Վանաձորի շենքերի շահագործման ժամկետներն ավարտվում են
asparez.am-ը գրում է. «Օր-օրի բազմաբնակարան բնակելի շենքերում ապրողների թիվը նվազում է, շենքի բնակչության կեսից ավելին քաղաքում չեն, դրա հետ մեկտեղ` շենքերի շահագործման ժամկետներն ավարտվում են»,- մտահոգվում է Վանաձորի «Խնձորուտ» համատիրության նախագահ Մարտուն Աղաբաբյանը:
Պարզվում է, այս մտահոգությունը կիսում են քաղաքի 59 համատիրությունների կեսի նախագահները, քանի որ, հատկապես ծայրամասային թաղամասերում, վերջին տարիներին տանիքի, ջրատարերի, վերելակների վերանորոգման աշխատանքներ ավելի քիչ են կատարվել.
«Կողքիս 5-րդ հարկի բնակիչը քանի տարի էստեղ չի, էստեղ էլ օրումեջ կրիշում են՝ էլ ինտերնետի կաբելի, էլ անտենայի, էլ իրանց համար ժամանակ անցկացնելու: Ջահելները բարձրանում են, շիֆերները կոտրում, դե, բնակիչ, կարում ես՝ հասցրու»,-ասում է Երեւանյան խճուղու 147 շենքի 5-րդ հարկի բնակիչ Վահագնը:
Բակում խմբված բնակիչները բողոքում են. «Բա շենքն էսօր էլ վթարային կդառնա, էգուց էլ, էդքան անձրեւաջրերը մտնում են պատերի արանքները: Դեպք ա եղել, ես տանը նստած, ջրի օր էլ չի եղել, կողքի հարեւանն եկել է վրես կռիվ, թե ինձ ջրըմ ես: Հետո հասկացել ենք, որ անձրեւաջրերն են շախտով իջել»:
Վթարային Ավետիսյան 57, 59 շենքերի բնակիչներն էլ օրեր առաջ էին անելանելի վիճակում. հարեւանությամբ գտնվող շինության պատճառով հոսող անձրեւաջրերը ողողում էին նրանց ավտոտնակները, ապա շրջանցելով՝ հասնում շենք: Շենքը Վանաձորում հայտնի է «100 կվարտիրանոց» անունով եւ առաջին հարկում ժամանակին բնակչության անհրաժեշտ սպասարկման կետեր են գործել՝ դեղատուն, փոստ, խանութ եւ այլն: Այժմ դրանք կիսաքանդ են, եւ ջրերն անարգել դեպի շենքի հիմք են հոսում:
Համատիրությունը բնակչից է բողոքում, թե վճարները ժամանակին չի մուծում, բնակիչը՝ համատիրությունից. «Հաշվապահն ու նախագահը իրար հետ ուտում են մեր տված գումարը, տեսուչներն են արանքին տուժում, մենք նրանցից ենք պահանջում». արդյունքում շենքերը վթարային են դառնում, իսկ նման շենքերի համար պետությունը դեռեւս լուծում չունի:
Վանաձորի վթարային շենքերի վիճակը տարեցտարի վատանում է՝ տանիքների անմխիթար վիճակի, ջրհորդանների բացակայության ու թալանման պատճառով: Վանաձորի բնակֆոնդի 1030 շենքերից 250-ը նորակառույց են, 84-ը՝ երրորդ կարգի վթարայնության, դրանցից 10-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեն, իսկ 10-ից՝ որպես առավել հրատապ, ընտրվել էր հենց «100 կվարտիրանոցը». «Վերջին տարիներին շենքերը քայքայվում են նաեւ արտեզյան եւ ջրամատակարարման համակարգի վթարային խողովակներից հոսող ջրերից, զգալի մասն էլ՝ տանիքից: Եթե այսօր երկրաշարժ լինի՝ քաղաքի բնակֆոնդի կեսից ավելին կփլվի, իսկ Գրիգոր Լուսավորիչ 17 եւ 28 շենքերի հետքն անգամ չի մնա»,- տեղեկացնում են «Վանսեյսմշին» ՍՊԸ-ից:
Կազմակերպությունը շենքերի սեյսմակայունության վերջին հետազոտությունը կատարել է 2003թ-ին: Տնօրեն Անդրանիկ Սուքիասյանը մտորում է. «Ո՞վ կարող է երաշխավորել, որ 10 տարվա ընթացքում շենքերը նույն սեյսմակայունությամբ են մնացել, տարեցտարի շենքը կորցնում է իր ամրությունը: Չգիտենք՝ որ թաղամասն է հիմա ավելի սեյսմակայուն եւ ինչ է սպասվում մեզ, հնարավոր է՝ արտաքինից ամուր շենքն ավելի շուտ փլվի, քան վթարայինը»:
Մանրամասներն՝ այստեղ