Ջուլիան Ասանժը հայտարարել է բրիտանական բանտում կտտանքների ենթարկվելու մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երեկ հայտարարել է, որ կտտանքների է ենթարկվել բրիտանական բանտում: Ավստրալացի ծրագրավորողն այդ մասին հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Ասանժի ու լրագրողների հանդիպումը նվիրված է եղել դիվանագիտական առաքելությունում Ասանժի հանգրվանելու երկրորդ տարեդարձին: Ասանժը պատմել է, որ Միացյալ Թագավորություն կատարած այցերից մեկի ժամանակ իրեն ձերբակալել է տեղի ոստիկանությունը, ինչից հետո 5 օր անցկացրել է բանտում, սակայն իր նկատմամբ այդպես էլ չեն ներկայացվել մեղադրանքներ:
Ասանժն ընդգծել է, որ այդ ընթացքում հոսանքով կտտանքների են ենթարկել իրեն: Ասանժը մտահոգություն է հայտնել իր մերձավորների անվտանգության համար՝ նշելով, որ վերջին երկու տարում իր մայրն ու 4 երեխաները ստանում են անանուն սպառնալիքներ: Ելնելով դրանից ՝ Ասանժի հարազատների մի մասը հարկադրված է եղել փոխել անուններն ու բնակության վյարերը:
Ասանժը դժգոհել է իր անձի նկատմամբ թուլացող հետաքրքրության կապակցությամբ, ինչը նա շաղկապել է նրա հետ, որ Մեծ Բրիտանիան ու մյուս երկրներն իրենց ուշադրությունը սկսել են դարձնել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի վրա: Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականի հունիսի 19-ից: