Բաժիններ՝

«Վճարում ենք 100 դրամ» շարժումը դիմում է միջազգային կառույցներին

«Հարգելի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչնե՛ր, հյուրե՛ր և Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր,
առաջին անգամը չէ, որ միջազգային կառույցները մրցանակ են շնորհում քաղաքացիական պայքարի ձեռքբերումների համար: Այս անգամ առիթը 2013-ի տրանսպորտային անհնազանդությունն է, և սոցիալապես արդար սակագնի պարտադրումը Երևանի քաղաքապետարանին:

Այժմ մի քանի կարևոր կետ, որոնք մենք հարկ ենք համարում նշել այս ներկայացուցչական լսարանի առջև:

  • Առաջինը, Հայաստանի հանրությունը ոչ միայն կոռումպացված պետական մարմիններն ու պաշտոնյաներն են, ոչ միայն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, այլև այն անհատ քաղաքացիներն ու քաղաքացիական խմբերը, հատկապես մարզերում ապրող սոցիալապես անապահով շերտերը՝ գյուղացիները, տաքսու վարորդներն ու այլոք, ովքեր արդարության և ազատության համար պայքար են մղում օրինախախտ պաշտոնյաների կայացրած ապօրինի որոշումների դեմ: Հայաստանի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելիս՝ կարևոր է հաշվի առնել անխտիր բոլոր շերտերի ձայնը։
  • Երկրորդը, միջազգային կազմակերպությունները մինչև 2013 թվականը միլիոնների հասնող ֆինանսական օժանդակություն են տրամադրել Հայաստանի կառավարությանը և կառավարամերձ հասարակական կազմակերպություններին՝ այսպես կոչված ԳՈՆԳՈ-ներին: Այս օժանդակության արդյունքը չի ծառայում հանրության շահերին՝ չնայած դրական զեկույցներին։
  • Երրորդը, Հայաստանում միջազգային կառույցների առաքելություններն ու նպատակները ոչ միշտ են հաշվի առնում Հայաստանյան հանրության իրական խնդիրներն ու առաջնահերթությունները և այդ կառույցների կուտակած միջազգային փորձն ու օրակարգերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երբեմն մնում են անըմբռնելի և անընդունելի։

100 դրամի շարժումը սկսվեց մի խումբ մարդկանց անհնազանդության գործողություններով, որին միացան 1000-ավոր մարդիկ: Օրեր անց Երևանը ողողվեց քաղաքացիական համերաշխության մթնոլորտով: Մենք հավատում ենք, որ հանրային համերաշխության շնորհիվ հայաստանյան հասարակությունը կարողանալու է հաստատել իրական ժողովրդի իշխանություն և սոցիալական արդարություն։
Միջազգային դերակատարներից ակնկալում ենք, որ բացի եվրոպական և ամերիկյան հարկատուների առջև հաշվետու լինելուց, Հայաստանում իրենց գործունեության համար պատասխանատու լինեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև:

Ինչ է նշանակում դեմոկրատիա, արդյո՞ք մարդու իրավունքների անտեսում թվացյալ կայունության և տնտեսական շահերի հաշվին։ Հորդորում ենք չխրախուսել կոռումպացված քաղաքական շրջանակներին՝ համագործակցելով նրանց հետ։ Հայաստանում կան այլ արժեհամակարգ ունեցող շրջանակներ, որոնք իրենց չեն անջատում ժողովրդից և կարևորում են ընդհանուր կարծիքի ձևավորումը՝ որոշումներ կայացնելիս։ Որն է իրական դեմոկրատիան Ձեզ համար:
Շնորհակալություն:

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս