- արտահերթ ելույթի իրավունքով հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ոչ իշխանական ուժերին կոչ արեց դասեր չտալ ՀՀԿ-ին: «Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետում: Քաղաքական փոքրամասնությունը որևէ երկրում որոշում չի ընդունում: Եղեք կոռեկտ: Դուք վարժապետ չեք, մենք էլ` աշակերտ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հիշեցրեց 90-ականների «կեղծիքների կնքահայրերին» ու կիսվեց իր բացահայտմամբ. «Պեղումների մասին էիք խոսում: Ես պեղումներ եմ արել Դաշնակցության մեջ և հայտնաբերել եմ ժառանգական-դաշնակցական Ռուբիկ Հակոբյանին»: Նա կոչ արեց սխալ մեկնաբանություններով չգրգռել հանրությանը:

Հավելենք, որ այսօր ևս թեժ օր է սպասվում` ԱԺ-ն պետք է հասցնի 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ընդունել օրենքը: Ըստ ամենայնի, ԱԺ-ն կաշխատի երկարացված ռեժիմով, որպեսզի հասցնի ավարտել արտահերթ նստաշրջանը և ընդունել կառավարության ներկայացրած «անհետաձգելի» օրինագծերը, ոչինչ չթողնելով երկուշաբթի օրվան: Այդ օրը սկսվում է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը և, անկասկած, քվորումի խնդիրն արդեն անհաղթահարելի կլինի:

Տեսանյութեր

Լրահոս