Մարքսիստ Դավիթ Հակոբյանն առաջարկում է Արցախը միացնել Ռուսաստանին` հանրապետության կարգավիճակով
Ազգային արժանապատվությունը պահանջում է կանգնեցնել եվրասիական կառույցին Հայաստանի անդամակցության գործընթացը: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Սա, քաղաքական գործչի խոսքերով, անհրաժեշտություն է` ազգային արժանապատվությունը Աստանայում նվաստացնելուց հետո:
Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ռեպլիկը, որն ուղղված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և այդպես էլ անպատասխան մնաց, Դ. հակոբյանը նմանեցրեց Քիփլինգի հայտնի ստեղծագործության հերոսներից մեկի` Շերխանի խոսքին` «Закон джунгли гласит – каждый отвечает за себя»: Այսինքն` Նազարբաևն ասել է` Ղարաբաղը իր համար է պատասխանում, Հայաստանի Հանրապետությունը` իր:
«Այն, ինչ ես 10 տարի շարունակ զգուշացնում էի, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ոչ միայն բարոյական իրավունք չունի բանակցելու Արցախի հայկական հանրապետության փոխարեն, այլ միջազգային իրավունքի առումով չունի պաշտոնական մանդատ այդ բանակցությունները վարելու համար: Արցախի Ազգային ժողովը նրան այդ իրավունքները չի վերագրել: Եվ սա միայն այսօր չէ, սա Ռոբին Հուդի և Օսկանյան Վարդանի քաղաքականությունն է»,- ասում է Դավիթ Հակոբյանը:
«Եթե ես լինեի Աստանայում Հանրապետության նախագահի տեղը,- նշում է մարքսիստը,- կպատասխանեի Ստալինի կոտրատված վրացական առոգանությամբ. «Սուլթան Նազարբաև, իսկ պարոն Պորոշենկոն քեզ նամակ չի՞ գրել»:
Ըստ Դավիթ Հակոբյանի, երկրորդը` Սերժ Սարգսյանը կարող էր պատասխանել, որ Եվրասիական միություն մտնելու հարցը որոշում է հայ ժողովուրդը, իսկ մենք դեռևս հանրաքվե չենք անցկացրել: Մարքսիստը շեշտը դնում է հենց այս հարցի վրա` Հայաստանում պետք է անցկացնել հանրաքվե, որպեսզի քաղաքացիներն ի վերջո որոշեն` գնում են դեպի Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն:
Այս համատեքստում նա շեշտեց` Հայաստանի Ազգային ժողովը պետք է չեղյալ հայտարարի Հայաստանը մասնատող 1921 թ. երեք անեքսիոն պայմանագրերը` Մոսկվայի պայմանագիրը, Կովկասի բյուրոյի որոշումը և Կարսի պայմանագիրը, որոնցով Նախիջևանը և Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին, իսկ Կարսի մարզը` Թուրքիային:
Դավիթ Հակոբյանի կարծիքով` Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը նույն սցենարն ունեն, և Հայաստանի իշխանությունները նույն ձևով պետք է նախաձեռնեին Արցախի միացումը Հայաստանին: Իսկ Հայաստանին, ըստ նրա, այսօր անհրաժեշտ է համաժողովրդական շարժում` իշխանություններից ազատվելու համար, և երկրորդը` խաղաղություն ամեն գնով: Այդ խաղաղությունը, որքան էլ տարօրինակ է, նա պատկերացնում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելով.
«Ուրեմն, առաջին կետով Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի երեք անեքսիոն պայմանագրերը, երկրորդ կետով սեպարատ ձևով դուրս գա բանակցային գործընթացից` իր տեղը զիջելով գլխավոր բանակցող, ազգային-ազատագրական պայքարի միջոցով ինքնորոշվող կողմ Արցախի հայկական հանրապետությանը: Երրորդ կետով Արցախի Ազգային ժողովը որոշում է հանրաքվե իրականացնել, թե ինքնորոշման որ կարգվիճակով է ուզում հանդես գալ Արցախը և նրա ժողովուրդը: Ինքնորոշման չորս տարբերակ կա: Առաջին կետը, մեծարգո Ացախի հայկական հանրապետության ժողովուրդ, ուզո՞ւմ եք միանալ Հայաստանի Հանրապետությանը` որպես մարզ, երկրորդը` ուզո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության հետ դաշնային հանրապետություն ստեղծել, երրորդը` ուզո՞ւմ եք ձեզ հռչակել միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, չորրորդը` ուզո՞ւմ եք մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ` որպես նրա ներքին քաղաքական սուբյեկտ` հանրապետության կարգավիճակով, որպես Գյուլիստանի պայմանագրի շարունակություն:
Այս չորս կետերի շուրջ պետք է գնա ընդհանուր հանրաքվեի հարցը: Այսպիսով, դիվանագիտությունը մտել է փակուղի, և մեր իշխանությունները պետք է «փիքր» անեն, որ Օսկանյան Վարդանի և Ռոբին Հուդի 10 տարվա ճամարտակությունները` «քոմփլիմենթար» քաղաքականության մասին, ձախողվել են, և Եվրոպան վաղուց է հուշում` «կամ-կամ», և ոչ թե «և´-և´»: Հիշեցնում եմ Աստանայից անմիջապես հետո Լավրովի փորձագետների եզրակացությունը`«Հայաստանն անհուսալի գործընկեր է»»: