Բաժիններ՝

Այս միտումներով մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի 100 000 աղջիկ

Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով Հայաստանում տարեկան 1500 աղջիկ չի ծնվում: ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած օրինագիծը, որով մինչև 30 շաբաթական դառնալն արգելվելու է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը, անկախ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, խնդիր ունի հասարակության միջից հանել «տղայակենտրոն» մոտեցումը:

«Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն ավելի շատ սոցիալական խնդիր է, քան առողջապահական, պտղի սեռը չհայտնելու մասին օրենքի նախագիծը նախևառաջ ուղերձ է հասարակությանը և գալու է սատար կանգնելու այն կանանց, ովքեր ստիպված են լինում արհեստական ընդհատման դիմել՝ ընտանիքի անդամների ճնշմամբ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը: Օրինագիծն առաջարկում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:

«Երրորդ երեխայի դեպքում՝ 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 160 տղա, ինչը կատաստրոֆիկ թիվ է», – նշեց Կարինե Սարիբեկյանն` ավելացնելով, որ հայերը դեռ առաջնորդվում են «տան ծուխը չմարելու հոգեբանությամբ», երբ տղա երեխա ունենալը համարում են պարտադիր պայման: Ըստ բանախոսի` այս միտումներով մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի 100 հազար աղջիկ:

Անդրադառնալով միջազգային փորձին՝տիկին Սարիբեկյանը նշեց. «Հարավային Կորեայում արգելքը ենթադրում է քրեական պատասխանատվություն ինչպես բժշկի, այնպես էլ արհեստական ընդհատման դիմող կնոջ նկատմամբ, սակայն մեզ մոտ լինելու է միայն վարչական պատիժ՝ տուգանքի տեսքով»:

Բանախոսը համեմատեց նախկինում տղա երեխա չունեցող զույգերի հոգեբանությունը ժամանակակից զույգերի հոգեբանության հետ` նշելով, որ նախկինում «կինը ծննդաբերում էր մինչև հաղթական ավարտն, այսինքն` մինչև որդի ունենալն, ինչը բարձրացնում էր երկրի ծնելիության ցուցանիշը»:

«Ապագա մայրերի ու հայրերի շրջանում պետք է արմատավորենք անհանդուրժողականություն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նկատմամբ», – ասում է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը:

Բանախոսն ընդգծեց, որ նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում, և իրենց առաջարկներից մեկն է շեշտը դնել Հայաստանի հասարակությունում առկա կարծրատիպերի վերացման վրա:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետը չի բացառում, որ ծնողները կդիմեն տարատեսակ միջոցների ապագա երեխայի սեռն իմանալու համար, սակայն ըստ բանախոսի` դա կանի տասը զույգից մեկը:

«Ամենահիմնարարը պտղի կյանքի իրավունքն է: 30 շաբաթականից հետո ծնողները կարող են իմանալ երեխայի սեռը և մինչև ծնունդը կունենան 10 շաբաթ երեխայի ծնունդին նախապատրաստվելու համար», – հայտարարեց Կարինե Սարիբեկյանն` ի պատասխան մարդու տեղեկություն ստանալու իրավունքի մասին հնչած հարցին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ, միայն այս օրենքով հնարավոր չի լինի պայքարել սեռով պայմանավորված ընհատումների դեմ, և պետք է մշակել գործողությունների երկարաժամկետ փաթեթ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս