Հայաստանի դպրոցներում կարգապահությունը բարձր մակարդակի վրա չէ. Սիրիահայ արվեստագետ
Սիրիահայ նկարիչ, դիզայներ Արտո Համբարձումյանը սիրիական պատերազմի երկու տարին անցկացրել է Հալեպում: Այսօր Արտոն դիզայներական գրասենյակ է հիմնել Դուբայում, իսկ նրա երկու երեխաները կնոջ հետ գտնվում են Հայաստանում: Արտոն հաճախ է այցելում ընտանիքին: Համբարձումյանների ընտանիքի պես շատ են այն սիրիահայ ընտանիքները, որոնց մի մասը Հայաստանում է, մի մասը, աշխատելու նպատակով, դրսում: Մինչ Սիրիայի պատերազմն Արտո Համբարձումյանն ակտիվ ստեղծագործական կյանքի մեջ էր՝ մի խումբ հալեպահայ արվեստագետների հետ հիմնած «Վեցյակ» ստեղծագործական խմբով մասնակցում էր ցուցահանդեսների՝ տարբեր երկրներում, այդ թվում` և Հայաստանում, ուներ նոր ծրագրեր, նոր մտահղացումներգ «168 Ժամը» Երևանում հանդիպեց Արտո Համբարձումյանին:
– Արտո, մինչև պատերազմը Սիրիայում հնարավո՞ր էր ստեղծագործական աշխատանքով վաստակել և նորմալ կյանք վարել:
– Մի քիչ դժվար է ոչ միայն Սիրիայում, այլև Միջին Արևելքում ապրել միայն ստեղծագործելով: Եվրոպայում՝ գուցե: Դրա համար ես դիզայներական ստուդիա էի հիմնել Հալեպում, որը հայտնի էր, և ուր տարբեր տեսակի դիզայներական նորագույն աշխատանքներ էի կատարում: Մինչև պատերազմը ես հիմնել էի նաև տպագրատուն, որն առնչվում էր դիզայնին: Տպագրատունը զինել էինք նորագույն սարքերով, ժամանակակից տեխնիկայով և գործիքներով, պատրաստվում էինք արդեն սկսել աշխատանքը, ամեն ինչ մոխրի վերածվեց…
– Իսկ այդ կորուստներն ի՞նչ ազդեցություն են ունենում առհասարակ:
– Իհարկե, նյութական կորուստների կողքին ամենասարսափելին մարդկային կորուստներն են, երբ աչքիդ առջև զոհվում են ընկերներ, երեխաներգ Մի կողմից` կորստի զգացողությունը կա, մի կողմից էլ` այդ ամեն ինչը ստիպում է այլ կերպ նայել կյանքին: Ես սիրիական պատերազմի առաջին օրից ամեն ինչ թողեցի և սկսեցի վավերագրությամբ զբաղվել. ամեն մի լուսանկարն ու ամեն մի կադրն այնպես էի անում, որ պատերազմի դեմքը հնարավորինս պարզ երևա, որպեսզի այդ վավերագրությունը պատերազմից հեռու գտնվող մարդկանց մտածելու տեղիք տա: Աշնանը Երևանում բացվելու է պատերազմի դաշտից արված իմ լուսանկարների ցուցահանդեսը: Նպատակ կա նաև այլ երկրներում ցուցադրել, գրքույկների տեսքով տարածել… Այսօր աշխարհը պետք է տեսնի պատերազմի իրական դեմքը և ոտքի կանգնի: Ի դեպ, այդ կորուստներն էլ, պատերազմի ամենօրյա շունչը զգալն էլ մարդուն ուժեղացնում են: Այսօր ես ինձ որոշ հարցերում ավելի ուժեղ, ավելի կոփված եմ զգում…
– Ճի՞շտ է, որ սիրիահայերը պատրաստ չէին պատերազմին և իրենց շատ ապահով էին զգում երկրում:
– Այո, մեր մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ Սիրիայում պատերազմ կարող էր ծագել: Երկիրն ապահով էր: Արաբական երկրներում տասնամյակներ շարունակ անկայունություն էր տիրում, իսկ Սիրիան կայուն էր, իսկ վերջին շրջանում սկսված «արաբական գարունը» պարզապես հեռավոր մի բան էր թվում Սիրիայի համար, սիրիացիները, այդ թվում այնտեղ գտնվող բազմահազար հայեր, աշխատում էին, վաստակում էին, լավ էին զգում… Մենք հավատում էինք մեր երիտասարդ նախագահին, որ երկրում ահագին բարեփոխումներ արեց, և դեռ ավելին էինք սպասում, բայց, փաստորեն, այդ փոփոխություններն ու երկրի զարգացումը ոմանց սրտով չէին…
– Զարմանալի է՝ երկիրը քանդվեց, սիրիահայերը նույնպես բազմաթիվ զոհեր ունեցան, կորցրին իրենց ունեցվածքը, բայց շարունակում են հավատալ իրենց երկրին ու նախագահին…
– Այո, այդպես է: Այս պատերազմը ցույց տվեց, որ սիրիահայերը կառչած են իրենց հողին: Սիրիահայերի մոտ ընդունված է «սիրիական հայրենիք» արտահայտությունը, և դա պատահական խոսք չէ. բազմաթիվ սիրիահայեր Սիրիան համարում են իրենց հայրենիքը: Նույնիսկ այս վերջին ծանր դեպքերից հետո դեռ մնացողներ կան այնտեղ… Ավելին, պատերազմի օրերին հայկական կառույցները ոչ մի օր չեն դադարել գործելուց:
Ինքս Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության ատենապետն էի, և առաջին օրվանից մենք հայկական կազմակերպությունների և թեմի առաջնորդի հետ քննարկեցինք այս հարցը՝ որոշելով, որ դպրոցները, եկեղեցիները, պարախմբերը, երգչախմբերը, թատրոնները, մարզական կառույցները, հակառակ ամեն ինչի, պետք է գործեն:
Սիրիայում տասնամյակներով հիմնված հսկայական մշակութային ժառանգություն կա, և սխալ կլիներ միանգամից դադարեցնել գործունեությունը: Դա առանց այն էլ վատ վիճակի մեջ գտնվող մարդկանց հուսահատության կմղեր: Շատերը գտնում էին, որ վտանգավոր է նման պայմաններում գործել, մարդկանց, երեխաներին տնից հանել, բայց մենք որոշեցինք, որ՝ ո՛չ, այդ ձևով պետք է պահել համայնքի ոգին: Ի վերջո, երբեք չես իմանա, թե վտանգը երբ կգա, երբ տանը, իբր թե ապահով նստա՞ծ ես, թե՞ երբ դուրս ես գալիս ու գնում համերգի կամ դպրոց: Գիտեինք, որ պատերազմական վիճակը երկար է պահպանվելու, և սխալ էր մարդկանց սպասումների մեջ պահել:
– Հիմա ովքե՞ր են մնում Սիրիայում:
– Շատ են մնացողները: Կան մարդիկ, որ գիտակցաբար են մնում, կան մարդիկ, որ ի վիճակի չեն դուրս գալու, կամ էլ մտածում են, որ դուրս գալով` ավելի վատ պայմաններում կարող են հայտնվել: Բոլորս էլ հարազատներ ունենք այնտեղ, իմ եղբայրն, օրինակ, ընտանիքով այնտեղ է:
– Դուրս եկածներին այստեղ Հայաստանում հանդիպում եք, ի՞նչ տրամադրություն ունեն, ինչպե՞ս եք տեսնում նրանց:
– Տարբեր են տրամադրությունները: Շատերը սպասողական վիճակում են, սպասում են` վերջանա պատերազմը և ետ վերադառնան, մի մասը վերադարձել է: Մի ամիս առաջ, երբ վիճակն ավելի լավ էր, ճանապարհը բաց էր, գնացին, բայց հիմա էլ վերջին դեպքերը եղան… Իսկ վերադարձան, քանի որ այստեղ անելիք չունեին, աշխատանք չունեին… Իսկ երբ որ աշխատանք չկա, և ամենօրյա ծախսեր կան, նախընտրեցին գնալ, այնտեղ իրենց տներում լինել, քան այստեղ առանց աշխատանքի ապրել և վարձ տալ… Հակառակ ամեն ինչի, որոշ մարդիկ այնտեղ հիմա այդ վատ վիճակի մեջ ավելի ապահով են զգում, քան դրսում, առանց աշխատանքի և տան վարձավճարի հոգսով մտահոգված:
– Այսօր ի՞նչ ակնկալիքներ ունեն սիրիահայերը և ումի՞ց:
– Առհասարակ սիրիահայը միշտ համահայկական բոլոր հարցերում իր օգնությունն է ցույց տվել՝ դրամահավաքների տելետոների, հանգանակություններին միշտ մասնակցել է, և այսօր դժվար է պատկերացնել, որ ինքը՝ սիրիահայը, նման օգնության կարիք ունի, բայց ցույց չի տալիս, չի ուզում` այդ օգնության պահը ողորմություն ընկալվի, բայց մյուս կողմից` էլ կա այդ կարիքը, նայած ինչ ձևով են մոտենում հարցին:
Ինքս անձամբ դեմ եմ խղճահարությանը և չեմ ուզում Հայաստանում կամ որևէ այլ տեղ սիրիահային այդ աչքով նայեն: Չեմ ուզում Հայաստանում մտածեն, որ սիրիահայերը եկել են իրենց աշխատատեղերը զբաղեցնելու, իրենց գործը վերցնելու, և այդ առումով լարվածություն առաջանա…
– Բայց կարծեմ Հայաստանում չկա նման մտայնություն…
– Հայաստանում գուցե այդքան չէ, բայց Լիբանանում, որտեղ նույնպես շատ սիրիացիներ կան, ուժեղ է այդ մտայնությունը, մանավանդ, որ Լիբանանում ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ արաբներ և Սիրիայում ապրող այլ ազգեր են հանգրվանել: Ես կարծում եմ, որ բոլոր տեղերում պետք է մտածեն, որ սիրիացին ժամանակավոր ու ստիպողաբար է դուրս եկել իր երկրից, մի քանի տարի հետո նա իսկապես վերադառնալու է: Այլ հարց է, որ տասնամյակներ են պետք, մինչև երկիրը ոտքի կանգնի: Իսկ այսօր իսկապես անորոշ վիճակ է. կամ վիճակն ավելի կսրվի, կամ էլ, ի վերջո, սեղանի շուրջ կհավաքվեն և լուծում կգտնեն:
– Ձեր երեխաներն ինչպե՞ս են զգում Հայաստանում:
– Կարելի է ասել՝ հարմարվել են, բայց, իհարկե, համակարգերի մեծ տարբերություն կա այստեղի և Սիրիայի միջև, մանավանդ՝ կրթական ասպարեզում: Այնտեղ դպրոցներում խստությունը, պահանջկոտությունն ավելի է: Իսկ այստեղ, չնայած իրենք լավագույն համարվող դպրոցներից մեկն են գնում, որը Երևանի կենտրոնում է գտնվում, բայց նույն պայմանները չեն, ինչ որ իրենց սովորած դպրոցում էր: Այստեղ որոշ հարցեր ազատ են թողնված, կարգապահությունը բարձր մակարդակի վրա չէ: Թվում է, թե երեխաները լավ պիտի զգային այդպիսի ազատ պայմաններում, բայց առաջինն իրենք են լարվում, քանի որ սովոր չեն…
Մենք շատ ենք զարմանում բջջային հեռախոսներով դպրոց գնալու վրա, զարմանում ենք դասի ժամանակ ուտելու վրա, հանկարծակի, առանց նախօրոք հայտարարելու, գրավոր տալու ուսուցչի պահանջների վրա… Ընդ որում, այս հարցը Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայերին է հուզում: Բացի այն, որ լեզուները տարբեր են, նաև համակարգը չի օգնում՝ վարժվելու Հայաստանի դպրոցներին:
– Արտո, Ձեր երեխաները Հայաստանում են, ասում եք՝ հարմարվում են, Դուք էլ գործ եք հիմնել Դուբայում, աշխատում եք, հաճախ եք այցելում իրենց, հետաքրքիր է՝ պատերազմը որ ավարտվի, ի՞նչ որոշում եք կայացնելու:
– Չգիտեմ՝ ով ինչ որոշում է կայացնելու, բայց մենք վերադառնալու ենք Սիրիա…