Բաժիններ՝

Գագիկ Մակարյան. «Այս կառավարությունը համարձակորեն դրեց շրջանառության հարկի խնդիրը և լուծեց»

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում հայտարարվել է, որ նախատեսվում է հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի: Թե որքանո՞վ է սա իրատեսական, և ի՞նչ հետևանքներ այն կունենա պետության վրա, 168.am-ը խոսեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ փոքր բիզնեսի շրջանակում հենց առևտրով զբաղվողների համար այս հարցը քննարկվում էր. «Դեռ նախորդ կառավարությունում տարբերակներ եղան, որ անհրաժեշտություն կա այդ շրջանառության հարկի տոկոսադրույքն իջեցնել: Այնտեղ տարբեր մոդելներ էին քննարկվում: Հետո, նախորդ կառավարությունը հայտարարեց, որ փաթեթային լուծում է ուզում տալ խնդրին, դրա համար հարցը վերջնական օրակարգից հանվեց, բայց ուրախ եմ, որ այս կառավարությունը համարձակորեն արդեն դրեց խնդիրը և լուծեց»:
Տնտեսագետն ասաց, որ նախորդ տարիներին, երբ շրջանառության հարկը մտավ, հատկապես առևտրի ոլորտի ընկերությունները, փոքր կազմակերպությունները շատ տուժեցին, և հազարավորները փակվեցին. «Պաշտոնական թվերով ասում էին, որ փակված ընկերությունների թիվը 3-3.5 հազար է, բայց, իրականում, այդ թիվն, իմ կարծիքով, մինչև 10 հազարի հասնում էր»:

Ըստ Գ. Մակարյանի` այս տարածքը շատ կրիտիկական է, որովհետև շատ մարդկանց, տարբեր ձեռնարկատերերի եկամուտը գտնվում է առևտրի մեջ, հետևաբար՝ նրանց համար շատ անհրաժեշտ է այս խնդրի լուծումը. «Հիմա այդ փոփոխությունը նրանց հնարավորություն կտա, որ նրանք ավելի փոքր հարկեր մուծեն և եկամուտը պահեն»:
Հարցին, թե որքանո՞վ է այս փոփոխությունն իրատեսական, Գ. Մակարյանը պատասխանեց. «Այստեղ մի քիչ փաստաթղթավորման հարց կա, պետք է մի քիչ ավելի զգույշ լինել, որովհետև իրենք, հնարավոր է, այդ խոշոր բիզնեսների հետ որոշակի խնդիրներ ունենան: Ասենք՝ մատակարար ընկերություններ կան, հատկապես խոշոր բիզնեսի, որ իրենք փաստաթղթեր չեն տրամադրում: Այստեղ իրատեսականության առումով մի քիչ խնդիր կա, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կարելի է պայքարելով գնալ, և իրենք էլ պետք է ուզեն: Մյուս խնդիրն այն է, որ ուսումնասիրությունների մուտք է բացվում, որը ես փոքր-ինչ ռիսկային եմ համարում:  Այդ ստուգումները մի քիչ ռիսկային են` անկողմնակալ կլինե՞ն, թե՞ ոչ»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս այն կանդրադառնա պետության ֆինանսական վիճակի վրա, եթե հարկերն իջեցվեն, տնտեսագետը պատասխանեց. «Դրանք չնչին են, ընդամենը մի քանի հարյուր դոլարի մասին է խոսքը, և քանի որ հիմա կառավարությունն ուզում է խոշոր բիզնեսից հավաքի և խոշոր բիզնեսն ավելի թափանցիկ աշխատի, ստացվում է, որ այդ գումարները նա կարող է հավաքել: Ազդեցությունն, ընդհակառակը, դրական կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս