Ականը նետում ես թշնամու տարածք, սակայն պայթում է քո տարածքում
(Հին իմաստնություն)
Երբ ծնվեց որդիս, առողջական լուրջ խնդիրներ ուներ, և մենք շատ երկար ժամանակ հաճախում էինք Նորագյուղի վերականգնողական կենտրոն: Դա 13 տարի առաջ էր: Վերականգնողական կենտրոն տանում են այն երեխաներին, որոնք հենաշարժողական և այլ բարդ խնդիրներ ունեն:
Մեզ հետ նույն բժշկի մոտ նշանակում ուներ մի կին, որի երեխայի ձեռքը ծնվելիս բժիշկները ձգել էին, և, կարճ ասած, ձախ ձեռքը չէր աշխատում:
Վերականգնողական կենտրոնում մասնագետները կնոջը հանգստացրեցին, թե այդ խնդիրը լուծվում է. բավական է մեկ տարվա հետևողական աշխատանք, և ձեռքը 100 տոկոսով կապաքինվի: Մայրերը, որոնց երեխաների ապաքինման հույսը զրոյական էր, ջանք չէին խնայում` ամեն օր, ամեն ժամ զբաղվել, մարզել իրենց երեխաներին: Այդ կինն իր փոքրիկին պարապմունքների չէր բերում: Բժիշկներն ապշած էին՝ սա ի՜նչ մայր է:
Մի օր պատահաբար Փակ շուկայում հանդիպեցի այդ կնոջը: Այնքան սրտացավորեն, անհանգստացած հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս է որդիս, ինչպե՞ս են մյուս երեխաները: Հարցրեցի, թե ինչու ի՛ր երեխային չի բերում բուժումների: Պատասխանը հիշում եմ բառացիորեն. «Եթե բուժվի, տղա երեխա է, բանակ են տանելու, իսկ էսպես ձախ ձեռքն է, ոչինչ, թող չաշխատի, բայց հո բանակից կազատվի»:
Մայրերի սերն իրենց զավակների հանդեպ իռացիոնալ ոլորտից է, և այս դեպքում դատավորի դեր ստանձնելը՝ սթա՞փ էր այդ կնոջ որոշումը, թե՞ ոչ, խելամիտ չէ:
Սակայն խաղաղ պայմաններում, դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակոցներից զոհված տղաների մահը որևէ կերպ հիմնավորել հնարավոր չէ: Բայց հիմնավորում ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմում են, զոհերն անխուսափելի են, զոհեր կան երկու կողմից էլ, մեր մի զինվորի մահվան համար ադրբեջանական կողմը վճարում է ադրբեջանցի երկու կամ երեք զինվորով…
Իսկ ո՞վ ասաց, որ մյուս կողմի զոհերը մայրեր չունեն, կամ նրանք էլ առաջին գծում չեն, որովհետև բանակից կաշառքով ազատվելու հնարավորություն չեն ունեցել: Կամ, ինչպես շատ հայ տղամարդիկ, գործազուրկ են, ունեն ընտանիք կերակրելու խնդիր և ստիպված են աշխատավարձ ունենալու համար գնալ մեծ ռիսկի՝ դառնալ պայմանագրային զինծառայող: Ի դեպ, առաջին գծում ծառայողների աշխատավարձը մոտավորապես 200 000 դրամ է, պայմանագրային շարքայինների աշխատավարձը՝ մոտ 100 000 դրամ:
Այս պահին պատերազմ չկա, իսկ երկու օր առաջ Երասխի զորամասում ծառայող երկու տղաների կորցրեցինք՝ 1988 թ. ծնված Անդրանիկ Եղոյանին և 1992թ. ծնված Բորիս Գասպարյանին:
Չի բացառվում կամ շատ հավանական է, որ հայկական կողմը համարժեք պատասխան տա, և հակառակ կողմից զոհերն ավելի շատ լինեն: Սակայն բանական մարդիկ հասկանում են՝ օրը մեկ, երկու կամ ավելի զոհ տալը մեր սահմանին կամ Ադրբեջանի սահմանին, երբեք չի կարող վճռել պատերազմի ելքը: Ոչ էլ ընթացքը: Չի կարող վճռել բացարձակ ոչինչ: Այդ դեպքում ինչո՞ւ են այս տղաները զոհվում:
Հայաստանում ասում են. «Յուրաքանչյուր զոհված հայ զինվորի դիմաց հակառակորդը ստիպված է լինելու հատուցել առնվազն երեք ասկյարի կյանքով»: Ադրբեջանական աղբյուրներում նույն հռետորաբանությունն է. «Յուրաքանչյուր զոհված զինվորի փոխարեն հակառակորդը ստիպված է լինելու հատուցել առնվազն երեք գյավուրի կյանքով»:
Եթե պատերազմ չկա, ցանկացած մահ արդարացված չէ: Անգամ հակառակորդինը: Ինչո՞ւ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ մարդ սպանել: Ո՞ր տրամաբանությամբ պիտի զուգարանից դուրս եկած տղան գլխին դիպուկահարի գնդակ ստանա:
Հայկական կողմի պնդմամբ՝ սահմանային լարվածության հեղինակն ադրբեջանական կողմն է: Հայկական կողմն արձագանքում է, երբ չարձագանքել հնարավոր չէ, կամ ստիպված ենք հակահարված տալ: Ադրբեջանական կողմը գրում է նույնը՝ մեր մասին: Հասկանալի է, որ մենք հակված ենք հավատալ ՀՀ ՊՆ հայտարարություններին: Ադրբեջանում մարդիկ հակված են հավատալ իրենց ՊՆ-ի հաղորդագրություններին: Այս բառակույտերի ետևում, սակայն, երկու կողմից զոհվող երիտասարդներն են:
Նախօրեին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ»:
Եթե չեմ սխալվում, ԵԱՀԿ ներկայացուցիչները տարածաշրջանում լինում են ավելի հաճախ, քան, թերևս, իրենց սեփական տանը, սակայն որևէ միջնորդություն մինչ օրս չի նպաստել հրադադարի պահպանմանը: Եվ չի էլ կարող նպաստել, քանի որ դիտորդների առաքելության բանալին հենց «դիտորդ» բառում է: Դիտել, և ոչ ավելին:
Իրենց զինվորների կյանքի համար սրտացավ ղեկավարնե՛րը միայն կարող են բանակցել և արդյունքի հասնել: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մասին է: Երկու երկրում էլ կոռուպցիան, հատկապես բանակում, ծաղկում է: Երկու երկրում էլ բանակում, գոնե առաջին գծում, որպես կանոն, չեն ծառայում քաղաքական, տնտեսական էլիտայի զավակները: Երկու երկրում էլ բանակում, որպես կանոն, ծառայում են նրանք, ովքեր ազատվելու հնարավորություն չունեն կամ այնքան պարկեշտ տղաներ են, որ անհարմար են զգում ազատվել ծառայությունից:
Եթե երկու երկրների Զինված ուժերի գերագույն հրամանատարներին, պաշտպանության նախարարների մակարդակով, հրահանգվի չկրակել, սահմանին կողմերից և ոչ մեկը մյուսին չի սադրի:
Իսկ քանի դեռ մարդու, այս դեպքում՝ զինվորի կյանքն իրականում գրոշի արժեք չունի, քանի դեռ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, մայրերը կշարունակեն իրենց զավակների առողջական խնդիրները համարել Աստծուց շնորհ՝ բանակից ազատվելու համար: