Չորսի զայրացած 12 պահանջները
Սպասումների շրջանն ավարտվեց: Կառավարության ներկայացրած ծրագրից հայտնի դարձավ, թե մեր իշխանություններն ինչ են մտադիր անել երկրի տնտեսության հետ: Ընդհանուր գծերով, իհարկե: Երեկ էլ հայտնի դարձավ, թե ընդդիմությունն ինչ տնտեսական պատկերացումներ ու ծրագրեր ունի: Կառավարությանն օրենսդրությունն է պարտադրում հրապարակել իր տնտեսական ծրագրերը: Ընդդիմությունն օրենսդրական նման պարտավորություն չունի:
Եվ այն, որ ընդդիմությունը տնտեսական ծրագիր հրապարակեց, ինչ-որ իմաստով աննախադեպ էր: Ընդդիմադիր քաղաքական ուժերը միայն նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շեմին են բնակչությանը երջանկացնում իրենց տնտեսական ծրագրերով: Եվ, որպես կանոն, դրանք պահին հարմար պոպուլիստական խոստումներ են. «Ընտրեք մեզ, տեր կանգնեք մեզ տված ձեր քվեին, և մենք կկառուցենք Հայաստան երկիր դրախտավայրը»:
Բայց հասարակությունը երբեք` նույնիսկ ընդդիմությանը քվեարկելուց հետո, չի կարողանում տեր կանգնել իր ձայներին: Ուստի ոչինչ չի փոխվում: Չի փոխվում արդեն համարյա երկար ու ձիգ երկու տասնամյակ: «Հայաստան, երկիր դրախտավայրն» էլ չի կառուցվում: Բայց հիմա ինչ-որ բան փոխվել է: Առայժմ հայտնի չէ, թե ինչ: Քաղաքական փորձագետները դեռ չեն էլ հասցրել ներկայացնել իրենց վերլուծությունները: Բայց ընդդիմությունը տնտեսական ծրագիր է ներկայացրել: Բայց այն դասական ծրագիր չէ: Այն, ինչպես վայել է ընդդիմադիր ուժերին ներկայացրած փաստաթղթին` պահանջագիր է:
Այսինքն` ոչ թե ծրագիր է, որ կիրականացնի խորհրդարանական քառյակը, այլ պահանջներ, որ պիտի իրագործի գործող իշխանությունը: Քաղաքականության մեջ երևի նման այլաբանություններն ընդունելի են: Երևի «Քաղաքականություն» կոչվող խաղի կանոններով` խորհրդարանական ընդդիմադիրները շուտով իրենց 12 կետանոց պահանջագրին ուլտիմատումի տեսք կտան: Բայց դա քաղաքական խաղի տարր է: Վերադառնանք տնտեսությանը: 12 կետից 9-ն իրենց բնույթով տնտեսական են:
Առաջին կետը, բնականաբար, վերաբերում է պարտադիր կուտակայինին: Շատերն են համոզված. որ այս խնդրի լուծումը գտնելու համար մի ամբողջ կառավարություն զոհաբերեցինք: Ընդ որում, կուտակայինի հեղինակ կառավարությունը: «Դ!եմ եմ» շարժումն իր մասշտաբով ու հասարակական էներգետիկայով ահռելի ուժ է: Հասարակական դրական ընկալում ունեցող ուժ:
Հետևաբար` այս շարժմանն առայժմ նույնիսկ իշխանություններն են սիրաշահում: Ուր մնաց, որ ընդդիմությունը չփորձի իրենով անել այն: Հիմա հասարակական զանգվածային դժգոհությունն օր օրի խթանող երևույթ է դարձել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի համակարգը: Ուստի դրա դեմ երկրորդ կետով ընդդիմությունը փորձում է իրենով անել վարորդների լայնամասշտաբ բողոքը: Երրորդ կետով պահանջվում է առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը:
Այսինքն` մանր ու միջին բիզնեսի աջակցությունն էլ չի խանգարի: Եթե, իհարկե, իշխանությունները շարունակեն բացարձակապես ինքնանպատակ դարձող պետբյուջեի համար շարունակել մանր ու միջին գործարարության հարկային «մորթը»: Իշխանություններից դժգոհող հաջորդ մեծ զանգվածը գյուղացիներն են: Ուստի քառյակը չորրորդ կետով պահանջում է կրկնապատկել այս ոլորտի սուբսիդավորումը: Իսկ այն, որ նախկինում ու հիմա էլ այդ սուբսիդավորումից օգտվում են ոլորտի միայն խոշոր ու, բնականաբար, իշխանամերձ սեփականատերերը, ոչ մեկին չի հետաքրքրում: Ուստի, կարծում եմ, որ հենց այս կետում իշխանություններն ու ընդդիմությունը լեզու կգտնեն:
Հինգերորդ կետով իշխանություններից պահանջվում է գյուղվարկերն արտարժույթից վերածել դրամայինի: Հիմա` դրամի արժևորման ֆոնին, սա հակառակ արդյունք կապահովի գյուղացիների համար: Բայց նման մանրուքները հավանաբար ուշադրության արժանի չեն: Հատկապես, որ հաջորդ կետով պահանջվում է վերագործարկել «Նաիրիտը»: Նույն այն «Նաիրիտը», որ «եղեռն» էր հայտարարված 1988-ից:
«Նաիրիտի» քսանամյա եղեռնագործությունից հետո հիմա կառավարությունն էլ է հայտարարել, որ փորձելու է հասկանալ, թե ինչ է կատարվել արդյունաբերական այս հսկայի հետ: Հիմա երևի պատեհ պահ է, որ ընդդիմություն ու իշխանություն ձեռք ձեռքի տված` ձևացնեն, թե զբաղվում են այս խնդրով: Յոթերորդ կետով պահանջվում է բացառել «Որոտան ՀԷԿ-ի» մասնավորեցումը: Բայց այս կետը միանշանակ տնտեսական գնահատելը սխալ կլինի:
ՀԷԿ-ը կարծես ամերիկյան ընկերություն է ուզում գնել: Եվրասիական միությանն անդամագրվելու անզուսպ ձգտման ֆոնին հնարավոր է, որ սա քաղաքական պահանջ է: Ուստի քաղաքագետների վերլուծությունն այս խնդրի շուրջ ավելի տեղին կլինի: Ութերորդ կետով պահանջվում է բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: Անցած ամռանը մայրաքաղաքում սկսված զանգվածային շարժումն առայժմ բացառել է դա: Բայց մեր ընդդիմությունը չի էլ նկատել, որ մարզերում նման շարժումները տեղական ֆեոդալներն օրորոցում խեղդեցին: Ուստի մարզերում այն «բացառված չէ»: Ավելին` սակագներն աճել-պրծել են:
Պահանջագրի իններորդ` տնտեսական վերջին կետը` «ընդունել մենաշնորհների վերացնելու օրենսդրական փաթեթ», ամենաընդհանուրն է: Հետևաբար` ամենավերացականը: Երբ իրավաբանները Նապոլեոնին հարցրեցին` ինչպիսի՞ սահմանադրություն գրել, «Կարճ և անհասկանալի»` եղավ կայսեր պատասխանը: Կարճի առումով պահանջագիրը կարծես ստացվել է: Ափսոս, որ այն անհասկանալի չէ: