Նոր գտածոներ՝ Քաշաթաղի շրջանում

Գարնանը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի վարչական տարածքում` գյուղից մոտ 200մ հարավ, Հակարի գետի շրջակայքում տեղի են ունեցել սողանքներ, ինչի արդյունքում բացվել է խոշոր տնտեսական կարաս, որի մասին տեղաբնակները տեղեկացրել են պատմական միջավայրի պահպանության Քաշաթաղի շրջանային պետական ծառայությանը:

Տեղեկությունների հիման վրա, Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է կազմակերպել նշված վայրում:

Հնագետ Տ. Ալեքսանյանը, ով կատարել է պեղումները, մեզ հետ զրույցի ժամանակ նշել է, որ տեղանքն իրենից ներկայացնում է հարթ մի տարածք, որը տեղ-տեղ փլուզումների եւ սողանքների ենթարկվելուց հետո գետի մերձակայքում ստացել է ուղիղ կտրած, մոտ 15մ խորությամբ անդունդի տեսք: Նման մի կտրվածքի եզրին էլ բացվել է վերոհիշյալ կարասը: Կարասը բացվել է մոտ 1.5 մ խորությունից, կոտրված է, բայց ամբողջացող: Ունի 1.5 մ բարձրություն եւ 1 մ տրամագիծ, բերանի տրամագիծը` 64 սմ է:

Կարասի ձեւն ու պահպանված զարդագոտիները թույլ են տալիս այն թվագրել XII-XIII դարերով: Նմանատիպ խոշոր կարասներ հայտնի են նաեւ Հայաստանի համաժամանակյա այլ հուշարձաններից եւ նախատեսված են եղել հիմնականում հեղուկ նյութեր պահելու համար: Ասվածի օգտին է խոսում նաեւ անոթի պատերին պահպանված հեղուկի հետքերը /ամենայն հավանականությամբ գինի/:

Պեղումներից եւ տարածքի տեղազննությունից պարզ է դառնում, որ կարասը դրված է եղել ինչ-որ շինության մեջ: Նմանատիպ շինությունների շարվածքներ, գլաքարերով արված պատերի հետքեր տեսանելի են նաեւ այսօր: Սակայն, տարածքի սողանքային գոտի լինելու պատճառով վերջիններիս հնագիտական ուսումնասիրությունը դառնում է առավել վտանգավոր եւ գրեթե անհնարին: Կասկածից վեր է, որ այստեղ եղած կառույցների մի մասը տեղի ունեցած փլուզումների հետեւանքով քանդվել է: Ամենայն հավանակությամբ, դրանք միջնադարյան բնակատեղիի հետքեր են, ուր կյանքը շարունակվել է մինչեւ ուշ միջնադար: Այդ են փաստում նաեւ պեղումներից եւ տարածքի տեղազննությունից գտնված վերգետնյա հնագիտական նյութերը:

gtaco1Բացի վերոնշյալ կարասից, տեղի բնակիչները տեղեկացրել էին նաեւ, որ գյուղի հանդամասերում գտել են քարե կոթողներ, որոնք նրանք տեղափոխել են անվտանգ վայր: Տ. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ նշված կոթողները թվով չորսն են` երեքը ամբողջական, մեկը թերի, իրենցից ներկայացնում են գերեզմանային քարակոթողներ եւ արդեն գոյություն չունեցող գերեզմանոցի քարե վկաներից են:

Թվարկված քարակոթողներն արձանագիր չեն, սակայն դատելով դրանց հարդարանքից եւ հատկապես խոյատապանների առկայությունից, դրանք պետք է վերագրել XVII-XVIII դարերին: Խոյակերտ քարակոթողները լայն տարածում ունեին հենց Սյունիքում, Նախիջեւանում, եւ վերոհիշյալ խոյատապանների առկայությունը այս տարածքում միանգամայն տրամաբանական է եւ սպասելի:

Այսպիսով, նշված ուսումնասիրությունները, որոշակի պատկերացում են տալիս տարածքի միջնադարյան բնակատեղիի մասին՝ ինչ-որ տեղ հարստացնելով տարածաշրջանի մասին մեր պատկերացումները:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս