Էներգետիկ հանելուկ. ինչպե՞ս է ԱԷԿ-ը 88 օր ավելի չաշխատելու դեպքում ավելի շատ էլէներգիա արտադրել
Նախօրեին Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացվող հիմնավորումների մեջ ծանրակշիռներից մեկը Հայկական ատոմակայանի` նախատեսվածից 88 օր ավելի պլանային անջատման կանգնելն է: Դրա հետևանքով 300 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա պակաս է արտադրվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պարբերաբար կրկնում էր միտքը, որ Ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկար չաշխատելու արդյունքում էժան էլեկտրաէներգիայի փոխարեն` ՀԷՑ-ը ստիպված է եղել գնել մեր էներգետիկ համակարգի ամենաթանկ արտադրողի` Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան: Նազարյանը թվարկեց նաև այլ պատճառներ, թե ինչո՞ւ է էներգետիկ համակարգում առաջացել 17.9 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածքը: Բայց մի կողմ թողնելով դրանք` անդրադառնանք հիմնականին` ԱԷԿ-ին:
Պարզվում է, որ անցած տարի ԱԷԿ-ը ոչ թե քիչ է էլեկտրաէներգիա արտադրել, այլ այն միակ կայանն է, որ 2013 թ. արդյունքներով ավելի շատ է արտադրանք տվել, քան 2012թ.: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2013-ին ՀԱԷԿ-ն արտադրել է 2173.4 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2.1%-ով: Մյուս կայանները 2012-ի համեմատ 2013-ին ավելի քիչ են արտադրել, ընդ որում` ՋԷԿ-երը միասին 6.6%-ով են պակաս արտադրել, ՀԷԿ-երը` 6.4%, հողմային ԷԿ-երը` 9.5%:
Նախկինում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված երբեք որպես հիմնավորում չէր բերվել, որ ԱԷԿ-ը թերի է աշխատել և քիչ արտադրանք է տվել, դրա համար էլգ Առավել ևս տրամաբանական չէ, երբ այդ հիմնավորումը բերվում է այն տարվա համար, երբ ԱԷԿ-ը 2.1% ավելի շատ է էլեկտրաէներգիա արտադրել:
ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նույնիսկ տեղյակ չէր, որ ԱԷԿ-ն ավելի շատ է արտադրել: «Չի կարա տենց բան լինի: 88 օր կանգնած ա եղել կազմակերպությունը, ո՞նց կարա տենց բան լինի»,- մեր հարցին ի պատասխան` հայտարարեց Այվազյանը: «Էս դեպքերում ասում ա` յա վիճակագրությունն ա սխալ, յագ»,- հավելեց նա:
Էներգետիկ խնդիրներն ուսումնասիրելու համար ստեղծվելիք խորհրդարանական աշխատանքային խմբին, թերևս, հարկ կլինի առավել ուշադիր գտնվել և ծանոթանալ վիճակագրությանը: Գուցե այդ ժամանակ սակագնի թանկացումը նախաձեռնողների մոտ այլ հիմնավորումներ գտնվեն: